Առևտրականների 90 տոկոսը վարկերի ու պարտքերի տակ է

ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ, ՈՐ ՓՈՂՈՑՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԵՆ

Առաջին հայացքից կենցաղային թվացող առօրեական մի դրվագ է այն, ինչը նորից փոթորկել է մի խումբ երևանաբնակների, և ինչն, ավաղ, վերստին փաստում է ազգաբնակչության անվստահությունը` այս պարագայում մայրաքաղաքի իշխանության նկատմամբ:

Երևանի «Ֆիրդուսի» շուկայի առևտրականները և թաղամասի բնակիչներն այսօր Կառավարության շենքի առջև էին: Նրանք ցանկանում էին հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանին և ներկայացնել իրենց խնդիրը.

 

- Երկու օր է` անգործ, անբան… Առևտրականների 90 տոկոսը վարկերի ու պարտքերի տակ է, չէր կարելի նման ձևով վարվել,- ասաց բողոքի ակցիայի մասնակից առևտրականներից մեկը:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ոստիկանական ուժերի ու Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և հատուկ տեխնիկայի միջոցով սկսվել է Երևանի կենտրոնում գտնվող «Ֆիրդուսի» շուկայի ապամոնտաժումը, որը շարունակվում է նաև այսօր:

Այս շուկայում առևտրով զբաղվողները քաղաքապետարանից մինչև դեկտեմբեր ժամանակ  էին խնդրել, որպեսզի հասցնեն ապրանքն իրացնել, որից հետո միայն ազատեն տարածքը:
Սակայն մայրաքաղաքի իշխանություններն չընդառաջեցին ֆիրդուսցիների խնդրանքին: Սա այն դեպքում, երբ բնակիչները, առևտրականները հիասթափված հայտարարում էին, թե ընտրել են Տարոն Մարգարյանին, ու նա հիմա իրենց հետ այդպե՞ս է վարվում:

Ընդդիմադիրներն էլ առիթը բաց չեն թողել և սոցիալական ցանցերում արդեն հանդիմանանք են հնչեցնում, թե` լավ է, որ խոստովանում են, որ ընտրել են մի քաղաքական ուժի` ՀՀԿ ներկայացուցչին, որն այսօր իր քաղաքացիների հետ այսպես է վարվում:

- Թե չէ միայն մեղքը բարդել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի վրա, ճիշտ չէ,- գրել են  ընդդիմադիրները:

Առևտրականներին քաղաքապետարանն առաջարկել է տեղափոխվել «Երևան» տոնավաճառ, «Առինջ մոլ», սակայն այդ շուկաներում վարձավճարները բարձր են:

«Ֆիրդուսի» շուկայի տարածքին կից ապրողները ևս մտավախություն ունեն, որ իրենց էլ բնակարաններից դուրս կհանեն, գցեն փողոց և փոխհատուցում էլ չեն տա: Նրանք Կառավարությունից պահանջում են, որ  իրենց հետ պայմանագրեր կնքեն, որպեսզի չնչին  փոխհատուցում չստանան իրենց տների դիմաց` ինչպես թաղամասի նախկին բնակիչներից շատերի հետ եղավ: