«Եթե մենք ամուր կանգնած լինենք, մեր լեզուն չեն փոխանակի վարորդական իրավունքի հետ»

Ո՞ւՐ Է ՆԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ

Լեզվական խնդիրներին այսօր անդրադարձել են նաև լեզվաբան Արտաշես ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ու Լավրենտի ՄԻՐԶՈՅԱՆԸ: 
 
- Հայաստանում ռուսերենը չի կարող լինել 2-րդ պետական լեզու, որովհետև դրա համար սահմանադրական փոփոխություններ պետք է լինեն, հանրաքվե պետք է անցկացվի, իսկ այդ դեպքում ժողովուրդը, կարծում եմ, խոհեմ կգտնվի ու կասի ոչ,- նշեց լեզվաբան, Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը՝ արձագանքելով ՌԴ պետդումայի խոսնակ Վ. Վոլոդինի այն առաջարկին, որ եթե ռուսերենը ՀՀ-ում դառնա պետական լեզու՝ ՌԴ-ն կճանաչի հայաստանյան վարորդական իրավունքը։
 
Դիպուկ էր նրա այն դիտարկումը, որ՝
 
- Նույնը կարող են պահանջել չինացիները, ֆրանսիացիները, Պարսկաստանը և այլք։ Այս հարցը համարենք փակված, բայց եթե այսօր վարորդական իրավունքները չեն անցնում ՌԴ-ում, Վոլոդինը պետք է հիշի Վիեննայի համաձայնագիրը. սա միջազգային չափանիշների ոտնահարում է։
 
Բանախոսների համոզմամբ՝ հայոց լեզուն անաղարտ չպահելու պատճառը օտարամոլություն է, ինչը վաղուց խեղդում է մեզ: 
    
- Ասում են՝ իրական սուրճ, իրական շահում, անհատական գազի կաթսաներ, փոխանակ ասեն՝ գազի անհատական կաթսաներ: Կամ՝ «բուրավետ աղբի փաթեթներ»՝ փոխանակ ասեն «աղբի բուրավետ փաթեթներ»: «Բուժիչ սեղանի հանքային ջուր»՝ փոխանակ «բուժիչ հանքային ջուրը»- ասաց Արտաշես Մարտիրոսյանը:  
 
Բանախոսը չէր կարող շրջանցել նաև գերազանցապես օտարագիր գովազդային  վահանակներին: Մեր մայրենիի խաթարման այլ օրինակներ էլ նա հիշատակեց.
 
- Մեզանում նաև վահանակների մեծամասնությունն է օտարագիր: Կան վահանակներ, որ հայատառ են, բայց հայի մտքին ու լեզվին ոչինչ չեն ասում: Օրինակ՝ քոֆիհաուզ, գարդեն մոլ... այս մոլերը մեզ խեղդել են: Կամ, ինչո՞ւ պիտի լինի «Երևան սիթի», թող լինի «Երևան քաղաք»: Կամ ի՞նչ է մեզ ասում «ՍԱՍ» հապավումը: Այս բոլոր հարցերը կանոնակարգման ենթակա են, պետականորեն պիտի վերանայվեն ու կարգավորվեն: Ինչ չարչրկված վիճակում է էլիտար բառը: Էլիտար շենք, էլիտար խորոված...
 
Լուծումը, ըստ Արտաշես Մարտիրոսյանի, ոչ թե Լեզվի պետական տեսչության լուծարումն է, այլ դրա ընդլայնումը: Լեզվաբանի համոզմամբ այս մարմինը պիտի նաև տուգանի լեզվի անաղարտությունը չպահող կազմակերպություններին:
 
Սակայն փորձը ցույց է տվել, որ տուգանքները չեն ազդում օտարամոլ գործարարների վրա: Ավելի մեծ իրավասություններ են պետք՝ արգելելու ոչ հայեցի, օտարաբառ ու օտարատառ ցուցանակները:
 
Ինչպես նկատեց Լավրենտի Միրզոյանը՝ Երևան քաղաքը դարձել է օտար լեզուների քաղաք: 300-ից ավելի տարբեր լեզուներով անուններ կան Մաշտոց, Բաղրամյան պողոտաներում: Ո՞ւր է նայում քաղաքապետարանը: Չէ՞ որ ունի գովազդային բաժին ու, երևի նաև՝ հայոց լեզվին տրապետող մասնագետներ: