Ինչպես «քարկոծել» բարերարին
ԵՐԱԽՏԱՄՈՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԻՇ Ո՞ՆՑ Է ԼԻՆՈՒՄ
ՌԴ Վլադիմիրի մարզի Ստրունինո քաղաքի բնակիչները բողոքել են… իրենց բարերարություն անողից: Այդ քաղաքում բնակվող հայ գործարար Մահմուդ Շավերշյանը (այս անունով է նրան ներկայացրել «Ռուսարմինֆո.ռու» կայքը) յոթ տարուց ավելի է` անվճար հաց է բաժանում թոշակառուներին, հաշմանդամներին, ընչազուրկներին: Ահա և նրա բարերարությունից օգտվողները մտածել են, թե այդ օգնությունն իրենց տրամադրել է ինքը՝ Վլադիմիր Պուտինը, իսկ այն իրենց հասցնող օտարականը հաստատ մի մասն ինքն է յուրացնում: Եվ քանի որ բնավ չեն կասկածել, որ հենց այդպես էլ կա, սկսել են բողոքներ գրել Պուտինի աշխատակազմին և դատախազությանը:
Հայ գործարարը, աղբյուրի փոխանցմամբ, նաև թխվածքաբլիթներ է մատակարարում մերձակա մանկապարտեզին, եկեղեցուն է հաց հատկացնում, իսկ Հայաստանում երկար տարիներ հովանավորում է այն դպրոցին, որտեղ ինքը սովորել է:
Բողոքների մասին իմանալով` Շավերշանն ասել է, թե իշխանություններն իր այդ նախաձեռնությունների վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունեն: Ինքը դրա համար շնորհակալություն չի ստացել, ոչ էլ ակնկալում է. պարզապես ցանկանում է, որ իր շուրջն ապրող մարդիկ շատ թե քիչ կուշտ լինեն: Իսկ մթերքներ բաշխելու գաղափարը նա ժառանգել է իր պապից, ով պատերազմի բովով անցած լինելով` միշտ ասել է, թե մարդկանց պետք է օգնել:
Ի՞նչ է սա` աղուհացն ուրանա՞լ: Մարդուն սեփական արշինո՞վ չափել:
Թերևս ավելի շատ ցույց է տալիս, որ մարդկությունն սկսել է ապրել ծուռ հայելիների աշխարհում, որտեղ մարդասպանը առաջնորդ է, խաբեբան` քաղաքական գործիչ, հափշտակիչը` բարերար, իսկ բարերարը` յուրացնող…
Այս իրավիճակի մասին հայերը ասացվածքներ շատ ունեն, օրինակ՝ լավություն անողի գլուխը ծակ է կամ երկոտնանուն լավություն չեն անի: Բայց նաև հենց մեր ասացվածքն է ասում` լավություն արա ու ջուրը գցիր, մի օր առաջդ կգա:
Մեր հայրենակիցն, իհարկե, իր համաքաղաքացիների այս քայլից չի տուժել: Սակայն ինչքա՞ն դառնություն է խառնվել նրա ապրումներին: Եվ ընդհանրապես, այսպիսի իրողություններից ինչպե՞ս է արժեզրկվում բարեգործությունն ինքնին: