Ի խորոց սրտի` հերոս քաջորդիներին

ԱՄՆ-ից ուղարկված գումարային աջակցությունը բաժանվեց հայրենյաց պաշտպաններին

Մարդասիրությունը տարածություն և սահմաններ չի ճանաչում, մանավանդ, որ այն բխում է ի խորոց սրտի, իսկ հիմքում և ակունքներում  առ նվիրական Հայրենիքն ու նրա քաջարի պաշտպանները տածած երախտագիտությունն է ու անկեղծ սերը...

Մարդու համար ամենաթանկը իր կյանքն ու առողջությունն է, բայց մեր հերոսական պատմության ընթացքում ունենք անթիվ ու անհամար օրինակներ, երբ Հայրենիքի համար ճակատագրական պահերին ազգի նվիրյալները, մոռանալով թե′ առողջություն և թե′ կյանք, անվարան նետվեցին պաշտպանելու սրբության սրբոց Հայրենիքն ու հող հայրենին: Այդպես եղավ նաև քառորդ դար առաջ` Արցախյան ազատամարտի տարիներին, այդպես եղավ նաև անցյալ տարի` ապրիլյան քառօրյայի ընթացքում, այդպես կլինի միշտ` քանի կա, ապրում է հայ ազգը:
Քանի քանի հերոս հայորդիներ զոհվեցին և հաշմանդամ դարձան հանուն հայրենիքի ու հանուն այսօրվա: Ապրողներիս նվիրական պարտականությունն է հիշել մեր հերոսներին, հիշել  հայրենիքի ազատության համար պայքար մղած զինվորներին: Եվ ահա երախտիքի դրսևորման հերթական օրինակը: ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հեռարձակվող AABC  հեռուստաընկերության «Բարև» հեռուստածրագրի ստեղծագործական  խումբը` Սողոմոն և Նունե Ավետիսյանները և Ամերիկայում բնակվող ազատամարտիկ Հրանտ Թումասյանն օրերս հանդես եկան հայրենանվեր մի ձեռնարկումով` յուրաքանչյուրին 300-ական դոլար օգնություն ցուցաբերելով Հայրենիքում բնակվող 30 ազատամարտիկների:
 
Օգնության գումարները գոյացել էին հայ պոեզիայի և գրականության մեծ սիրահար, սիրված ասմունքող, «Բարև» հեռուստածրագրի հեղինակ և վարող Նունե Ավետիսյանի հերթական հաղորդումներից մեկի ընթացքում կազմակերպված  հանգանակությունից:
 
Նախաձեռնության հեղինակների ուղարկած գումարները հուլիսի 9-ին Հայրենիքում բաժանվեցին Արցախյան ազատամարտի վետերաններին: Հանգանակությունից անմասն չմնացին նաև Արցախի Հանրապետությունում բնակվող ազատամարտիկները, որոնց հասանելիք գումարները Սերգեյ Սարգսյանի հետ ուղարկվել էր դեռևս նախորդ օրը:
 
Գումարները ազատամարտիկներին անձամբ հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Արտակ Զեյնալյանը:
Շնորհակալություն հայտնելով ազատամարտիկներին` Ա. Զեյնալյանը նշեց, որ հայրենյաց պաշտպաններին գումարները նվիրվում է սրտանց, և թող նրանք այս  աջակցությունն ընդունեն որպես երախիքի տուրք, իսկ իրենք էլ համագործակցելով ԱՄՆ-ում գտնվող հայրենասեր մարդկանց հետ, ամեն բան կանեն, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կրեն:
 
Թվով 30 ազատամարտիկները, որոնցից հինգը` Արցախի Հանրապետությունից, ցուցաբերված աջակցության համար իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին նախաձեռնության հեղինակներին` «Բարև» հեռուստածրագրի հեղինակներին  և իրենց մարտական ընկերոջը՝ Հրանտ  Թումասյանին: Ազատամարտիկները իրենց խոսքերում նշեցին նաև,  որ գումարի չափն այնքան էլ կարևոր չէ, այլ կարևորն իրենց` հայրենիքի սահմանների պաշտպանների հանդեպ ցուցաբերած ուշադրությունն է և մարդկային վերաբերմունքը:
 
Հավելենք, որ հանգանակությունից 2000 դոլար տրվել է նաև ապրիլյան պատերազմի մասնակից, վիրավոր Արման Ավետիսյանին, որը  բուժում էր ստանում Լոս-Անջելոսում, 1000 դոլար հատկացվել է վիրավոր Դանիել Դավթյանին` վիրահատության նպատակով, իսկ  500 դոլար տրվել է ծանր վիրավոր Մայիս Գեղամյանին, որը, ցավոք սրտի վախճանվեց այդ օրերին...
 
Մարդասիրությունը տարածություն և սահմաններ չի ճանաչում, մանավանդ, որ այն բխում է ի խորոց սրտի, իսկ հիմքում և ակունքներում  առ նվիրական Հայրենիքն ու նրա քաջարի պաշտպանները տածած երախտագիտությունն է ու անկեղծ սերը...