Չարաշահումնե՞ր չեն եղել, թե՞ բացահայտումներ

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ ՉՇՓՈԹԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԻ ՀԵՏ

Այս տարի էլ պետբյուջեի միջոցները վատնողների ու յուրացնողների բախտը բերեց՝ ջրից չոր դուրս եկան: Բայց գոնե կարելի էր, թեկուզ իմիտացիայի համար, մի քանի աղմկահարույց  չարաշահումների դրվագների բացահայտում բեմադրել ԱԺ-ում՝ գոնե ՎՊ նախագահ Լևոն Յոլյանի հաշվետվությունը հավատընծա դարձնելու համար: Մինչդեռ վերջինս այսօր հայտարարել է, թե 2016-ն առանց աղմկահարույց բացահայտումների  է եղել:
 
Այս հայտարարությունն առնվազն տարօրինակ է Հայաստանի պես երկրում, որտեղ կոռուպցիան շղթայական ու համակարգված է և որի մասին խոսվում է անթաքույց: Չնայած՝ նա չի ասել, որ աղմկահարույց չարաշահումներ չեն եղել, այլ՝ բացահայտումներ: Այդ դեքում, սակայն, այլ հարց է ծագում՝ ուրեմն ո՞րն է ՎՊ-ի անելիքը: 
 
ՎՊ-ն չի բացահայտել, բայց խորհրդարանում հենց այսօր աղաղակող մի փաստ հնչեց՝ գերատեսչություններից մեկը 217 մլն դրամ է ծախսել՝ ընդամենը 25 էջ թարգմանության համար:  
 
Փաստի հետ կապված մանրամասները ճշտելու փոխարեն՝ Լոն Յոլյանը հորդորեց ավելի լուրջ հարցեր բարձրաձայնել: Քանի որ օրենսդիր մարմնի անդամներն այսօր չունեին այդ հնարավորությունը, այդ բացը կփորձենք լրացնել մենք՝ բարձրաձայնված որոշ փաստեր հիշեցնելով:
 
2016-ին, 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներին, ՀԱԿ խմբակցության  քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց Կենտրոնական բանկի ճոխ ծախսերի մասին: 
 
- 20 հազար դոլար ամսագրերին եք տալիս, նույնքան՝ գրականության ձեռքբերման համար, 31 ավտոմեքենա ունեք, 820 աշխատող՝ 600 հազարական դրամ աշխատավարձով: Ոնց որ դժոխքի մեջ դրախտ լինեք, անապատի մեջ ծաղիկ եք, որ փթթում, ապրում եք:
 
ԿԲ փոխնախագահը չհերքեց ասվածը, այլ արդարացավ, թե ձեռք են բերում մասնագիտական գրականություն՝ վերլուծական ունակությունները կատարելագործելու համար: 
 
Կենտրոնական բանկից բացի՝ ճոխությունների ու շռայլությունների հանդեպ թուլություն ունի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Թանկարժեք կոնյակներ, բաժակներ և 9000 դոլարանոց շոկոլադներ՝ սա դեռ ընդամենը սառցաբեկորի մի հատվածն է: Ու դարձյալ՝ արդարացում, թե՝ երբ ձեր տուն մարդ է գալիս, դուք չե՞ք անում ամեն ինչ՝ նրան պատվով ընդունելու: 
 
Պետական միջոցների անարդյունավ մսխման մյուս  դրսևորումը բազմազան ՊՈԱԿ-ների գոյությունն է, որոնք փակվեցին վարչապետ Կարեն Կարապետյանի հրահանգով: Բայց դրանց փակվելուց հետո էլ հանրությունը չիմացավ, թե  պետական գանձարանի գումարներն ինչպես են տնօրինել: Իսկ ի՞նչ անուն տալ նախկին ու ներկա պաշտոնյաների՝ պետական անվտանգությունով, փարոսիկներով մեքենաներով շրջելուն, որոնց հարկերը, ինչպես նախորդ տարի հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դարձյալ մենք ենք վճարում...
 
Ու այսքանից հետո ինչպե՞ս Վերահսկիչ պալատը չի կարողացել աղմկահարույց բացահայտումներ կատարել: 
 
Մյուս կողմից՝ հասկանալի է, որ ԽԾԲ համակարգը շիվեր է տվել պետական ապարատում, որն էլ հաճախ կապում է պաշտոնյաների, նաև Լևոն Յոլյանի ձեռքերն՝ օբյեկտիվ աշխատելու համար: Մինչդեռ պատերազմող երկրում էլիտան գոնե պետք է գիտակցի՝ ապագա մարտահրավերները դիմագրավելու համար բարեկամությունն ու հարազատությունը պետք է աշխատանքից հետո թողնել: Իսկ պետական գանձարանը սեփական գրպանի հետ շփոթողները չպետք է կարծեն, թե իրենց թալանն աննկատ է մնում: