«Անալիզները վերցնեմ՝ կասեմ». Փաշինյանը՝ տաքսիստներին
ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐՈՏ
Խորհրդարանի մուտքի մոտ այսօր հավաքվել էին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» անդամներ ու անհատ տաքսու վարորդներ և ԱԺ խմբակցություններից պատասխան էին պահանջելում՝ վարորդների լիցենզավորման համար կուտակված գումարները զրոյացնելու առնչությամբ: Տաքսիստների հիմնական բողոքը լիցենզավորման 12 հազար դրամ վճարն է, որը չմուծած վարորդները տուգանվել են 50 հազարական դրամներով, իսկ ոմանց պարտքի չափը հասել է մինչև 500 հազար դրամի:
Ըստ վարորդների՝ պետությունը պարտավոր էր տեղեկացնել, որ լիցենզավորման վճարի վերաբերյալ իրենց դիմումը մերժվել է, և, որ աշխատելով՝ իրենք պարտքեր են կուտակում: Ավելին, գոնե 2 ամիս հետո իրենք պիտի ծանուցվեին, որ չվճարված պարտքեր ունեն, սակայն ամիսներ շարունակ այդ մասին որևէ ծանուցում չեն ստացել:
- Ես նախարարության աշխատակիցներից հարցրեցի՝ ինչո՞ւ չեք կասեցրել մեր լիցենզիան, եթե 3 ամիս շարունակ չենք վճարել գումարը: Ինձ պատասխանեցին, որ իրենք, տեսնելով, որ վարորդները շարունակում են աշխատել, անիմաստ են համարել լիցենզիայի կասեցումը: Բայց նրանք պարտավոր էին կասեցնել, որպեսզի պարտքերը չհասնեին կես միլիոնական դրամների,- ասաց վարորդներից մեկը:
Տաքսու վարորդների բողոքներին արձագանքեցին «Ելք» ու «Ծառուկյան» դաշինքների պատգամավորները:
Վահե Էնֆիաջյանը վարորդներին հայտնեց, որ բողոքի բովանդակության մասին նամակ ստանալով՝ տեղեկացված են և զբաղված են խնդրով:
«Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս ասաց, որ ստացել է նամակը և խոստացավ խնդիրը կրկին ուսումնասիրելուց հետո նորից հանդիպել տաքսիստների հետ:
Վարորդներից մեկը Փաշինյանին խնդրեց հուշել, թե ինչպես վարվեն.
- Բժիշկը Դուք եք, Դուք կիմանաք, թե ինչ անենք:
Ի պատասխան՝ Փաշինյանը հավաստիացրեց.
- Դե, որ բժիշկը ես եմ, թույլ տվեք անալիզները վերցնեմ, որ հասկանամ ինչ անել: