Անուրախ վիճակագրություն

ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է 6200-ՈՎ

«Հուսահատեցնող» բառը պարզապես չենք ուզում օգտագործել՝ անհուսությանն անձնատուր չլինելու համար: Բայց վիճակագրությունն անզիջում դատավոր է: Եվ համառորեն փաստում է՝ 2017-ի առաջին կիսամյակում աճել է մահացության ու ամուսնալուծությունների թիվը՝ ի հեճուկս ամուսնությունների և ծնելիության նվազած քանակի: Ավելին, անցանկալի այս աճի ու երիցս անցանկալի նվազման միտումը 2015-ի համեմատ է՛լ ավելի տխուր է: 
 
Ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 6200-ով, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ 15.000-ով։ Այս նվազման հիմնական պատճառը համարվում է արտագաղթը։
 
Ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն փաստմամբ՝ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակվում է 2 979 900 մարդ։ 
 
Տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանից մեկել ու չի վերադարձել 8 700 քաղաքացի. նրանցից 1400-ն առհասարակ դուրս են եկել հաշվառումից և ապաստան գտել արտերկրում։ Գերազանցապես՝ Ռուսաստանում, Վրաստանում ու Միացյալ Նահանգներում։ 
 
Վտանգավոր միտում ունի նաև համամասնության խնդիրը: Նշյալ ժամանակահատվածում ամենից շատ թվով երեխաներ ծնվել են Երևանում, ամուսնությունների ամենամեծ թիվը գրանցվել է Երևանում, բայց մահացության և ամուսնալուծությունների թվով «առաջատարը» Լոռին է: 
 
Հայաստանում արձանագրված 14 709 մահերից 8 425-ը (կեսից ավելին) արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետևանքով են: Ընդհանուր ցուցանիշում քիչ չեն նաև նորագոյացություններից մահացության դեպքերը: Ի դեպ, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, այս ցուցանիշն աճել է 20%-ով:
Մահվան հիմնական պատճառներ են դարձել արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, դժբախտ պատահարները, թունավորումները, նորագոյացությունները, շնչառական, մարսողական օրգանների, վարակիչ և մակաբուծային հիվանդությունները:
 
Ծնելիության նվազմանն ու մահացության ավելացմանը գումարվում է արտագաղթը՝ ավելի առարկայական դարձնելով հիմնախնդիրը, որը նաև ժողովրդագրական վտանգ է՝ ուղղված երկրի ապագային: Սա է հաստատում նաև վերջերս հրապարակված ՄԱԿ-ի զեկույցը, որի կանխատեսումներով՝ 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի մոտ 2 միլիոն 700 հազար մարդ, իսկ 2100 թվականին այդ թիվը կնվազի մինչև 1մլն 849 հազար:
 
Բնակչության թվի էական աճ ապահովելու՝ ներկա և նախորդ կառավարությունների խոստումները շարունակում են սոսկ բարի ցանկություն մնալ, որովհետև կյանքի չի կոչվում այդ խոստումների մյուս բաղկացուցիչը՝ բարելավել կյանքի որակը: Ավելին, տեսանելի ոչինչ չի արվում արտագաղթը կանխելու ուղղությամբ: Ասել է թե՝ արտագաղթի մղող պատճառները շարունակում են չնահանջել. աշխատատեղերի բացակայություն, ցածր աշխատավարձեր, արդարադատության պակաս, կամայականություններ... Այս ամենի արդյունքում՝
անվստահություն ապագայի նկատմամբ:
 
Մինչդեռ ՀՀ նախագահը 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում առաջիկա տասնամյակների համար գերխնդիր համարեց Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը՝
 
- Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040-ին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի: