Եկամտաբեր դարձնելու փոխարեն օտարե՞լ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ, ԵՐԲ ԳՆԱՑՔՆ ԱՐԴԵՆ ՄԵԿՆԵԼ Է

Կուսակցին պաշտպանելը, նրա ղեկավարած կառույցի համար վերևներում միջնորդներ փնտրելն ու սև ցուցակից գլուխը պրծացնելը նույնպես շահադիտական կարելի  է համարել: Ըստ տեղեկությունների՝ այսպես են վարվել ՀՀԿ կոալիցիոն գործընկեր դաշնակցականները: Տեղեկությունների համաձայն՝ նրանք  անգամ ՀՀ նախագահին են խնդրել, որ մասնավորեցվող ընկերությունների ցանկից հանի Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնը:
Իսկ դաշնակցականների մտահոգությունը պարզ է՝ վերոնշյալ կենտրոնի ղեկավարը դաշնակցության անդամ Նորայր Դավիդյանն է: Նա, հիշեցնենք, եղել է առողջապահության նախարար, մասնակցել ԱԺ վերջին ընտրություններին: Դավիդյանն առաջիններից էր, ով դեմ արտահայտվեց մասնավորեցմանը, և նրա ընդվզումն արդարացի էր.
 
- Սա գիտական կենտրոն է, ուր 5 պրոֆեսոր է աշխատում, գիտությունների 8 թեկնածու, բարձրագույն կարգի բժիշկներ: Բոլորը դեմ են սարսափելի: Լա´վ, մի անգամ կարելի՞ էր գալ, մի հատ կարելի՞ էր բացատրել՝ ինչ եք անում։ Սա ոչ համալիր է, ոչ էլ կառավարության շենք, որը կարելի է ուղղակի դնել ու վաճառել: Ախր, ո՞նց են առանց ուսումնասիրելու այդպիսի բան անում: Հիմա կարելի է այստեղ նաև խորովածանոց սարքել, երևի մի քիչ ավելի լավ կլինի:
 
Բացի Դավիդյանից՝ մասնավորեցմանը դեմ են նաև օրենսդիր մարմնի այն անդամները, ովքեր այս կամ այն կերպ կապված են մասնավորեցման ցանկում տեղ գտած ընկերություններին: Թեև օրենսդիր մարմնում իշխող կուսակցությունը խոստացավ բոլոր առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնել  (այդ պատճառով էլ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց), սակայն մինչ օրս որևէ քննարկում չի եղել օրինագիծը մերժողների հետ:
 
Խնդրին անդրադարձել է նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ով պնդում է, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնը  պե՛տք է մասնավորեցվի.
 
- Առողջապահական համակարգում և մարդկանց առողջության համար ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի կուսակցությունը: Ցանկացած կուսկացության դեպքում առողջապահությունը պետք է համապատասխանի միջազգային ստանդարտներին: Եթե այդպիսի համապատասխանություն չունենք, մենք սկսում ենք մտածել զարգացման մասին:  
 
Եթե հասարակության կամ գոնե ոլորտի մասնագետների կարծիքն իսկապես կարող է ազդել ապապետականացման որոշման վրա, ուրեմն հանրային քննարկումները օրինագծի ստեղծումից առաջ պետք է կազմակերպվեին: Առնվազն՝ մինչև ԱԺ-ում առաջին ընթերցման ներկայացնելը: Մինչդեռ դրանք հիմա են սկսվել: Իսկ թե ում են պետք  դրանք՝ գործադիր մարմնի անդամն ասում է, որ եթե էական փաստարկներ լինեն, որոշումը կվերանայեն: Ասում է, հետո էլ «մատնում», որ որոշումն անբեկանելի է.
 
- Բայց այդպիսի էական փաստարկներ չեն կարող լինել, քանզի այդ բուժհաստատությունները «մինուսով » են աշխատում,- ասում է կառավարության անդամը:
 
Թե ինչ էական փաստարկներ նկատի ունի նախարարը՝ պարզ չէ, բայց եթե ՀՅԴ-ին հաջողվի  իր կուսակցին պատկանող կառույցը չմասնավորեցնել, կնշանակի սեփականաշնորհման ցանկում ընդգրկված մյուս կազմակերպությունների տերերն ու «տանիքներն» էլ կարող են «փրկության» հույսեր փայփայել:
 
Եթե բժշկական հաստատությունները «մինուսով» են աշխատում, նշանակում է վերոնշյալ կենտրոնն ու առողջապահական մյուս օջախները (Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ, «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ) անարդյունավետ են կառավարվում, որի հետևանքով  պետության գումարները փոշիացվում են: Բայց երբ «մինուսով» են աշխատում մասնավորեցված  առողջապահական կենտրոնները, դրա համար կամ կառավարչին, կամ կառավարման մեխանիզմն են փոխում:
 
Բացի այդ, եթե ապապետականացվող բուժհիմնարկները շարունակելու են նույն նպատակին ծառայել, ապա դրանց ապագա սեփականատերերն ինչո՞ւ են ձգտում իրենց գումարները փոշիացնել: 
 
Սակայն եթե Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնը մասնավորեցման ցուցակում է, ենթադրելի է, որ գոնե նախնական հաշվարկներ կան, թե ինչ օգուտ կարելի է ստանալ այդ բուժհաստատությունից: 
 
Այս ամենից զատ՝ կարևորագույն այլ հարց էլ կա, որը պիտի՛ մտահոգի իր քաղաքացիների առողջությամբ մտահոգ Կառավարությանը: Մասնավորեցումից հետո հազիվ թե անապահով խավը կարողանա իր գրպանին  մատչելի  բուժական ծառայություններ ստանալ: Այդժամ պետությունն է ստիպված լինելու ավելի շատ գումարներ վճարել այս կամ այն կլինիկայի սեփականատիրոջը՝ անվճարունակ խավի գոնե մի քանի ներկայացուցչի բուժման համար: 
 
Ճիշտ է ասված՝ ժլատը կրկնակի է վճարում: Այսօր չես ուզում ծախսել՝ ունեցածդ պահելու համար, վաղը կրկնակի-եռակին ես մսխելու՝ կորցրածիդ փոխհատուցում գտնելու համար: