Հայկական ինտերնացիոնալիզմ

ՈՐՏԵՂ` ՈՆՑ

Առնվազն քառորդ դար մեր բառապաշարից արտաքսված այս արտահայությունն ակամա իր մասին հիշեցրեց` «Գելափի» վերջին ուսումնասիրությանը ծանոթանալիս:

Իսկ այդ ուսումնասիրությունը սոցհարցման արդյունքներով փաստում է, որ երբեմնի Խորհմիության տարածքում
Հայաստանը փախստականների նկատմամբ դրական տրամադրված եզակի պետություններից մեկն է:

 

Այդ արդյունքները վկայակոչելով` «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրել է, 138 երկրներից ներգաղթյալների նկատմամբ ամենաանբարեհաճ վերաբերմունքն արձանագրվել է ԱՊՀ տարածքում: Իսկ Հայաստանն ու Թուրքմենստանը` փախստականների նկատմամբ դրական տրամադրվածությամբ, գերազանցում են ոչ միայն նախկին Խորհրդային միության երկրներին, այլև եվրոպական մի շարք պետություններին:

Ներգաղթյալների նկատմամբ առավել բարյացակամ տրամադրվածների շարքում որպես կանոն, մեծ թիվ են կազմում երիտասարդները, բարձրագույն կրթություն ունեցողներն ու քաղաքների բնակիչները: Այս առումով, սակայն, առանձնանում են ԱՊՀ երկրները, որտեղ, բացառությամբ Հայաստանի ու Թուրքմենստանի, միգրանտներին ընդունելի պատրաստակամությունը այսպես թե այնպես ցածր է՝ անկախ հարցվողների կրթությունից, տարիքից, եկամուտներից ու բնակության վայրից:

Միգրանտներին գրկաբաց ընդունող երկրների տասնյակի առաջին հորիզոնականներում մոլորակի ամենաաղքատ պետություններն են՝ Ռուանդան, Սիերա Լեոնեն, Նիգերիան ու Մալին:
Իսկ ամենաբարյացակամ երկիրն աշխարհում Իսլանդիան է, որին հետևում են Ավստրալիան, Շվեդիան ու Իռլանդիան:

Ի դեպ` ներգաղթյալների նկատմամբ առավել բարյացակամ տրամադրվածների շարքում մեծ թիվ են կազմում երիտասարդները, բարձրագույն կրթություն ունեցողներն ու քաղաքաբնակները: ԱՊՀ երկրներում, սակայն, (բացառությամբ Հայաստանի ու Թուրքմենստանի) միգրանտներ ընդունելու պատրաստակամությունը ցածր է՝ անկախ հարցվողների կրթությունից, տարիքից, եկամուտներից ու բնակության վայրից:

Իսկ ահա իրենց հայրենիքները կամ նախկին բնակավայրերը լքածների հանդեպ ամենանբարյացակամ երկրների ցուցակը գլխավորում են Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Հունգարիան, Սերբիան և Իսրայելը: Տասնյակում են նաև Սլովակիան և Չեխիան, որոնք դեմ են գնում պաշտոնական Բրյուսելին՝ հրաժարվելով իրենց դռները բացել Մերձավոր Արևելքից եկած փախստականների առջև: Մյուս կողմից, հետազոտությունը վկայում է, որ փախստականների նկատմամբ դրական վերաբերմունքն ամենևին էլ կախված չէ երկրի տնտեսական վիճակից ու ապահովվածությունից: