«Մանրո՞ւք է, բայց օգտակար» չգրված սկզբունքով

ՏՈՒԳԱՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Որ Հարկայինը երբեմնի այն ահուսարսափը չէ, որի ներկայացուցիչների մուտքը ցանկացած կազմակերպութուն պարտադիր «հաջողություն» էր գրանցում՝ ի վնաս տնտեսվարողի՝ ակնհայտ է: Ու դա նպաստավոր է Հարկային տեսչության համար: Եվ առավել հուսադրող է, որ գործադիրը շարունակում է հօգուտ տնտեսվարողի նոր մեղմացումներ գտնել, որովհետև այնտեղ էլ համոզվել են, որ բյուջեի մուտքերը սոսկ վարչահրամայական հրահանգներով չի՛ ապահովվի: Իսկ բյուջեի մուքերի հիմնական ապահովող փոքր և միջին ձեռնարկատերերի համար «հովանավորչությանը» հավասարազոր օգնություն է իրենց խնդիրների հանդեպ իշխանությունների հոգատարությունը:
 
«Մանրո՞ւք է, բայց օգտակար» չգրված սկզբունքով Կառավարության հերթական նիստում Վարչապետի հանձնարարականներից մեկը  նվազ նշանակության հարկային իրավախախտումների համար նախազգուշացման սահմանման վերաբերյալ էր: 
 
- Փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների և իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հաճախակի հանդիպող հարկային ոլորտի վարչական իրավախախտումներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին: Նման իրավախախտումների համար ներկայումս նախատեսված է տուգանքի նվազագույն և առավելագույն չափ, սակայն դրանց որոշման օրենսդրական հիմքերը բացակայում են, ինչը թույլ է տալիս կիրառող մարմնին ցուցաբերել հայեցողական մոտեցում: Միաժամանակ նման իրավախախտումներն իրենց բնույթով նվազ նշանակության են, որի պարագայում առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում, սակայն ներկայումս նման հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ, - իր պահանջը հիմնավորել է գործադիրի ղեկավարը:
 
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային ոլորտում նվազ նշանակության իրավախախտումների առաջին անգամ կատարելու դեպքում տնտեսվարողի նկատմամբ նախազգուշացում կիրառելու և տուգանքի չափի կիրառման հայեցողության հստակեցման վերաբերյալ առաջարկություններ: