Ինչո՞ւ են նահանջել տնօրենները

ՀԿ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԻ ԿԱՆՉՎԻ

Հայաստանի 30 դպրոցի տնօրենները հրաժարվել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և դրա նախագահ Դանիել Իոաննիսյանի դեմ իրենց հայցերից: Այս մասին այսօր հայտարարեց 30 տնօրենների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը:
 
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալները փաստաբաններին լիազորել են այսօր դատարանում հանդես գալ իրենց անունից և հրաժարվել հայցերից:
 
Տեղեկացնենք, որ այս մասին հայցվոր կողմի ներկայացուցիչը հայտարարել է սույն գործով  Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ այսօրվա առաջին դատական նիստին:   
 
Հետաքրքիրն այն է, որ հայցվոր կողմը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել, մինչդեռ Դանիել Իոաննիսյանը  տողատակային մի պարզաբանում է տվել՝ իշխանությունները խնդիրներ կունենային: Թե ինչ նկատի ունի խնդիրներ ասելով՝ Դ. Իոաննիսյանը չի մանրամասնել: Բայց եթե հաշվի առնենք, որ ՀԿ-ն ֆինանսավորում է դրսից, ավելին՝ միջազգային կառույցների որոշ կոշտ գնահատականները հենց այս ՀԿ-ի հայտնաբերած փաստերի հիման վրա էր, ապա չի բացառվում նաև արտաքին ճնշումների հավանականությունը: 
 
Չնայած՝ Factor.am-ի հետ զրույցում Դ. Իոաննիսյանն այս կերպ է մեկնաբանել տնօրենների նահանջը.
 
- Իմ կարծիքով պատճառն այն է, որ այս գործերի փաստը բավական խնդրահարույց կլիներ տնօրենների համար, որովհետև իրենք պարտվելու էին, իսկ պարտվելը որևէ մեկին հաճելի չէ, ավելին՝ հասարակությունն անընդհատ հիշելու էր այդ հրապարակումը, տնօրենների կողմից ցուցակներ հավաքագրելու փաստը, ինչը ևս ցանկալի չէր թե՛ իշխանությունների, թե՛ տնօրենների համար: 
 
Պատահականություն է, թե՝ ոչ, բայց  օրեր առաջ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է  ՀՀ ԱՆ նախարար Դավիթ Հարությունյանի հետ և ասել, որ Հայաստանի ձեռբերումներից մեկը քաղաքացիական հասարակությունն է: Իսկ դրա շահերը պաշտպանողներից և քաղհասարակության անունից հանդես եկողներից մեկը Դանիել Իոաննիսյանն է:
 
Ըստ  ասեկոսեների՝ Դանիել Իոաննիսյանն ի սկզբանե վստահ էր, որ այս պատմության մեջ իր արարքն ավելի պատճառաբանելի է, քան 30 տնօրեններինը, և վերջիններիս բողոքն իրեն չի վտանգի՝ արտաքին աջակիցների շնորհիվ: 
 
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, որ հարյուրից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, թե ՀՀԿ համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրել էր նաև տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները: 
 
Դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և դրա համակարգող Դանիել Իոաննիսյանի:
Այդ տնօրենները համարում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով:
 
Բոլոր հայցվորները պահանջում էին հերքել հրապարակված տեղեկությունները և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից ակնկալում էին մոտ 65 միլիոն դրամ՝ ներառյալ դատական ծախսերը: