Չեն ուզում «իշխանությանը պարզերես անել»

ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ՄԻԵԴ

Երևանի Սարի թաղի կալանավորված  բնակիչներն ու նրանց հարազատները շարունակում են պնդել, որ 2016 թ. հուլիսի 19-ին տասը բնակչի կալանավորելն անհիմն է ու ապօրինի:
 
Հիշեցնենք՝ անցյալ տարի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելուց երկու օր անց Սարի թաղում բնակիչների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով կալանավորվեց 10 բնակիչ: Նրանք  մեղադրվում են իշխանության ներկայացուցչին հարվածելու համար, իսկ այդ արարքը պատժելի է 5-10 տարվա ազատազրկմամբ:
 
- Բնակիչները դուրս էին եկել ոչ թե իրենց աջակցությունը հայտնելու կամ չհայտնելու տեղի ունեցած իրադարձություններին, այլ ընդամենը իրենց մտահոգությունն էին հայտնում այն հանգամանքի շուրջ, որ երկու օր զրկված էին մինիմալ կենցաղային պայմաններից՝ հոսանքից, գազից, տրանսպորտ չէր աշխատում,- այսօրվա մամլո ասուլիսում  ասաց Սարի թաղի կալանավորված բնակիչներից 5-ի քրեական գործով փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
 
Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքում նշված է, որ բռնությունը մի խումբ անձինք են արել, բայց 316-րդ հոդվածի 2 մասին դա չի համապատասխանում: Ըստ նրա՝ սա  նշանակում է, որ ամեն մեկի գործողությունը պետք է առանձին գնահատվի: Հետաքրքիրն այն է, որ հարցաքննության ընթացքում վկաներից ոչ մեկը ամբաստանյալներին որպես բռնություն գործադրողի չի ճանաչում: 
 
 - Դատական նիստերը տեղի են ունենում մեծ ընդհատումներով: Պատկերացնում եք, 3 խմբի դատը մոտ մեկ ամսով ընդմիջված է այն պատճառով, որ դատավորը գնացել է արձակուրդ,- մանրամասնեց փաստաբանը: 
 
Այնուամենայնիվ, նա հույս ունի, որ որ այս տարվա ընթացքում դատական գործընթացը կավարտվի: ՀՀ-ում դատական բոլոր ատյանները սպառելուց հետո կալանավորվածների իրավահաջորդները դիմելու են ՄԻԵԴ:
Ասուլիսին ներկա էին նաև կալանավորված բնակիչներ Հրաչ Բոյաջյանի, Էդուարդ Զեյթունցյանի կանայք՝ Լալա Բերնացյանն ու Նարինե Ղազարյանը: Նրանք ևս դժգոհեցին քրեական գործի ընթացքից: Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնացյանն, ասաց, որ ամուսինն ունի սրտի և ողնաշարի խնդիրներ, որոնք ավելի են խորացել մեկ տարվա ընթացքում: 
 
Սարի թաղի կալանավորված Հրաչ Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանն էլ ասաց, որ նորից բողոքի ակցիաներ են անելու՝ ինչպես ամիսներ առաջ  ՀՀ դատախազության շենքի առջև էին կազմակերպել:
 
Հարազատներին վրդովեցնում է նաև այն հանգամանքը, որ պատկան մարմիններին չի հետաքրքրում կալանավորվածների հարազատների ընտանքիների վիճակը.
 
- Դատախազի հետ հանդիպել ենք՝ ասել է՝ թող կալանավորվածներն ընդունեն իրենց մեղքը, որից հետո խափանման միջոցը կփոխվի: Բայց ինչո՞ւ ընդունեն, եթե չեն արել հանցանքը: Ընդունեն, որ իշխանության երեսը պարզերես անե՞ն,- ասացին  կանայք: