Ասում են՝ բնությունը վատ եղանակ չունի
ԵԹԵ ԱՅՍ ՇՈԳԸ ԿԱՐՈՂԱՆԱՅԻՆՔ ԱՄԲԱՐԵԼ…
Երբ խորհրդային տարիներին շոգը սկսում էր նեղել, հանգստավայրեր չմեկնած աշխատողները կասկածում էին, թե օդի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան ներկայացվում է և դժգոհում էին, որ 40°C-ից բարձրի դեպքում իրավունք չունեն մարդկանց աշխատանքի կանչել: Ընդգծենք՝ դա ա՛յն տարիներին, երբ բոլորն ապահովված էին աշխատանքով ու նույնիսկ աշխատավայրի ընտրության հնարավորություն ունեին և չաշխատելու իրավունք չունեին:
Հիմա էլ հաճախ է հնչում այդ դժգոհությունը, և դժգոհողներն իրենց հաշիվ չեն տալիս, որ աշխատանք ունենալն արդե՛ն հաջողություն է, և անիմաստ բողոքները երբեք ոչ մի հարց չեն լուծել: Իսկ եթե ավելի անկեղծ՝ աշխատավայրերը հիմնականում ավելի զով են լինում, քան շատերի բնակարանները:
Շոգից տառապողներին դիտողություն անելը չէ մեր նպատակը, այլ աշխատանքները դադարեցնելու մասին ոմանց պնդումների հիմքերը պարզաբանելը:
aysor.am-ի մեր գործընկերներն այդ հարցով պարզաբանում են ստացել փաստաբան Տիգրան Սարուխանյանից: Նրա մեկնաբանությունները, կարծում ենք, մեր ընթերցողին նույնպես կհետաքրքրեն:
- Այս օրերին, երբ հիդրոմետ ծառայությունը գրանցում է մինչև 40 աստիճան ջերմություն, Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ զգուշացնում են, որ ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում պետք է խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, գործատուները չե՞ն խախտում աշխատողների իրավունքները։
- Օրենսդիրը նախատեսում է հանգստի ժամանակի որոշակի տեսակներ… Ի թիվս այլ հիմքերի, ըստ օրենսգրքի, աշխատողներին հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր օդի ջերմաստիճանային պայմաններում։
Փաստաբանի մեկնաբանմամբ՝ հատուկ ընդմիջումների տրամադրման կարգը, քանակը, տևողությունը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով և ներառվում են աշխատաժամանակում։
- Հարկ է նկատել, որ նշված կարգավորումը արդարացիորեն կարող է տարբեր մեկնաբանությունների առիթ դառնալ և դրա վերլուծությունը կարող է հանգեցնել երկու հնարավոր եզրահանգման: Խոսքը վերաբերում է «ջերմաստիճանային պայմաններ» եզրույթին։ Մի դեպքում կարող ենք մեկնաբանել, որ հատուկ ընդմիջումը տրամադրվում է բոլոր այն դեպքերում երբ օդի ջերմաստիճանը բարձր է 40 աստիճան ցելսիուսից (անկախ նրանից, թե կոնկրետ աշխատանքի վայրում գործատուի կողմից ապահովված են հովացման պայմաններ, թե` ոչ), մեկ այլ դեպքում՝ հատուկ ընդմիջումը տրամադրվում է միայն այն դեպքում, երբ անձը աշխատում է նշված ջերմաստիճանային պայմաններում։ Կարծում եմ, որ նշված հարցը այս օրերին բավական ակտուալ է և առկա է պարզաբանում ստանալու անհրաժեշտություն, որը կարող է տրամադրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Այդուհանդերձ, փաստաբանի խոսքով՝ օրենքը նախատեսում է 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում հատուկ ընդմիջման տրամադրման պահանջ, այսինքն՝ ջերմաստիճանը առնվազն պետք է լինի 41 աստիճան.
- Ի դեպ պետք է նշել, որ դա չի նշանակում որ 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատողը կարող է չաշխատել, այլ ընդամենը նախատեսում է հատուկ ընդմիջում տրամադրելու անհրաժեշտություն, որի չափը և տրամադրման կարգը կարգավորվում է գործատուի և աշխատակցի միջև կնքված պայմանագրով։
Ասել է թե՝ ընդմիջումը 2-3 ժամ դարձնելն անգամ չի փրկի տապից: Մնում է՝ անտրտունջ դիմակայել շոգին և հիշել, որ բնությունը վատ եղանակ չունի: