Ադրբեջանն անգամ ԱՄՆ-ի անկախության օրը չհարգեց

ՄԻԱՅՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանն այսօր մամլո ասուլիսում անդրադարձավ արցախա-ադրբեջանական շփման գծում սահմանային լարվածությանը՝ նշելով, որ Արցախի Հանրապետությունը գործում է իրավիճակին համաչափ և հիանալի կերպով դիմագրավում է ադրբեջանական սադրանքները: 
 
- Ընդհանուր առմամբ՝ Արցախի Հանրապետությունը գործում է համաչափ: Ինձ զարմացրել է հասարակական կազմակերպություններից մեկի հապճեպ հայտարարությունը, ըստ որի՝ Արցախի իշխանությունները պետք է պատժեն այն մարդկանց, ովքեր մեղավոր են: Ես կցանկանամ, որ ՀԿ-ները հիմնվեն զուտ փաստերի վրա և օրինակ վերցնեն ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունից, քանի որ այնքան անհայտ բաներ կան: Կասկածի տակ դնել, թե ով է սկսում սադրանքները, դա նշանակում է չհարգել Ադրբեջանին, քանի որ նրանք հայտարարել են, որ մաս առ մաս վերադարձնելու իրենց չպատկանող հողերը,-ասաց նա՝ նկատի ունենալով «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ վերջին հայտարարությունը:
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ն կոչ էր անել բացառել խաղաղ բնակչության թիրախավորումը՝ ցավ ապրելով ադրբեջանական Ալխանլու գյուղում հայկական զինված ուժերի կողմից արձակված կրակի հետևանքների համար և մոռանալով, որ Արցախի և Հայաստանի սահմանամերձ քաղաքացիական բնակավայրերն ու բնակիչներն ամեն օր են ենթարկվում ադրբեջանցի հրոսակների հրետակոծումներին («Հայ գրանտակերը ջուր է լցնում Բաքվի ջրաղացին». Avangard.am):
 
Լարիսա Ալավերդյանը մեր իշխանությանը հորդորեց գործել այնպես, ինչպես պատերազմական վիճակում, սակայն խուճապի չմատնել հասարակությանը: Երկրորդ՝ Հայաստանն ավելի ակտիվ պետք է աշխատի Մինսկի խմբի համանախագահների հետ: Կարելի է առաջարկություններով հանդես գալ. հիմնական թեզը պետք է լինի Ադրբեջանին խաղաղության պարտադրելը: 
 
- Ես վստահ եմ, որ այստեղ կա ահռելի չարված աշխատանք,-ասաց  Լարիսա Ալավերդյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի վերջին սադրանքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի անկախության օրը՝ ի նշան անհարգալից վերաբերմունքի:
 
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների սպասվելիք հանդիպմանը ասաց.
 
- Հայկական կողմը չպետք է գնա որևէ բանակցության, որը դուրս է Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներից: 
 
Ըստ նրա՝ հայկական կողմը չպետք է թույլ տա, որպեսզի Վիեննայի պայմանավորվածությունները դուրս գան օրակարգից: