Յո՞ երթաս, Հայաստան

Մեր բազմաթիվ անորոշությունների բովում օրախնդիր դարձած՝ «Ո՞ւր ես գնում, Հայաստան» հարցով է ՀՀ Անկախության մասին հռչակագրի ընդունման տարելիցը շնորհավորել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ ԲԱԽՇՅԱՆԸ:

Եվ տա՛ Աստված, որ շուտ գա այն օրը, երբ այդ հարցին ի պատասխան՝ ինքնավստահորեն կավետենք՝ 

- Դեպի ապահով Հայաստան:

27 տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, որին հայ ժողովուրդը սպասել էր 7 դար: 
 
Այդքան երկա՜ր սպասված, թանկ, միակ, մեր ազգային արժանապատվության մասին վկայող պատմական փաստն այսօր, ցավոք, լիարժեք պաշտպանված չէ ՀՀ իշխանության կողմից, մեր աչքի առաջ այն թուլանում է, դառնալով ԵԱՏՄ-ի մաս, որի անդամ պետությունների մեջ ինքը չի  դիտվում հավասար գործընկեր, ով ասես, ոնց ասես խփում է Հայաստանի շահերին ու այդ միությունը  ոչնչով  չի նպաստում մեր պետականության ամրությանն ու երբեմն ինձ թվում է, թե ամեն ինչ արվում է, որ կորցնենք մեր անկախությունը: 
 
Հենց այսօր՝  օգոստոսի 23-ին, մեր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կարծես դիտավորյալ Սոչի է հրավիրել ՌԴ նախագահ Պուտինը, տեսնես ինչո՞ւ: Ի՞նչ հերթական նվաստացնող քայլն է պատրաստվում անել ՌԴ-ն մեր պետականության նկատմամբ, որովհետև ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կառույցը՝ ՀՀ ԱԳՆ-ն, ակնհայտորեն տանուլ է տալիս դիվանագիտական հարթակներում: 
Խնդրում եմ, սիրելիներս ազգովի սթափվենք, գիտակցենք  վերջապես, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր պետության անկախությունը պաշտպանելու և զորացնելու իսկապես սուրբ  գործը, յուրաքանչյուրս իմաստություն ունենանք գտնելու մեր այս նվիրական պարտականությունն իրականացնելու բանալին: 
 
Այս արժանապատիվ օրով շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայությանը և Աստծուց խնդրում, որ արժանի անի մեզ այդքան սպասված պետության մեջ հավերժ  արարել ու ապրել: