Հակակոռուպցիոն պայքարի արդյունքներին սպասելիս

Մարդկությունը վաղուց ի վեր հասկացել է, որ կոռուպցիան չարիք է, իսկ հզորներն արդեն բարձրաձայնում են, թե պայքարում են դրա դեմ: Ճի՞շտ չեն պայքարում, թե՞ այդ պայքարում ներդրվող գումարների գայթակղությոնը զսպելն է դժվար, բայց այդ չարիքը շարունակում է իր հաղթարշավը: 
 
Հայաստանում ևս օրակարգային է հակակոռուպցիոն պայքարը, որին մասնակից են դառնում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
 
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները ներկայացրել են Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության, կրթության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց նվազեցմանն ուղղված գործողությունների ծրագրերը: Դրանց շուրջ ծավալված լայն քննարկումը, ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները հուշում են, որ խնդիրն, իսկապես, մտահոգող է: Եվ ոչ թե թերահավատությունից մղված, այլ բազմաթիվ բարի ցանկությունների ոչ այնքան ցանկալի ավարտը նկատի ունենալով՝ կուզենայինք փաստել, որ այս հարցու անտարբեր դիտորդներ չկան. միայն թե սայլը տեղաշարժվի…
 
Վարչապետ Կ. Կարապետյանը կարևորել է նշված ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը և համապատասխան հանձնարարականներ տվել: Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության, Առողջապահության նախարարներին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին և Ոստիկանության պետին հանձնարարել է մինչև սեպտեմբերի 20-ը քննարկել ներկայացված բոլոր դիտողությունները, անհրաժեշտության դեպքում լրամշակել նախագծերը՝ համագործակցելով փորձագետների հետ և լրամշակված տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ: 
 
Ծրագրի միջոցառումների իրականացման նպատակով վարչապետը նաև հանձնարարել է բյուջեով նախատեսվող գումարների շրջանակներում ֆինանսական միջոցներ նախատեսե՝ և անհրաժեշտության դեպքում քննարկման առարկա դարձնել բյուջեի քննարկման ժամանակ: Իսկ Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է նոյեմբեր ամսին ամբողջականացնել փաստաթուղթը՝ այն ներկայացնելով կառավարության քննարկմանը: