«Գործ տալն» էլ ո՞նց է լինում

«ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԱՐՔԻՑ

Երբ խորհրդարանում քննարկվում էր «Ազդարարման համակարգի մասին» կոչվող օրենքի նախագիծը, ոչ միայն հասարակության զգալի մասը, այլև որոշ պատգամավորներ մեր ազգային դիմագծին անհարիր համարեցին նման օրենքը: Իսկ  ՀՅԴ֊ական պատգամավոր Ա. Կարապետյանն այն որակեց որպես «ժողովրդական լեզվով ասած՝ գործ տալու ինստիտուտ»։ 
 
Մինչդեռ պարզվում է, որ առանց այդ օրենքի էլ մեզնում քիչ չեն սուտ մատնության դեպքերը, որոնք շարունակում են աճել և որոնց հետևանքով հանիրավի պաշտոնատար անձինք են մեղադրվել հանցագործություններ կատարելու մեջ: Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել  ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ նշելով.
 
- ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չնայած բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննական մարմնին հանցագործության մասին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն պատժելի արարք է, այդուհանդերձ, սուտ մատնությունների աճի միտումը շարունակվում է պահպանվել: Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել սուտ մատնության փաստերով: Միաժամանակ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործի նախաքննությունը:
 
Ահավասիկ, քրեական գործերից մեկի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի բնակչուհի Ռոզա Զուլալյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ահազանգել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին՝ հայտնելով ամուսնու կողմից մաքսանենգ ճանապարհով թմրանյութ արտահանելու նախապատրաստության մասին: Սակայն իր ահազանգին օրինական ընթացք չտալու և այդ կերպ ամուսնու մեկնելուն չխոչընդոտելու համար ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները ամուսնուց կաշառք են ստացել:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ հերքվել են Ռ. Զուլալյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս, դժգոհ լինելով ամուսնու ՌԴ մեկնելու հանգամանքից, նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել ինչպես վերջինիս գործողությունների, այնպես էլ ոստիկանների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ:
 
Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ռոզա Զուլալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
 
Մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Էդիկ Ղազարյանը ոստիկանության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է մեկ այլ բնույթի հանցագործության` պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Մասնավորապես, Էդիկ Ղազարյանը հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակցի կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում հիշյալ ոստիկանը վերցրել է իրեն պատկանող  «Այֆոն 5» և «Սամսունգ Դուոս» տեսակի բջջային հեռախոսները, ինչպես նաև իր մոտ եղած գումարը, սակայն հետագայում նշված իրերը հետ չի վերադարձրել:
Մինչդեռ հիմնավորվել է, որ մինչ Է. Ղազարյանի կալանավորվելը՝ նշված հեռախոսներն ու գումարը գտնվել են վերջինիս մոտ:
 
ՀՀ քաղաքացի Արման Զաքարյանը նույնպես ոստիկաններին և քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:
 
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է դատարանում քննվող քրեական գործով տուժող Սերգեյ Միքայելյանի կողմից ծանր հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի քննիչին հանիրավի մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Մասնավորապես, Ս. Միքայելյանը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հարցաքննության արձանագրության համապատասխան էջերին դրված ստորագրություններն իրենը չեն, և Տավուշի մարզային քննչական վարչությունում հիշյալ գործի քննության ընթացքում ինքը երբևէ ցուցմունք չի տվել: Սակայն պարզվել է, որ արձանագրությունում դրված ստորագրությունները պատկանում են Ս. Միքայելյանին:
 
Կատարվում է նախաքննություն: