Վերջապե՜ս

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍՔԱՆ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ

Հայաստանի փաստաբանների պալատն, ի վերջո, հիշել ու ՀՀ դատարանների նախագահների խորհրդին հիշեցրել է ՓՊ խորհրդի 21 հուլիսի 2017թ. թիվ 15-Լ որոշումը, ուր նշված է՝ 
 
- ․․․օրենքներով սահմանված չէ նաև արգելված իրերի ցանկը: Իրավական որոշակիության պահանջը հուշում է, որ արգելված իրերի ցանկը պարտադիր է, որպեսզի քաղաքացիներն իրենց վարքագիծը կանխորոշեն: Օրինակ, իմանան, թե որ դեպքում ինչ իրեր չեն կարող իրենց հետ ունենալ դատարանի շենք մտնելիս: Հակառակ պարագայում, դատական կարգադրիչները կարող են կամայականորեն անձանց չթույլատրեն ցանկացած իր (նույնիսկ անվտանգ) տեղափոխելու համար:
 
 
Առնվազն երեք ամիս է, որ «Սասնա ծռեր»-ի փաստաբաններն ընդվզում են, որ զննության պատրվակով դատական կարգադրիչներն ապօրինաբար փորձում են իրենց խուզարկել՝ դատարանի դահլիճ մուտք գործելուց առաջ:
 
Ու, քանի որ ամրագրված դրույթ է՝  «Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս», պատկան ատյանները նրանց նկատմամբ անվստահություն արտահայտող այդ ընթացակարգը որպես զննություն ձևակերպեցին: Իսկ դատարանները չանսացին փաստաբանների պահանջին, և ծայր առավ նրանց նկատմամբ կիրառվող սանկցիաների շարանը:
 
Ընդհանրապես անհասկանալի, բայց նաև տխուր հումոր հիշեցնող այս իրավիճակին որևէ գնահատական չտալով՝ ՀՀ փաստաբանների պալատը ևս աննախանձելի վիճակում է հայտնվել: Պետք է նրա խնդիրը լինի նաև մարդկանց շահերի պաշտպանների շահերը պաշտպանել: Մինչդեռ Պալատի լռությունը  իրարամերժ երկու «թարգմանություն» կարող էր ունենալ. կա՛մ փաստաբանները հանիրավի են աղմկում, և Պալատը չի կամենում նրանց կարգի հրավիրել՝ պաշտպանի ինստիտուտի հեղինակությունը չստվերելու համար, կա՛մ խուզարկություն-զննության դեմ բողոքողները ճիշտ են, բայց Պալատը չի կարող այդ ֆարսի կազմակերպիչներին դեմ գնալ:
 
Օգոստոսի սկզբին այս թնջուկին փորձեցին լուծում գտնել Փաստաբանների պալատի նախագահն ու Դատական դեպարտամենտի ղեկավարը: Եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը և կրկին զննվել մետաղորսիչով։ Երկրորդ զննության դեպքում, եթե կրկին ազդանշան կա, ապա փաստաբանը կարող է զննվել առանձին սենյակում՝ նույն սեռի կարգադրիչի կողմից: Փաստաբանների պնդմամբ, սակայն, իրավական ուժ չունեցող այդ հայտարարությունն իրավական ուժ չունի: Փաստաբան Արայիկ Պապիկյանի կարծիքով, օրինակ, լեգիտիմացվում են Դատական դեպարտամենտի ապօրինի գործողությունները: 
 
Ընդհանրապես անհասկանալի, բայց նաև տխուր հումոր հիշեցնող այս պատմության մեջ, թերևս, զավեշտ էլ կա. խուզարկություն - զննությամբ ի՞նչ արգելված իրեր էին որոնում փաստաբանների մոտ: Ավելի ստույգ՝ ի՞նչ իր կամ առարկա փաստաբանն իրավունք չունի դատական նիստերի դալիճ տանել: Սառը թմրանյութերը, զենքն ու հրազենը՝ հասկանալի է տրամաբանորեն, բայց նույն՝ ընդհանրական տրամաբանությամբ՝ ո՞ր փաստաբանը կարող է այդքան մանկամիտ կամ չարամիտ լինել:
Վերջապես այս նրբությունը հաշվի է առել Փաստաբանների պալատը և այսօր դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ արգելված իրերի ցանկ սահմանելու առաջարկով։
 
Գրության մեջ նշվել է, որ՝ դատական կարգադրիչների կողմից զննություն կատարելու ժամանակ պահանջ է ներկայացվում արգելված իրեր չտեղափոխել, մինչդեռ որևէ օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով, այդ թվում՝ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2011թ. հուլիսի 21-ի թիվ 04-ն որոշմամբ հաստատված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու» կարգով սահմանված չէ  արգելված իրերի ցանկը։
 
Արգելված իրերի ցանկի բացակայության դեպքում, փաստաբանները հնարավորություն չունեն կանխատեսել, թե ինչ իրեր կամ առարկաներ կարող են իրենց հետ ունենալ դատարանի շենք մուտք գործելիս, իսկ դատական կարգադրիչները կարող են կամայականորեն արգելել փաստաբաններին որևէ իրի կամ առարկայի տեղափոխումը։