Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով...

Վաղնջական ժամանակներում, ասում են, շուքով է նշվել այս` աստղագիտական գարնանամուտի, գարնանային գիշերահավասարի օրը: Որոշ պայծառատեսներ և էքստրասենսներ էլ ասում են, թե այսօր հնարավոր է «լիցքավորել»  թալիսման-քարերն ու համայիլները:

Ասում են նաև, որ գիշերահավասարի օրը հեշտ է ազատվել չար աչքերից, անեծքներից, նույնիսկ ժառանգաբար` սերնդեսերունդ փոխանցվող  անեծքներից: Պատահական չէ, որ բոլոր աստղագուշակները սկսվում են ԽՈՅ նշանով, որի  «թագավորության» սկիզբը հենց այօրվանից է: 

Ասում են… Սակայն Օծյալ Փրկչի ճշմարիտ հավատին զինվորագրված, Քրիստոնեության լույսով դարերի հետ խոսող ժողովրդի համար այդ ամենը կարող է ժամանց լինել միայն`տարատեսակ գուշակություններ ու  թալիսման-համայիլները լավագույն դեպքում կարող են սոսկ ժամանց լինել:

Այսուհանդերձ`չանտեսենք գարնանամուտի խորհուրդը և դրական լիցքերով հարստացնենք մեր հույզերը, հավատով վերազինենք մեր սպասումները` է´լ ավելի վճռական հայացք հառելով ապագային: