Գործընկերության նոր հեռանկար

ԻՐԱԿԱՆ ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Վարան Փարթո Դարման» ընկերության խորհրդի ղեկավար, գործադիր տնօրեն Մոհամմադ Օջատթանահին։
 
Հիշեցնենք, որ Varan Parto Darman ընկերությունն Իրանում ամերիկյան Varian Medical Systems ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչն է, իսկ վերջինն աշխարհում առաջատարն է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության, պրոտոնային թերապիայի ու բրախիթերապիայի համար նախատեսված բուժսարքավորումների ու ծրագրային ապահովման արտադրության ոլորտում:
 
Մոհամմադ Օջատթանահը նշել է, որ իր երկրի նախագահը նույնպես Հայաստանը համարում է աշխարհի հետ հաղորդակցվելու մի դարպաս, և պատահական չէ, որ «Վարան Փարթո Դարման» ընկերությունը մշտապես ցանկացել է խորացնել համագործակցությունն  առողջապահության ոլորտում։ 
 
Հակիրճ ներկայացնելով Իրանի առողջապահական համակարգը՝ նա ընդգծել է, որ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում դեղարտադրության ոլորտում։ Մոհամմադ Օջատթանահը նախանշել է գործընկերության այլ ուղղություններ ևս։ 
 
Իրանցի գործարարը նաև առաջարկել է  համատեղ սկրինինգային ծրագրեր իրականացնել Հայաստանում առավել տարածված ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով։
 
- Մենք հետաքրքրված ենք Իրանի Իսլամական Հանրապետության  հետ առողջապահության ոլորտում համագործակցությունը խորացնելու և զարգացնելու գործում,- ասել է Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ Հայաստանը հարևան երկրի համար կարող է հարթակ հանդիսանալ ԵԱՏՄ երկրների շուկա դուրս գալու համար։ 
 
ՀՀ առողջապահության նախարարը Մոհամմադ Օջատթանահին ծանոթացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Նա նշել է, որ 2017թ. ապրիլից պետությունը կապահովագրի երկրի անապահով բնակչության առողջությունը։ 
 
- Ծրագրի հաջող ընթացքը թույլ կտա 2019-ից սկսել համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին անցնելու գործընթացը։ Դա լիարժեք պայմաններ կապահովի երկրում պատշաճ բժշկական օգնություն կազմակերպելու համար,-ասել է նախարարը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայմանն ու զարգացմանն առնչվող այլ հարցեր ևս։ Քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։