«Ե՛տ բերեք Վահան Շիրխանյանին». լեզվակռիվ դատարանում
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, որ գործում նոր մեղադրող դատախազ է ներգրավվել: Խոսքը Էդգար Ասատրյանի մասին էր: Դատարանում հնչեցրին նաև նիստերից բացակայողների անունները, սակայն նիստերի դահլիճից հեռացված Վահան Շիրխանյանի անունը դատավորը չհնչեցրեց:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել, և վերջինս երեք ժամով հեռացվել է դատական նիստերի դահլիճից:
Վ. Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիտողություն արեց դատարանին՝ իր պաշտպանյալի անունը չի հնչեցվում, իսկ ձայնագրությունը հետագայում լսողները կկարծեն, թե Շիրխանյանը նիստերի դահլիճում չի եղել:
Ամբաստանյալի անունը չհնչեցնելու պատճառն ասելու կամ իր վրիպումն ուղղելու փոխարեն դատավորը պաշտպանին պատասխանեց, թե Վահան Շիրխանյանը փորձում է ձգձգել դատական նիստը: Հայկ Ալումյանը համաձայն չէր: Նրա խոսքով՝ նախորդ դատական նիստին դատավորը հեռացրեց իր պաշտպանյալին, որից հետո դատական նիստը ձախողվեց: Հայկ Ալումյանը միջնորդեց դատարանին իր պաշտպանյալին դատարանի դահլիճ բերել:
- Դատարանը շատ լավ գիտի՝ եթե պարոն Շիրխանյանը դատարանում չէ, ես ևս չեմ լինելու այստեղ: Շատ լավ իմանալով դա՝ դատարանն այս վիճակն է ստեղծում: Դատարանը շատ լավ գիտի, որ Վահան Շիրխանյանը ոտքի վրա չի կարողանում կանգնել: Ու դա որակելով անհարգալից վերաբերմունք՝ ստեղծեց այս վիճակը: Հիմա էլ ուզում եք տպավորություն ստեղծել, թե պարոն Շիրխանյանն է ձախողում դատական նիստերը: Էպիկրիզից լավ երևում է, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել, և Դուք սրա համար նրան հանեցիք դատական նիստերի դահլիճից և այդ օրը դատական նիստը ձախողեցիք:
- Մի վիրավորեք ոչ մեկին: Փորձագետի եզրակացություն կա, որ նա կարողանում է կանգնել,- վրդովված արձագանքեց դատավորը:
- Ես պահանջում եմ, որ իմ պաշտպանյալը բերվի այստեղ,- նորից պնդեց Ալումյանը:
- Երեք ժամը կլրանա՝ կբերենք,- ասաց Բեկթաշյանը:
- Երեք ժամը վաղուց է լրացրել:
- Նստե՛ք, պարոն Ալումյան:
Դատավորի մերժումից հետո Ալումյանն ասաց, որ լքում է նիստերի դահլիճը:
- Դա ձեր իրավունքն է,- արձագանքեց դատավորը:
- Շնորհակալություն՝ իմ իրավունքը պարզաբանելու համար.- փորձեց բարեկրթություն ցուցաբերել Ալումյանն ու դուրս եկավ դահլիճից:
Դատավորին դա զայրացրեց: Նրա խոսքով՝ դատական նիստը շարունակվում է, իսկ պաշտպանը հեռանում է:
Դատական նիստը նորից հետաձգվեց՝ մինչև հուլիսի 21-ը: