Ակտիվության հստակ միտումներով, բայց` հետ ընկած
ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐԸ
Փաստորեն առաջադիմող բնագավառներ ևս ունենք, որոնցից միայն տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացն է նկատելի հանրությանը: Բայց դե` մեր ժամանակներում հարաբերական է ամեն ինչ: Իսկ լիարժեք առաջընթաց, որը նկատելի և օգտակար կլինի հասարակության բոլոր շերտերին, գրեթե անհնար է` առանց պետության մասնակցության:
Թող որ ոմանց համար անընդունելի, բայց մենք շարունակում ենք փարել այն կարծիքին, որ թե′ հետ ընկնող գյուղատնտեսությունն ու շինարարությունը, թե առաջընթաց ապահոված ցանկացած բնագավառ ցանկալի տեմպեր կապահովեն միայն պետության առջև պատասխանատվություն ստանձնելու և, իսկապե′ս հաշվետու լինելու դեպքում:
Այսօր շինարարի օրն է, որի առթիվ կազմակերպված տոնակատարությանը մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը:
Յուրատեսակ հուշում է մասնագիտական տոնացույցը. հուշում` նախ տվյալ բնագավառի կենսունակության, ապա դրա անհրաժշտության մասին: Իսկ եթե նաև նշվում է այս կամ այն տոնը` ուրեմն այն սոսկ ձևական արձանագրում չէ: Այս առումով շինարարների բախտը բերել է, որովհետև մեր տնտեսության վայրիվերումների ոչ մի փուլում նրանք մոռացության չմատնվեցին: Այսօր ավելի է գնահատվում տնտեսության համար առանցքային այս ոլորտի ներկայացուցրչների աշխատանքը: Ինչպես Կարեն Կարապետյանն է նշել`
- Հայտնի է՝ եթե երկրում ակտիվ շինարարություն է ընթանում, ակտիվանում են նաև մյուս ոլորտները: Ցանկացած երկրի տնտեսության համար շինարարությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի՝ դրական ազդեցություն ունենալով այլ ուղղությունների զարգացման վրա: Պետությունը, որտեղ զարգանում է շինարարությունը, առաջընթաց է ապրում: Մեր նախնիները բացառիկ ժառանգություն են թողել մեզ, որով հպարտանում ենք՝ պահպանելով և ներկայացնելով այն աշխարհին ու սերունդներին: Շատ ողջունելի է, որ այսօր հայ շինարարները զարգացնում են անցյալի մեր մեծ վարպետների մասնագիտական փորձառությունը և ավանդույթները՝ կառուցելով ամուր և գեղեցիկ շենքեր՝ նորարարական, առաջադեմ, անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ:
- Շինարարության ոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք և համոզված ենք, որ ունենալու ենք առաջընթաց,-հավելել է Կ. Կարապետյանը:
Այսուհանդերձ, 2017-առաջին կիսամյակի վիճակագրությունն այլ բան է փաստում. վարչապետը նշել է, որ այս ընթացքում ունենք հետ ընկնող երկու ոլորտ՝ շինարարությունն ու գյուղատնտեսությունը: