Հայ գրանտակերը ջուր է լցնում Բաքվի ջրաղացին

ԱՅՆ ՕՐԵՐԻՆ Ո՞ՒՐ ԷՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻՉ» ՀԿ-Ն

Ասում են՝ հակագովազդն էլ  է գովազդ: Բայց Հայաստանում գրանցված և Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնող ՀԿ լոգոտիպը հրապարակում ենք, որպեսզի հանրությունը ճանաչի ադրբեջանական ողբասաց կազմակերպությանը: 
 
Սա՝ իմիջիայլոց: 
 
Ամեն անգամ, երբ հայկական կողմը համարժեք հարված է հասցնում Ադրբեջանին, վերջինս իր «պապաների» միջոցով միջնորդներն է գտնում՝ Հայաստանին հորդորելու, որ խնայի նախահարձակ ստահակներին:
 
Հենց այդպես էլ հորդորեցին 1994-ին հրադադար կնքեն, որով պիտի որ խաղաղություն հաստատվում Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն խաշնարածի հոգեբանությունը չթոթափած մեր հարևանն ու նրա հովանավորները դա համարեցին միակողմանի պարտավորվածություն: Ու առ այսօր Բաքուն անկաշկանդ և գրեթե ամեն օր հրետակոծում է ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սահմաններն ու սահմանամերձ բնակավայրերը՝ ադրբեջանամոլ միջազգայինների լուռ թողտվությամբ: Բայց բավական է, որ համբերահատ Հայկական բանակը համարժեք գործողությունների դիմի՝ այս ու այն կողմից «խաղաղասիրության քարոզիչներ» են հայտնվում: Հիմա արդեն՝ նաև Հայաստանից:
 
Խոսքն այս պարագայում  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի մասին է, որն այսօր կոչ է անել բացառել խաղաղ բնակչության թիրախավորումը.
 
- 2017 թվականի հուլիսի 4-ին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական Ալխանլու գյուղում հայկական զինված ուժերի կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել են տարեց կին և նրա երկու տարեկան թոռը, մեկ այլ կին վիրավորվել է։ Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ հայ-ադրբեջանական շփման գծում զոհվում են քաղաքացիական անձինք՝ թե՛ հայեր և թե՛ ադրբեջանցիներ, այդ թվում տարեց մարդիկ և երեխաներ։ Պետք է վերջ դրվի քաղաքացիական բնակավայրերը թիրախավորելու՝ տարիներ շարունակ կիրառվող հակամարդկային պրակտիկային։ Այստեղ անելիք ունենք բոլորս` իրավապաշտպաններից, միջազգային կազմակերպություններից սկսած` մինչև շարքային զինվորները:
 
Նման լալահառաչ կոչից  բացի՝ ադրբեջանական լրատվամիջոցների վայնասունից խիստ ազդված ՀԿ-ն հորդոր է հղում նաև Արցախի իշխանություններին՝ անաչառ հետաքննություն անցկացնել՝ պարզելու կատարվածի հանգամանքները և հանցակազմի ապացույցների հիման վրա պատժել բոլոր մեղավորներին:
 
ՀԿ ղեկավար Արտակ Կիրակոսյանի հիշողությունը արժե թարմացնել` ոչ վաղ անցյալի ահասարսուռ դրվագներով:
 
Ապրիլյան պատերազմի ժամանակ Բաքվի զինուժը  Թալիշում մանուկ ու տարեց  քաղաքացիներին չէր խնայել, կտրել էր նրանց ականջները, գլխատել զինվոր Քյարամ Սլոյանին, հանել մեկ այլ զինվորի աչքը: Մի խումբ հայ փաստաբաններ վերջերս  հրապարակել էին իրենց ուսումնասիրությունը ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, որտեղ նշված է, որ զինվորներից մեկին անգամ կենդանի են գլխատել: Էլ չվերհիշենք դպրոցի ճանապարհին խոցված դպրոցականի, իր օրորոցում նիրհող հայ մանկան հրաշքով փրկվելու փաստերը և բազմաթիվ նմանատիպ այլ վայրագությունները:
 
Այդ օրերին որտե՞ղ էր նիրհում «խաղաղության քարոզիչ» ՀԿ-ն, որ Ադրբեջանի վայրագրությունների մասին ծպտուն չէր հանում, կուրծք չէր ծեծում, հորդորներ չէր հղում Բաքվին: Չլինի՞ այն ժամանակ էլ լռության համար էր գրանտ ստացել: Երևի այն ժամանակ նրանց խիղճն ու հոգին Բաքու էին արտագաղթել ու հիմա նորից Հայաստա՞ն են ներմուծվել: 
Իսկ պատվիրատուների վրա ավելի մեծ տպավորություն չէ՞ր գործի, եթե ՔՀԻ ՀԿ-ն էլ, վահանմարտիրոսօղլիների նման մեկներ Բաքու, տեսներ Հայկական զինուժի արժանի հակահարվածն ու ծնկերը ծեծելով՝ այնտեղից հղեր իր վայնասունը: 
 
Այս ամենի դեմն առնելու համար իշխանությունը պետք է կամ արգելի դրսից ֆինանսավորումը, կամ մանրակրկիտ ուսումնասիրի այդ և նմանատիպ ՀԿ-ների գործունեությունն ու ֆինանսավորումը: Այդժամ, երևի, դժվար չի լինի պարզել, որ դրանք ֆինանսավորվում են՝ նաև Հայաստանը ներսից թուլացնելու, հակապետական գործունեություն ծավալելու, հասարակությունը պառակտելու համար: