Կոչ՝ հակամարտող կողմերին և միջազգային հանրությանը

 
 
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը երեկ՝ հուլիսի 11-ին, հայտարարություն է տարածել՝ Ղարաբաղյան հակամարտության շփման գծում վերջին զարգացումների վերաբերյալ: 
 
Հայտարարությունն արձանագրում է՝
 
- Կիսելով ադրբեջանական Ալխանլի գյուղում երկու խաղաղ բնակիչների մահվան և մեկի ծանր վիրավորվելու ցավն ու վիշտը,
 
Նշելով, որ չնայած 1994 թվականի մայիսից կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանը, երկու կողմերից էլ տուժել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ և բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ,
 
Ընդգծելով, որ հենց 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի արդյունքում քաղաքացիական բնակչության անվտանգությունը դարձավ առավել խոցելի, և հարաբերական խաղաղությունը տարածաշրջանում՝ շատ ավելի փխրուն,
 
Մեր վրդովմունքն արտահայտելով անցյալ տարվա ագրեսիայի ժամանակ Մարտունու դպրոցի բակում հայ երեխաներին սպանած և վիրավորած, Թալիշ գյուղի խաղաղ բնակիչներին և գերեվարված հայ զինվորներին ցինիկաբար խոշտանգած եւ անարգանքի ենթարկած ադրբեջանական զինվորականներին անպատիժ թողնելու, ավելին՝ նրանց հերոսացնելու կապակցությամբ, 
 
Արձանագրելով, որ ռազմական հանցագործությունների հանդեպ համարժեք արձագանքի բացակայությունն էլ ավելի է մեծացնում արարքների դաժանությունն ու անմարդկայնությունը,
 
Միանալով միջազգային և ազգային կառույցներին ուղղված քաղաքացիական հասարակության կոչերին՝ հանգամանորեն հետաքննել Ալխանլի գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպի, ինչպես նաեւ շփման գծի երկու կողմերում խաղաղ բնակիչների մահվան և քաղաքացիական օբյեկտների խոցման՝ դրան նախորդած իրադարձությունները,
 
Հիշեցնելով կրակի դադարեցման ռեժիմի խախտումների վերահսկման մեխանիզմների գործադրման 2016 թվականի մայիսին հաստատված համաձայնության չկատարման վերաբերյալ պաշտոնական Բաքվի պատասխանատվությունը,
 
ԵԱՀԿ Մինսկի խմբին և միջազգային այլ ատյաններին ուղղված վերջին դեպքը հետաքննելու վերաբերյալ հարևան երկրում հնչող պահանջները գնահատելով որպես երեսպաշտության, անհետևողականության, միակողմանիության և հիմնախնդրի լուծման ապակառուցողական մոտեցման դրսևորում,
 
Մատնանշելով, որ պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը ակներև է դարձնում միջազգային կառույցների դերակատարումը նրա կողմից նվազեցնելու միտումը, 
 
Կողմնակից լինելով բանակցությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքներին,
 
Մենք՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ  ՔՀՖ ՀԱՊ) անդամներս, կոչ ենք անում
 
- հակամարտող կողմերին՝ կտրականապես հրաժարվել բնակավայրերում կրակակետերի տեղակայումից, բացառել փոխհրաձգությունները, զինված բախումները և դիվերսիոն գործողությունները, որոնց արդյունքում կարող է տուժել խաղաղ բնակչությունը,
 
- Եվրոպական միությանը և ողջ միջազգային հանրությանը՝  վճռական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի  կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հանդեպ վերահսկողական մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայում 2016 թվականի մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում՝ 2016 թվականի  հունիսի 20-ին ձեռք բերված համաձայնությունների արգելափակումից,
 
- ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի գործընկերներին՝ արտահայտել իրենց սկզբունքային դիրքորոշումը վերը նշված մեխանիզմների անհապաղ ներդրման անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կառուցողական երկխոսության արհեստական խոչընդոտների վերացման, այդ թվում լրագրողների և ակտիվիստների հանդեպ անօրինական հետապնդումների վերաբերյալ։