Ընդդեմ դրամաշնորհների՞, թե՞ Արևմուտքի

ԽՆԴԻՐՆ ԱՐԴԻԱԿԱՆ Է, ՄՈՏԵՑՈՒՄԸ՝ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ

Վտանգավոր համարելով միայն Արևմուտքից տրամադրվող դրամաշնորհները, «Ժողովրդի ձայնը» ՀԿ փորձագետ Արման Ղուկասյանը  Ռուսաստանից ստացվողները սպառնալիք չի համարում մեր ազգային անվտանգությանը, որովհետև… դրանք ավելի համեստ գումարներ են: Տարօրինակ չէ՞ այսպիսի միակողմանիությունը. ազգային անվտանգության համար սպառնալիք է գումարների չա՞փը, թե՞ դրանց տրամադրման նպատակը: 
 
Հայաստանում գործող և այլ երկրներից ֆինանսավորող ՀԿ-ներին հանրային-քաղաքական շրջանակները  դրական չեն վերաբերվում: Ավելին՝ համարելով, որ օտար պետություններից ֆինանսավորող հասարակական կազմակերպությունները սպասարկում են այդ երկրների շահերը, շատերը դրանք դիտում են որպես սպառնալիք մեր ազգային անվտանգությանը: 
Այս կարծիքին է նաև «Ժողովրդի ձայնը» ՀԿ փորձագետ Արման Ղուկասյանը: Նա Արդարադատության նախարարությանն է հանձնել ազգային անվտանգությանը սպառնալիք ՀԿ-ների ցանկը և պատրաստվում է օրինագիծ ներկայացնել խորհրդարան, ըստ որի՝ պետք է օտարերկրյա գործակալների գործունեությունն արգելող օրենք լինի Հայաստանում.
 
- Պետք է վերանայվի այն ՀԿ-ների  գործունեությունը, որոնց աշխատանքը չի համապատասխանում հկ-ների ձևաչափին: Առաջարկում ենք, որ Արդարադատության նախարարությանը կից ստեղծվի խորհուրդ, որը կհսկի  դրսից  տրամադրված  դրամաշնորհները: Մի թիվ հրապարակեմ՝ միայն Սորոսի և Եվրոպական ժողովրդական աջակցման հիմնադրամների կողմից 2016- ին մի շարք հկ-ներ ստացել են 2 միլիոն 483 հազար 180 ԱՄՆ դոլար:
 
Ըստ Արման Ղուկասյանի՝ պետք է կասեցվեն նաև քաղաքական ենթատեքստ ունեցող դրամաշնորհները: Որպես ասածի հիմնավորում՝ բանախոսը հիշեցրեց, որ նախորդ տարի Եվրոպական ժողովրդավարական աջակցման հիմնադրամը Տավուշում աջակցել է կանանց, որպեսզի մասնակցեն ընտրություններին: 
 
- Սա քաղաքական դրամաշնորհ է, որն ընդունելի չէ,- ասաց փորձագետը:
 
Խորհրդարանին ներկայացնելիք օրինագծով դիվանագիտական ներկայացուցչություններին, կառույցներին, դեսպանատներին պետք է արգելվի ֆինանսավորել քաղաքական բնույթի ծրագրեր: 
 
Թեև Արման Ղուկասյանը  չթվարկեց բոլոր ՀԿ-ների անունները, որոնց գործունեությունը սպառնում է մեր ազգային անվտանգությանը, բայց հնչեցրեց մեկ-երկուսի անունը՝ Հելսինկյան ասամբլեա, Սորոսի և Եվրասիա հիմնադրամներ, Կանանց ռեսուրսային կենտրոն Փինկ Արմենիա ՀԿ, Նոր սերունդ: Ի դեպ՝ վերջին երկուսը հովանավորում են սեռական փոքրամասնություններին:
 
Օրինաչափ էր նրան ուղղված հարցը՝ ինչո՞ւ չի խոսում  ռուսական ֆինանսավորման մասին: Մի՞թե Հայաստանում չկան ՌԴ-ից ֆինանսավորող ՀԿ-ներ: Ի պատասխան Արման Ղուկասյանն ասաց, որ Արևմուտքից ստացվող այդքան մեծ չափի դրամաշնորհներ Հայաստանում գործող ՀԿ-ները  Ռուսաստանից չեն ստանում:
 
Այսպիսի միակողմանիությունն առնվազն տարօրինակ է՝ ազգային անվտանգության համար սպառնալիք է գումարների չա՞փը, թե՞ դրանց տրամադրման նպատակը: Իսկ գուցե Արևմուտքն ավելի առատաձեռն է իր ծրագրերին նպաստողների հանդեպ: Քիչ վճարելը բնավ չի՛ նշանակում, որ պատվիրատուն անշահախնդիր է, որ նրա ֆինանսավորումը քաղաքական նպատակներ չունի և սեփական շահերը չի առաջ մղում մեր երկրում:
 
Արման Ղուկասյանն իշխանությանն առաջարկում է աջակցել հասարակական սեկտորին, որ մարդիկ օտարերկրյա դրամաշնորհների հույսին չմնան: Բայց չէ՞ որ այդ դեպքում էլ ՀԿ-ները կվերածվեն պետական կառույցների՝ կասկածի տակ դնելով իրենց գոյության նպատակահարմարությունը: