Բռնություն գործադրելու փաստով

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հերթական հաղորդագրությունը ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու փաստի վերաբերյալ է: 
 
Սևակ Ոսկանյանը հաղորդում է տվել, որ օրեր առաջ՝ 2017 թ. օգոստոսի 18-ին ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից բռնի ուժով բերման է ենթարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ հանցագործության կատարման վերաբերյալ խոստովանություն կորզելու նպատակով նույն պաշտոնատար անձինք խոշտանգել են իրեն:
 
10-11 ժամ նրան ապօրինի զրկել են ազատությունից,  վախեցրել՝ սպառնալով կիրառել այլ բռնի գործողություններ և իրեն մեղսագրել մեկ այլ հանցանքի կատարում:
 
Հետաքննության մարմնի պաշտոնատար անձանց կողմից գործադրված բռնության, սպառնալիքների և այլ ապօրինի գործողությունների հետևանքով ինքը տվել է կեղծ խոստովանական ցուցմունք, որով հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է այլ անձանց:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Սևակ Ոսկանյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
 
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու, ինչպես նաև հետաքննության մարմնի կողմից բռնության գործադրմամբ և այլ ապօրինի գործողություններով դատավարությանը մասնակցող անձին ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով:
 
Կատարվում է նախաքննություն: