Կաշառատու, կաշառառու + միջնորդ
Ո՞Վ Է ԱՐԴԱՐ, Ո՞Վ՝ ՄԵՂԱՎՈՐ
«Մ. Ա.-ն հայտնել է նաև, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հօգուտ իրեն դատական ակտ կայացնելու համար տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ 13.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Երևանի վարչական շրջաններից մեկի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, սակայն քանի որ դատական ակտն ի վնաս իրեն է կայացվել, ուստի դատավորը ետ է վերադարձրել կաշառքի գումարի մի մասը, իսկ մնացած 8.000 ԱՄՆ դոլարը վերադարձնելու վերաբերյալ ստացական է տվել»:
Վերոբերյալը հատված է ՀՀ հատուկ քննչական ծառայության արձանագրություններից է: Մինչ փաստի մանրամասներին անդրադառնալը, փորձենք պարզունակ թվացող մի հարցի պատասխանել՝ ո՞վ է ավելի ազնիվ. կաշառառո՞ւ դատավորը, ով վերադարձրել է կաշառք ստացած գումարի մեծ մասն ու մնացյալի համար էլ խոստում- ստացական է տվել, թե՞ կաշառատուն, ում բողոքն, ըստ էության, ոչ թե կաշառքի պահանջի դեմ է, այլ՝ իր խնդիրը չլուծելու: Հակառակ դեպքում նա պատկան մարմիններին կիրազեկեր մինչև դատական ակտի կայացումը:
Իսկ մանրամասները, ինչպես ասում են՝ դեժավյու է՝ նմանատիպ պատմություններին քաջածանոթ յուրաքանչյուրի համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ևս մեկ քրեական գործ է հարուցվել դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ, ու կատարվում է նախաքննություն:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ու նույն դատարանի դատավորի վերաբերյալ ծառայությունում քննվող քրեական գործով վկա, Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում է տվել, որ դատական կարգով համապատասխան ընկերության տարածքի մի մասը սեփականության իրավունքով ձեռք բերելու համար 2012թ.-ին դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին: Դրա համար Ա. Պետրոսյանը նույն մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի միջոցով իրենից պահանջել է 6.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որի մի մասն ինքը փոխանցել է որպես միջնորդ հանդես եկած դատավորի օգնականի, իսկ մյուս մասը՝ դատարանի նախագահի վարորդի միջոցով:
Կաշառքի գումարը փոխանցելուց հետո Մ. Ա.-ն տեղեկացել է, որ նշված ընկերության տարածքն այլ անձանց կողմից կեղծ փաստաթղթերով օրինականացնելուց հետո վաճառվել է 80.000 ԱՄՆ դոլարով, որից 30.000 ԱՄՆ դոլարը որպես կաշառք տրվել է վերը նշված դատարանի նախագահին: Ուստի Մ. Ա.-ն 2014թ.-ին կարողացել է միջնորդից ետ վերցնել իր կողմից որպես կաշառք տրված 6.000 ԱՄՆ դոլար գումարը:
Այսպիսով, դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 313-րդ հոդվածի 1-ին մասով: