Մահ իմացյալով անմահացած

ՑԱՎԱԼԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այո, ամեն անգամ սրտի ցավով ենք լսում մեր սահմաններն անառիկ պահող զինվորների վիրավորվելու մասին: Իսկ ամեն զոհի հետ մարում է մեր հոգին, մի կտոր երկինք է փուլ գալիս… Սակայն այդ ցավը բոլորիս ավելի է կապում այն հողին, որը հայրենիք է կոչվում: Զի այդ հողում մեր հերոս զավակներն են՝ մահ իմացյալով անմահացած:
 
2017 թվականի հունվարի 1-ից հուլիսի 31-ը հայկական բանակի 38 զինծառայողի մահ է գրանցվել: razm.info-ն ներկայացրել է ցավալի մի վիճակագրություն՝ հուլիս ամսին և անցած յոթ ամիսներին մեր զոհերի վերաբերյալ (թեև ոչ բոլոր զոհերն են մարտական):
 
2017-ի հուլիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ` Պաշտպանության բանակը) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է հայկական բանակի 5 զինծառայող:
 
Մարտական
 
• Հուլիսի 10-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Վազգեն Ժիրայրի Պողոսյանը (ծնված 1997թ.):
 
Ոչ մարտական կորուստներ
 
• Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ.): Միջադեպի առիթով մեկ անձ ձերբակալվել է։
 
• Հուլիսի 28-ին Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզի դիրքերից մեկում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով հրազենի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արկադի Լևոնի Ղամբարյանը:
 
Վիրավորներ
 
• Հուլիսի 7-ին Ադրբեջանի զինուժի կողմից ՊԲ դիրքերի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
 
• Հուլիսի 19-ին ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Արարատի գնդի պայմանագրային զինծառայող (անունը չի հրապարակվել):
 
• Հուլիսի 28-ին ՀՀ ԶՈՒ՝ Տավուշի մարզում տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մայրանյանը (ծնված 1976թ․)։
 
2017 թվականի հունվարի 1-ից հուլիսի 31-ը հայկական բանակը 38 զինծառայող է կորցրել։