Բնությունը հատուցում է

Հատկապես այս ամառ անհանգստացնելու չափ զգալի են դարձել եղանակային շեղումները: Գիտնականները վաղուց են զգուշացնում՝ գլոբալ տաքացում կոչվող երևույթի հետևանքով մեր մոլորակի վրա ավելի արտահայտված կդառնան թե՛ ցրտի, թե՛ շոգի բևեռները: Եվ դա տարեցտարի առավել արտահայտված կդրսևորվի: 
 
Ամառային շոգի պատճառով հսկայական տարածքների հրդեհների մասին լուրերն արդեն սովորական են դառնում, այս տարի նույնպես բազմաթիվ ահազանգեր են եղել: Քչերն  են, սակայն, խորապես հասկանում, որ կանաչ տարածքների այրումով տաքացման երևույթները սաստկանում են, իսկ նման հրդեհների պատճառ կարող է դառնալ նույնիսկ ապակու կտորները, որոնք մարդիկ անզգուշաբար թողնում են արևի ուղիղ ճառագայթների ներքո:
Այս օրերին ուժեղ շոգեր են գրանցվել Ճապոնիայում, որի հետևանքով արդեն 6 մարդ զոհվել է, իսկ 7680-ը հիվանդանոց է տեղափոխվել: Ընդ որում` շոգն ավելի շատ վնասել է տարեցներին. տուժածների գրեթե կեսը 65-ն անց է: 
 
Մոլորակի մյուս կիսագնդում էլ ձյունն է անակնկալներ մատուցել: Արգենտինայի որոշ շրջաններում 25 աստիճան ցուրտ է գրանցվել, և արդեն հաղորդվում է 7 մարդու մահվան մասին: 
 
Այս տարի ուժեղ շոգեր են կանխատեսվել նաև Հայաստանում, և որոշ շրջաններում դա արդեն դրսևորվում է: Ասֆալտի ու երկաթբետոնաշեն շենքերի թագավորության վերածված Երևանում շոգին դիմանալն ավելի դժվար է դառնում, եթե իհարկե՝ այնքան հարուստ չես, որ թանկարժեք և ծախսատար օդափոխիչ հարմարանքներով զովացնես հսկա սուպերմարկետդ, գրասենյակդ ու տունդ: Ընդ որում, խիստ կասկածելի հարց է՝ քաղաքի ընդհանուր տապի վրա այդ զովացուցիչ սարքերը նոր ջերմաստիճան չե՞ն ավելացնում: 
 
Շատերն այսպիսի օրերին ապավինում են քաղաքում գտնվող բաց, չմաքրվող ջրավազանների զովությանը՝ առանց հաշվի առնելու, որ դրանց ջուրն էլ բազմաթիվ հիվանդություների աղբյուր է: Ընդ որում՝ Երևանի քաղաքպետարանն ու ՀՀ առողջապահության նախարարությունը պարբերաբար այդ մասին զգուշացնում են, սակայն զգուշացնելը վարակների կանխման երաշխիք չէ: 
 
Մեծամասնությունը շոգը փորձում է մեղմել՝ պաղպաղակներին ու սառը հեղուկներին ապավինելով: Ցավոք, սակայն, հայկական պաղպաղակների և զովացուցիչ ըմպելիքների բաղադրությունների ստուգումների արդյունքները նույնպես մխիթարական չեն;
 
Քանի դեռ այսրոպեական նյութական օգուտի մասին մտածելով՝ մարդը կշարունակի իր իսկ ձեռքով կանխագծել մի քանի տարի անց իրեն պատուհասելիք իրավիճակներ՝ հետևանքները կործանարար են լինելու: 
 
Եվ ուրեմն հենց այնպես չի ասված՝ մարդը տուժում է միայն սեփական խելքից: Այս դեպքում՝ մարդկությունը տուժում է սեփական անհեռատեսությունից: