«Դիլիջան» պարկը մարտահրավեր՝ կոալիցիոն «ամուսնությանը»

ԾԱԾԿԱԴՄՓՈՑԸ ԼԱՎ ՏԵՂ ՉԻ ՏԱՆԻ

Որոշ պաշտոնյաների կամ նրանց որդիների համար արդեն սովորական է դարձել՝ պետությանը հասցնել խոշոր չափի վնաս, իսկ բացահայտվելու դեպքում՝ աշխատանքից ազատման դիմում գրել, անցնել այլ՝ ավելի լավ աշխատանքի, կամ  եթե թոշակի շեմին ես, վայելել ապօրինի վաստակածդ:   
 
Արդեն մի քանի ամիս է, որ բնապահպանական խնդիրները մամուլի ուշադրության կենտրոնում են՝ «Դիլիջան ազգային պարկից մինչև Սևանա լճից լրացուցիչ ջրառ: Վերոնշյալ խնդիրներին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ ահա Բնապահպանություն նախարարությունը հայտարարություն է տարածում Դիլիջան ազգային պարկի տնօրեն, պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Սահակ Մուրադյանին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատելու մասին.
 
- Համակարգի գործունեության որակն արմատապես փոխվելու է, թերացողները, ապօրինի անտառահատողների հետ համագործակցողները, փայտի առևտուրը հարստացման աղբյուր ընկալողները ոչ միայն տեղ պիտի չունենան համակարգում, այլև պիտի ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն,- հայտարարել է Արծվիկ Մինասյանը:
 
Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ ստուգումներ են իրականացվել «Դիլիջան» ազգային պարկի» տարածքի մոտ 60 տոկոս տարածքներում (ստուգումն ընդգրկել է 2014թ. օգոստոսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածը), հայտնաբերվել է ապօրինի հատված ավելի քան 6300 ծառ: Ապօրինի հատված 1820 ծառի վերաբերյալ Ազգային պարկը ժամանակին կազմել է վարչական ակտեր և ներկայացրել իրավապահ մարմիններին։
 
Ազգային պարկում տիրող վիճակը շտկելու նպատակով Արծվիկ Մինասյանը   ստուգումների արդյունքների ամբողջական փաթեթը ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, հրահանգել է ուժեղացնել բնության հատուկ պահպանվող, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկի» պահպանությունը և ոլորտին առնչվող մի շարք օրենսդրական փոփոխություններ անել:  
 
Իհարկե լավ է, որ նախարարությունը հետամուտ է խնդրի լուծմանը, բայց հանուն արդարության ասենք, որ 2014 թվականից նույն գերատեսչությունը ստուգումներ է իրականացնում Դիլիջանի անտառներում, անտառահատման ահռելի ծավալներ արձանագրում, բայց այդ ամենի մասին խոսում է, երբ մամուլն ու վարչապետն են դրան անդրադառնում: Հետաքրքիրն այն է, սակայն, որ նախարարությունն իր հայտարարության  մեջ տեղի ունեցած գործընթացը համարում է իր ակտիվ աշխատանքի արդյունք՝ ՀՀ նախագահի հանձնարարականով: Եվ ոչ մի խոսք՝ գործադիր մարմնի ղեկավարի հրահանգի մասին: Երևի դա պատահական չէ. Կառավարության 2017-2022 թթ. ծրագրի ներկայացումից հետո վարչապետ-Արծվիկ Մինասյան հարաբերությունները լարված են: Գործադիր մարմնի ղեկավարը մի քանի անգամ դիտողություն է արել դաշնակցական նախարարին: 
 
Այս ամենի մեջ  մտահոգիչն այն է, որ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենն, ի պատասխան լրագրողների հարցերին, թե կատարվածի մեջ իր մեղքը կամ բացթողումը կա՞, նա մեղքը բարդում է տարածքում ապրող բնակիչների վրա.
 
- Չի բացառվում, որ աշխատակիցներ լինեն, որոնք տեղյակ լինեն: Գիտեք, երկու հոգի կա ձերբակալված, հնարավոր է՝ մի քանիսն էլ լինեն։ Քննությունը կպարզի։ Ես մի բան հստակ ասում եմ՝ շուրջ 2,5 տարի աշխատել եմ, և այդ ժամանակ անհնար է, բացառվում է, որ մեկին թույլ տամ՝ գնա ծառ հատի. ես պաշտոնապես հայտարարում եմ։ 
 
«Եթե մեղավոր չէ, ինչո՞ւ է ազատման դիմում գրել» հարցին պատգամավորի որդին պատասխանում է.
 
- Ես ավելի լավ առաջարկ եմ ստացել այլ բնագավառում, և մի քանի օր առաջ ազատման դիմում եմ գրել: 
 
Սակայն ուշագրավն այն է, որ դեպքը տեղի է ունեցել Սահակ Մուրադյանի արձակուրդում լինելու ժամանակ, մինչդեռ  փոխտնօրենը պնդում էր՝  ծառերը հատվել են Մուրադյանի գիտությամբ: 
 
Չի բացառվում, որ տեղի ունեցածը նաև քաղաքական երանգ ստանա: Ընտրություններից հետո թեև ՀՀԿ-ՀՅԴ ամուսնությունը երկարաձգվեց, բայց լավատեղյակ ձևացող չար լեզուներն ասում են, թե արդեն մեկ ամսից ավելի է՝ «կողակիցների» միջև սև կատուներ են հայտնվել: 
 
Թե ինչ կբացահայտի, ինչպես կքանդի դատախազությունը հանցագործության այս կծիկը՝ կտեսնենք, եթե  իհարկե ՀՀԿ-ական պատգամավորն իր կապերի շնորհիվ գործը դարձյալ ծածկադմփոցի փակուղի չտանի ու որդուն «ջրից չոր դուրս չբերի»՝ քավության նոխազ դարձնելով ձերբակալված 2 տեսուչներին:
 
Բայց այլընտրանք չունի այն իրողությունը, որ նման դեպքերի լիարժեք, համակողմանի ուսումնասիրությունն օդ ու ջրի պես անհրաժեշտ է՝ իրավական պետություն դառնալու ճանապարհին և միջազգային ասպարեզում վստահություն ձեռքբերելու համար: