Հայերը՝ քչացող ազգերի շարքում. ԱՀԱԶԱՆԳ

11 ՄԻԼԻՈՆ՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Բնակչության համաշխարհային օրվա առթիվ այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ զրույցում մի քանի վիճակագրական տվյալներ ներկայացրեց: 1990 թվականից առ այսօր Հայաստանում հղիացել է մոտ 1,660,000 կին, որից 1,200,000 հազարը ծննդաբերել են, իսկ 460,000-ն արհեստականորեն ընդհատել է հղիությունը:
 
- Այս տարիների ընթացքում մոտ կես մլն մարդ չի ծնվել: Եթե մեզ մոտ աբորտն արգելեն, դա չի նշանակում, որ մարդու իրավունքների խախտում կլինի, ուղղակի դա մտահոգություն է, որ ընտանիքը պլանավորի երեխաների ծնունդը և կանայք հետևեն իրենց առողջությանը,- նշեց Ադիբեկյանը:
 
Սոցիոլոգի խոսքով՝ այս ցուցանիշի մեջ ներառված չեն մանկական մահացությունները և հետագա խնդիրները: Ըստ նրա՝ հայերը  քչացող ազգերի թվում են: Եթե 1990 թ. մեկ կնոջը գալիս էր 2.2 երեխա, հիմա այդ ցուցանիշը 1.7 է:
 
- Հայաստանում այսօր պետք է ապրեր 5 մլն մարդ՝ եթե նկատի ունենանք ներգաղթը Ադրբեջանից, Սիրիայից, Ջավախքից, և՝ եթե ծնելիության մակարդակը պահպանվեր,- մանրամասնեց բանախոսը: 
 
Հայաստանում  երիտասարդների ճակատագրի հետազոտությունը ցույց է տալիս, որ եթե նախկինում քաղաքի բնակիչները 2-3 երեխա էին պլանավորում ունենալ, իսկ գյուղաբնակները՝ 3-4, ապա հիմա այն կրճատվել է՝ դառնալով 1-2 երեխա: 
 
Ըստ սոցիոլոգի՝ ծնելիության նվազման պատճառներն են հարսնացուների և փեսացուների տարիքի մեծացումը, ամուսնությունների թվի պակասը, արտագաղթը: Հավելենք, որ այդ ամենի գլխավոր պատճառն էլ սոցիալական ծանր պայմաններն են և հայաստանաբնակների անհուսությունը:
 
Ի դեպ. հայերը, բացի Հայաստանից, ապրում են նաև աշխարհի 105 երկրում: Հայերի թվաքանակը ամբողջ աշխարհում 11 մլն է, որից 80 տոկոսն ապրում է 6 երկրում: