Իսկ ի՞նչն են խեղդում դառնահամ ծխով
ԾԽԵ՞Լ, ԹԵ՞ ՉԽԵԼ. ՉԾԽԵ՛Լ, ԲԱՅՑ...
Թյուր պատկերացում թող չստեղծվի, թե ովևէ մեկը, անգամ՝ մոլի ծխողները, դեմ են ծխամոլության դեմ պայքարին: Պարզապես՝ դրանից առաջ (ու հանուն դրա) առողջ ապրելակերպի համար պայմաններ պիտի ապահովել, որը հասանելի ու մատչելի կլինի բոլորին: Հիվանդաբուժության փոխարեն ազգաբնակչության առողջությունը պահպանելու և դրան նպաստող խնդիրները պետք է առաջնահերթել՝ սկսած հոգեմաշ աղքատությունը վերացնելուց մինչև բնապահպանություն: Այլապես, ինչպես բժիշկ, առողջապահության կազմակերպիչ և հակածխախոտային պայքարի ջատագով Արսեն Թորոսյանն է նկատել՝
- Բազմաթիվ ռազմավարություններ են ընդունվում, որոնք մնում են թղթի վրա: Վերջում՝ հենց մոտենում է այդ ռազմավարության ավարտը, տեսնում են, որ ոչ մի բան չի ստացվել, պարզապես +5 տարի են անում, ասում են՝ լավ, մյուս հինգ տարում կանենք, նախորդ հինգ տարում չարեցինք, որովհետև ծանր էր երկրի վիճակը:
Ի դեպ, տեղին է նաև նրա այն դիտարկումը, թե պետք չէ բացառել, որ ծխախոտի ինդուստրիայի ներկայացուցիչների կողմից առաջիկայում կարող են որոշում կայացնողների վրա ազդելու փորձեր լինել:
Գործադիրը երեկ հավանության է արժանացրել ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող՝ 2017-2020 թթ. միջոցառումների ծրագիրը: Ռազմավարությամբ կնախանշվեն ծխելու դեմ պայքարի գերակայությունները՝ ուղղված ծխախոտի իրացման, սպառման օգտագործման սահմանափակումների սահմանմանը: Որոշման նպատակն է պահպանել բնակչության առողջությունը և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկը՝ կրճատելով ծխախոտի օգտագործման տարածվածությունը:
Եթե անկեղծ՝ մարդասիրական որոշում է. Կառավարությունը մտահոգ է ազգաբնակչության առողջության պահպանմամբ: Բայց մի՞թե այս ձեռնարկման հեղինակները հավատում են, որ հարկային օրենսդրության վերանայմամբ, օգտագործման համար արգելված վայրերի ընդլայնմամբ, իրազեկման արդյունավետ գործիքների մշակմամբ և նմանատիպ այլ քայլերով հասնելու են իրենց իսկ ակնկալած արդյունքներին: Ավելի կոնկրետ՝ ինչպես առողջապահության նախարարն է նշել ՝ ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցում (տարեկան 1,5-2 %-ով), 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում՝ մինչև 10%-ի չափով, երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, ինչը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացության կրճատում 5%-ով:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, գուցեև հումորով, բայց իրատեսորեն ծխելու դեմ պայքարը համեմատել էր կոռուպցիայի դեմ պայքարին: Հար և նման սիզիֆյան կոչվող՝ չվերջացող, հոգնեցուցիչ և, որ ամենավհատեցնողն է՝ անարդյունք աշխատանք:
Ով-ով, բայց առողջապահության նախարարը բոլորից լավ գիտե, որ ցանկացած ախտ հիմնովին բուժելու համար նախ դրա հարուցիչներն են վերացնում: Ամենաարդյունավետն, իհարկե, կանխալգելումն է, որի մասին խոսելն անգամ ժամանակավրեպ է: Իսկ մեզանում ծխելու այսքան տարածվածության պատճառների դեմ ո՞վ և ե՞րբ է պայքար ծավալելու: Մանավանդ՝ պաշտոնական վիճակագրությունը թե՛ կանոնավոր, թե՛ անկանոն ծխողների թվի անշեղ աճ է արձանագրում․ եթե 2012-ին Հայաստանում ամեն օր ծխախոտ էր օգտագործում բնակչության 23 տոկոսը, ապա 2016-ին այդ թիվը կազմել է 26.2 տոկոս: Աճել է նաև ոչ ամեն օր ծխողների թիվը, և ոչ ոք չի կարող երաշխավորել արատավոր այդ սովորույթի դեմ պայքարի հաջողությունը, քանի դեռ չի փոխվի մեր կենսակերպը:
Այսպիսի մի կետ է ամրագրված ռազմավարության մեջ.
- Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցված վնասների տվյալների ու մասշտաբների վերլուծության, հիմնական գործոնների, պատճառների բացահայտման և համաճարակաբանական հսկողության արդյունավետ գործընթացի իրականացում:
Բայց չէ՞ որ ծխախոտով ոմանք նաև իրենց քաղցն են հագեցնում, շատերը՝ նյարդային լարվածությունն են մեղմում: Ո՞վ կարող է պնդել, որ թերսնվածությունն ու սոցիալական խնդիրների սարդոստայնում հայտնվածի նյարդային պրկումները ծխելուց ավելի քիչ վտանգ են ներկայացնում:
Ծխախոտի գնի թանկացմամբ դրա սպառումը նվազեցնելու հույսերը ևս իրատեսական չեն: Ավելին, դրանով է՛լ ավելի մեծ վտանգի հանդիման կհայտնվեն ծխողները՝ ստիպվելու են էժանագին ծխելիք գտնել. Իսկ մատակարարներ, հաստա՛տ, կգտնվեն: