30 մլն եվրո՝ Հայաստանի էներգետիկ ոլորտում

ՆԵՐԳՐԱՎԵԼ ՀԱՅ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ

Բացի ԱՄՆ-ից՝ պարզվում է, որ ԵՄ-ն ևս հետաքրքրված է Հայաստանի արևային էներգիայի պոտենցիալով:
 
«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով նախաձեռնության շրջանակում Երևանում հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են արևային վահանակներ: Արևային կանգառները գտնվում են Բաղրամյան և Մոսկովյան փողոցներում: Այստեղ կարելի է լիցքավորել բջջային հեռախոսներ, պլանշետներ և այլ տեխնիկա:
 
Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին փորձարկեց Մոսկովյան փողոցի կանգառներից մեկում գտնվող արևային վահանակը: 
 
- Հայաստանը հարուստ է արևով, պետք է օգտվել բնական այս հարստությունից: Հայաստանում էներգետիկ ոլորտը առաջնահերթություն է և հետագայում էլ կշարունակի առաջնային լինել Եվրոպական միության համար: ԵՄ-ն երկարաժամկետ աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ տեղական, համայնքային ու պետական մակարդակով էներգաարդյունավետության խթանման նպատակով,- մանրամասնեց նա:
 
Հայաստանի էներգետիկ ոլորտն անկախ չէ և գրեթե ամբողջությամբ  կախված է դաշնակից Ռուսաստանից: Եվրամիությունը կարող է այնպիսի  ծրագրեր իրականացնել, որոնց շնորհիվ կնվազի Հայաստանի էներգետիկ անկախությունը: Պարզվում  է՝ միայն ԵՄ-ի շնորհիվ արդյունքների հասնել հնարավոր չէ: Էներգետիկ ոլորտի զարգացման ու լիակատար անկախության համար պետք է նաև ներդրողներ ներգրավել:
 
- Էներգետիկ կախվածությունը շատ կարևոր գործոն է բոլոր պետությունների համար՝ ոչ միային Հայաստանի: Այժմ ներառել ենք ավելի քան 30 մլն եվրո՝ էներգետիկ ոլորտում, ընթացիկ տարբեր ծրագրերում: Այս գումարի մեծ մասն ուղղվում է Հայաստանի և Վրաստանի միջև փոխանցման լարերի կառուցմանը: Կարծում ենք՝ ավելի լավ կապվածությունը և փոխկապվածությունը նպաստում է Հայաստանի էներգետիկ հզորացմանը: Մեր դիտարկմամբ՝ էներգիայի այլընտրանքային, վերականգնողական աղբյուրները, որոնք տվյալ պահին գուցե շատ ավելի փոքր բաժին ունեն, ժամանակի ընթացքում շատ ավելի մեծ բաժին են ունենալու ընդհանուր ծավալի մեջ՝ հատկապես երբ խոսքը վերաբերում է արևային, արեգակնային էներգիային, որը որևէ երկրից կախված չէ, ամբողջովին ձերն է: Եվ այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, որը չունի էներգետիկ աղբյուրներ՝ նավթ, բնական գազ, ածուխ, սա իսկապես կարևորագույն աղբյուր է,- փաստեց Սվիտալսկին: 
 
ԵՄ դեսպանի խոսքով՝ էներգետիկ ոլորտում պետք է ներդրումներ կատարվեն: 
 
Իսկ հնարավո՞ր է, որ աշխարհաքաղաքական գործոնները խոչընդոտեն ոլորտի զարգացմանը: 
 
Հստակ պատասխան դեսպանը չտվեց: Սվիտալսկու խոսքով՝ իրենք դրանց մասին չեն մտածում: Եվրամիության հոգսը հայաստանաբնակների այս մի հոգսը թեթևացնելն է: Քիչ չէ: Եվ մեր էներգետիկ կախվածությունը գոնե կիսով փոքրացնելն իսկ մեծ նվեր կլինի Հայաստանի ու հայաստանցու համար: