Բանակը ոգի է և ուժ. մանրադրամի չվերածենք
ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԲԱՆԱԿԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԸ ՉՎՃԱՐԵՆ
Քննադատական սուր խոսքեր հնչեցնելու փոխարեն «շինիչ» (ականջդ ձայնի, Լևոն Տեր-Պետրոսյան) մի առաջակ ունենք: Մանր-մունր sms-ների փոխարեն մեր Զինված ուժերին թող վճարումներ կատարեն չեղած հիվանդություններով բանակից մազապուրծ փախած պաշտոնյաների որդիներ: Նրանք այսօր տաքուկ- տաքուկ տեղավորվել են պետական ապարատում, բարձր պաշտոններ են զբաղեցնում, բարձր աշխատավարձ ստանում: Շատ չէ՝ ամեն ամսվա իրենց օրինական աշխատավարձի գոնե 50 տոկոսը թող նվիրաբերեն իրենց անվտանգությունն ապահովող Բանակին: Ասել է թե՝ իրենց փոխարեն սահմանը պահող հայրենյաց պաշտպաններին: Շատ չէ՝ ընդամենը՝ օինական աշխատավարձի 50 տոկոսը՝ թեկուզ որպես մեղքերի քավություն:
Նաև՝ հանուրիս անշահախնդիր սիրո, խանդաղատանքի, մեր ամենաբարի մաղթանքների և, իհարկե, երախտիքի հասցեատերն են մեր զինվորները: Ու հենց այդ սերն է գետեվորում հայ զինվորին: Իսկ հիմա ստացվում է, որ այդ սերը կարելի է կամ պետք է դրամական արժեքի՞ վերածել...
Համենայնդեպս՝ այդպիսի ընկալման առիթ է դարձել ՀՀ պաշտպանության նախարարի վերջին առաջարկը: Հանրային տրասնպորտում այսօր ակամա ականջալուր եղա ուղևորների զայրացած քննարկումներին:
- Հերիք չէ՝ մատաղացու գառների պես մեր երեխեքին ենք ուղարկում թշնամու բերան, ամեն ամիս նրանց ծանրոցներ ենք ուղարկում, ամեն մեկս 1000 դրամ պիտի տանք, հիմա էլ տղիս կենացը պիտի sms-ո՞վ խմեմ,-ասում էր մի կին:
Ոմանք՝ փռթկոցով, ոմանք գլխի լուռ շարժումով հավանություն էին տալիս: Մի տղամարդ էլ պոռթկաց, թե երկրի բյուջեն բա ո՞ւմ համար է, որ պաշտպանության նախարարն անընդհատ մեր դատարկ գրպաններին է նայում…
«Քննարկման» թեման երեկ Զինծառայողների ապահովագրություն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ՀՀ պաշտպանության նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի հնչեցրած առաջարկությունն էր:
Զինծառայողների ապահովագրություն հիմնադրամի կայքի միջոցով հավաքագրվել է 8 մլն 844 հազար դրամ, բանկային փոխանցումների միջոցով` 36 մլն 189 հազար, իսկ կարճ հաղորդագրությունների միջոցով` 252 հազար դրամ: Հենց վերջին թիվը չի բավարարել նախարարին՝ որպես անարդյունավետ աշխատանքի հետևանք: Եվ նա առաջարկել է՝
- Կարծում եմ, պետք է տարբեր միջոցառումների միջոցով բարձրացնել նվիրաբերության այս եղանակի տարածվածությունը: Բանակի համար բաժակ բարձրացնելիս հարկավոր է նաև նշել, որ հնարավոր է հաղորդագրության ուղարկել և նվիրաբերություն կատարել հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում զոհված կամ վիրավորված զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին: Միևնույն ժամանակ, մեր կայքում կարճ հաղորդագրության միջոցով նվիրաբերություններ կատարած անձանց վերաբերյալ տեղեկություններ փնտրելը երկար գործողություն է: Հարկավոր է կայքում այն ավելի երևացող տեղ տեղադրել,- ասել է նախարարը:
Մաղթանքը սրտաբուխ անկեղծ ցանկություն է և այն դրամի վերածել ուղղակի չի կարելի: Ապրիլյան պատերազմը հայելու պես ցույց տվեց հայ հանրության սերն՝ առ բանակ ու պատրաստակամությունը՝ վերջին ունեցածը վասն հայրենյանց զոհաբերելու: Տեղի ունեցածն այնքան հուզիչ էր, որ սահմանում բացահայտված խնդիրներից հետո նույնիսկ իշխանավորները հրապարակավ խոստովանեցին՝ հայրենիքի պաշտպանը ժողովուրդն է:
Քննադատական սուր խոսքեր հնչեցնելու փոխարեն «շինիչ» (ականջդ ձայնի, Լևոն Տեր-Պետրոսյան) մի առաջակ ունենք: Մանր-մունր sms-ների փոխարեն մեր Զինված ուժերին թող վճարումներ կատարեն չեղած հիվանդություններով բանակից մազապուրծ փախած պաշտոնյաների որդիներ: Նրանք այսօր տաքուկ- տաքուկ տեղավորվել են պետական ապարատում, բարձր պաշտոններ են զբաղեցնում, բարձր աշխատավարձ ստանում:
Շատ չէ՝ ամեն ամսվա իրենց օրինական աշխատավարձի գոնե 50 տոկոսը թող նվիրաբերեն իրենց անվտանգությունն ապահովող Բանակին: Ասել է թե՝ իրենց փոխարեն սահմանը պահող հայրենյաց պաշտպաններին:
Շատ չէ՝ ընդամենը՝ օինական աշխատավարձի 50 տոկոսը՝ թեկուզ որպես մեղքերի քավություն:
Այլապես՝ կարճ հաղորդագրությունների արժեքի չափով մանրադրամին ապավինելը, ներողություն, անգամ մուրացկանին կարող է վիրավորել: