«Նույնիսկ ԽՍՀՄ կազմում Հայաստանում մեկ պետական լեզու է եղել՝ հայերենը»

«Ի՞ՆՉ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԵՐԵՆԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼԸ»

Հետխորհրդային երկրներում, այդ թվում նաև Հայաստանում,  ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու Ռուսաստանի նպատակները նորություն չեն, և ռուս պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ  հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով:
 
Վերջերս ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն էր առաջարկել ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ՝ ավելի քան պարզունակ «հիմնավորմամբ»՝ որպեսզի ազգային վարորդական վկայականներն ընդունվեն Ռուսաստանում:
 
Հանրության գերակշիռ մասի կողմից այց առաջարկի անընդունելի լինելը ևս մեկ անգամ փաստեցին այդ թեմայով «Ավանգարդի» հրապարակման արձագանքները:
 
«Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալը» թեմայով  «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ընթացքում հրավիրված բանախոսները ևս շատ կտրուկ արտահայտվեցին ռուսական կողմի առաջարկությանը՝ նշելով, թե այն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ քննարկումների օրակարգային թեմա դարձնել պետք չէ:
 
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը նշեց, որ ռուսական քաղաքականության արտաքին ուղենիշներից մեկը միշտ էլ եղել է մասնավորապես ԱՊՀ անդամ երկրներում ռուսաց լեզվի համար պաշտոնական կարգավիճակ ստանալը, որը տեղավորվում է «ռուսական աշխարհ» կոչվող գաղափարախոսության շրջանակներում: Վերջինս տեղեկացրեց, որ դեռ 2007թ.-ին ամենաբարձր մակարդակով նման հարցադրում պահանջ եղել է Հայաստանի իշխանություններին:
 
- 2010թ. «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման ժամանակ մի փակ հանդիպման ընթացքում հայ պաշտոնյաներից մեկն է դա մեզ ասել, որի անունը ես չեմ կարող տալ, քանի որ փակ հանդիպում է եղել: Հայաստանի իշխանությունները այդ ժամանակ կտրուկ հակադարձել են ռուսներին: Սակայն պարբերաբար նման փորձեր արվում են: Հիմա նույն պրոցեսն է, զոնդաժի միջոցով փորձում են հասկանալ, թե տվյալ պետության հասարակությունը ինչպես է արձագանքում: 
 
Բանախոսը հավելեց, որ այս պարագայում այդքան էլ կարևոր չէ իշխանությունը, շեշտը հասարակության վրա են դնում և նշեց, որ հասարակության կողմեց շատ կտրուկ հակադարձում է եղել ու կլինի:
 
«Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանը, արձագանքելով հարցին, թե արդյո՞ք հայ հասարակության մի ստվար մասի մոտ տիրող ռուսամետ տրամադրությունները կարող են Ռուսաստանի կողմից լեզվի հարցում հավելյալ ճնշման միջոց հանդիսանալ, նշեց, որ լեզվի խնդիրը բացառիկ թեմա է, և արտաքին քաղաքական կողմնորոշումը հազիվ թե մեծ ազդեցություն ունենա:
 
- Ես չեմ կարծում, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով, ասենք արևմտամետ են կամ ռուսամետ են և դրանով հակառակվում են մեր լեզվին, հայոց պետականությանը: Ես կարծում եմ, որ լեզվի նկատմամբ վերբերմունքը մեր հասարակության ֆունդամենտալ արժեքներից է, որը միավորում է անկախ համոզմունքներից, սոցալ-քաղաքական կողմնորոշումներից,- նշեց Արմեն Հովհաննիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ ճնշող մեծամասնության համար հայերենի կարգավիճակը փոփոխելը անընդունելի է:
 
Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ նույնիսկ ԽՍՀՄ կազմում 1970-ական թվականներից Հայաստանում մեկ պետական լեզու է եղել՝ հայերենը:
 
Բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն իր հերթին նշեց, որ իրեն չի հետաքրքրում Ռուսաստանի պաշտոնական քաղաքականությունը, նույնիսկ դա բնական համարեց, քանի որ իրենք փորձում են առաջ տանել իրենց շահերը: Սակայն նա զարմացած է հայ պաշտոնյաների արձագանքների առումով:
 
- Երբ ես ծանոթացա հայ պաշտոնյաների արձագանքներին, պարզապես զարմացա: Զարմացած եմ այն հանգամանքից, որ այդպիսի անատամ արձագանքը՝ «օրակարգում կա, օրակարգում չկա...» և սրանով բավարարված ասում են թե հակահարված տվեցինք : Ես՝ որպես քաղաքացի, երբ լսում եմ որևէ պաշտոնյայի այսպիսի մի արտահայտություն, ակամա կասկած է առաջանում, թե արդյո՞ք սա հասարակության աչքին հերթական անգամ թոզ փչելու փորձ չէ,- նշեց Սամվել Կարաբեկյանը:
 
Վերջինս, խոսելով հասարակության արձագանքից, կարծիք հայտնեց, որ մեր հասարակությունը, ցավոք սրտի, բավականին կրավորական է այդ կարգի նուրբ և զգայուն հարցերի նկատմամբ, որի պատճառը բանախոսը համարում է պետական որոշումների վրա հանրության ազդեցության գրեթե բացակայությունը. 
 
- Կարևորն այն է, որ մեր հասարակության բացարձակ մեծամասնությունը օտարված է, թեկուզ նման հարցի շուրջ այս կամ այն լեգալ մեխանիզմով իր կարծիքն արտահայտելուց:
 
ԼԵԶՈՒՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը կարծիք է հայտնում, որ լեզուն նման ոտնձգություններից պաշտպանելու համար անհրաժեշտ է պետական հստակ քաղաքականություն, որը, սակայն, բացակայում է:
 
- Պետք է խրախուսել հայերեն բովանդակության ստեղծումը, պախարակել լատինատառով, կիրիլիցայով և նմանատիպ գործիքներով հայերենով արտահայտվելը,- նշեց բանախոսը:
 
Վերջինս դրական միտում համարեց այն, որ այժմ մեծանում է մի սերունդ, որը գերազանց հայերեն է խոսում, որի պատճառն այն է, որ նրանք բոլոր առարկաներն անցնում են ու բովանդակությունը ստանում են հայերենով:
 
- Բայց սա բավարար չէ: Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարաշրջանում մենք ունենք հայերենով շատ քիչ բովանդակություն: 21-րդ դարում էլեկտրոնային բովանդակությանը պետք է լուրջ ուշադրություն դարձնել,- նշեց Արայիկ Հարությունյանը:
 
Արմեն Հովհաննիսյանը նկատեց, որ գործող իշխանությունները խնդիր ունեն հասկանալու, թե ինչ է նշանակում սահմանադրականություն և այդ շրջանակներում՝ պետական լեզու:
 
- Եթե պետությունը սահմանադրությամբ որևէ լեզու ճանաչում է պետական, դա միայն այն չէ, որ խորհրդարանում ելույթ են ունենում հայերեն: Դա նաև շատ լուրջ պարտավորություններ են պետության վրա այդ լեզվի պահպանման և զարգացման ուղղությամբ,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:
 
Արձագանքելով այն դիտարկմանը, թե իշխանությունները միշտ պատճառաբանում են, որ ռեսուրսները սուղ են հայերենը հավուր պատշաճի զարգացնելու համար, բանախոսը հակադարձեց. «Կրթության նախարարության մի թանկարժեք մեքենայի գումարը բավական է աշխարհի լավագույն դասագիրքը՝ որևէ ոլորտի, ամբողջությամբ հեղինակային իրավունքով թարգմանելու համար: 30-40 հազար դոլարի մասին է խոսքը՝ մեկ մեքենայի գին»:
Սամվել Կարաբեկյանը կարծիք հայտնեց, որ հայագիտությունը ողբալի վիճակում է գտնվում.
 
- Դա նրանից է, որ մեր հայագիտությունը արդիականացված չէ, նա մնացել է շատ փոքրիկ շրջանակում, և ինքն իր մեջ եփվում է: