Անգործ դիպլոմավորների շարքերը համալրվում են

ՔԱՆԻ ԴԵՌ ՉԿԱ ԱՇԽԱՏԱՆՔ, ՊԱՏԿԵՐՆ ԱՅՍՊԻՍԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ

 Եթե ժամանակին դիպլոմը օժիտի հավելված էր, շրջապատում գլուխ գովելու առիթ, այսօր այն վերածվել է պետք չեկող թղթի կտորի՝ եթե դրա տերն իրեն գործի տեղավորող մեկը չունի: Պետական բուհերն այնքան մատչելի են դարձել, որ միջինից էլ ցածր գիտելիքներով, երբեմն նույնիսկ առանց կրկնուսույցի մոտ պարապելու, կարելի է ընդունվել համալսարան: Սա են վկայում այս տարվա ընդունելության արդյունքները:
 
Ըստ դրանց՝ դեռ մոդայիկ ու պահանջված են իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, ժուռնալիստիկան, տնտեսագիտությունը, արևելագիտությունն ու օտար լեզուները:
 
Եթե տարիներ առաջ հայ բանասիրությունը ևս պահանջարկված էր, այսօր պատկերը հակառակն է՝ 35.25 բալով կարելի է ընդունվել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ:
 
Դե, եթե մի երկրում լուծարում են Լեզվի պետական տեսչությունը, և դեռ հայտնի չէ, թե մեր մայրենիի անաղարտության համար ո՞ր կառույցը կամ ինչպե՞ս են պայքարելու, եթե մայրենիի իմացությունից առավել տեղ են տալիս օտար լեզուների իմացությանը (ու մի օտար լեզու էլ պետականի կարգավիճակ է ստանում), պատկերն այսպիսին էլ պետք է լիներ: 
 
Ինչպես  նախորդ տարի, այս ամ ևս պահանջարկված չեն բնական գիտությունները: Մայր բուհում քիմիայի ֆակուլտետի անվճար տեղերն անգամ թափուր են մնացել: 
 
Ի վերջո, մասնագիտության ընտրությունն այսօր պայմանավորված է ոչ այնքան որևէ մասնագիտության հանդեպ հետաքրքրվածությամբ, այլ ապագայում դրանով մի կտոր հաց վաստակելու հնարավորության հաշվարկով: Սակայն, անկախությունից ի վեր՝ աշխատաշուկան ուղղակի լիքն է իրավաբաններով, տնտեսագետներով, միջազգայնագետներով, բայց թե քանի՞սն են նրանցից մասնագիտական արևի տակ իրենց տեղը գտել՝ տեսնում ենք բոլորս:  
 
Հասկանալով, որ հետագայում աշխատանք որոնելիս արդար մրցույթով աշխատանքի չեն ընդունվի՝ եթե ԽԾԲ-ի համակարգում քեռի ու հոպար չունեն, դիմորդներն իրենց ընտրությունն անում են ապագայում գոնե «ճարվող» մի գործ գտնելու ակնկալիքով: Դիմորդների այս թույլ տեղն իմանալով է, որ որոշ անհատներ բացել են մասնավոր բուհեր և անխնա ուսվարձեր են հավաքում՝ հիմնավոր կրթություն տալու գործառույթը հաճախ երկրորդական համարելով: Ավելին, անգամ երկրի վարկանիշի մասին չմտածելով՝ օտարերկրյա քաղաքացիներին են դիպլոմ վաճառելով: Քայլերը, որոնք ձեռնարկում է պետությունը, առայժմ միայն քրեական գործ հարուցելն է:  
 
Խնդրին չէինք անդրադառնա, եթե Կառավարությունը տարիներ շարունակ չխոսեր աշխատաշուկա-կրթություն օղակի համագործակցության մասին, եթե որպես առանձին վարչություն ԿԳ նախարարության կազմում  չառանձնացվեր՝ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությունը, որին պետբյուջեից պատկառելի գումար է հատկացվում: Էլ չենք խոսում գրեթե ամեն տարի անցկացվող աշխատանք փնտրելու, ըստ էության, ձևական ցուցահանդեսի մասին, որին ակտիվորեն մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: 
 
Վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ խոսել է   աշխատաշուկա-կրթություն կապի մասին, սակայն խոսքը գործի վերածելու ժամանակն այդպես էլ չի գալիս:
 
Իսկ պատճառը հասկանալի է՝ քանի դեռ աշխատատեղերի բացակայություն կա մեր երկրում, քանի դեռ մտածողություն չի փոխվել, քանի դեռ սակավաթիվ աշխատատեղերում միայն բարեխոսության ու միջնորդներով են հաստիք զբաղեցնում՝ պատկերն առաջիկայում չի փոխվի: