Արհեստավարժ հափշտակողը

Կաշառատու-կաշառառու հարաբերություններում սովորաբար դժվար է լինում միանշանակ ասել, թե ով է մեղավորը: Պարզ տրամաբանությամբ՝ եթե չես կամենում օրենքը խախտել կամ շրջանցել կաշառք չեն տալիս ու գայթակղելու մեղքից զերծ են մնում:
 
Բայց այս տրամաբանությունը մեր ժամանակների համար չէ, որովհետև պաշտոնատար անձինք  գրեթե միշտ օրենքներում գտնում են սողանցքներ, որոնք կիրառելը փող արժե: Ավելին, իրենց պաշտոնեական պարտանությունները ժամանակին ու հենց օրենքի շրջանակներում լուծելու համար էլ շատերը «վերաբերմունք» են պահանջում: Մերօրյա իրականություն է սա, ինչի դեմ պայքարողներ էլ կան՝ փաստն ի կայտ գալու դեպքում: 
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր տեղեկատվություն է տարածել, որ ավարտվել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
ՀՔԾ-ում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Հարություն Խաչատրյանը, 2016թ.-ին զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, խարդախության եղանակով Երևանի բնակիչ Լ. Մ.-ից հափշտակել է խոշոր չափերով՝ ավելի քան 4.000 ԱՄՆ դոլար գումար:
 
Տեղեկանալով, որ հիշյալ քաղաքացին ցանկանում է սեփականաշնորհել փաստացի իրեն պատկանող կրպակը, Հ. Խաչատրյանը նրան վստահեցրել է, թե, իբր, որպես քաղաքապետարանի աշխատակից կարող է իրականացնել ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացը, թեպետ իրականում նման լիազորություններով օժտված չի եղել: Այդ նպատակով Հ. Խաչատրյանը 2016թ. դեկտեմբերի 21-ին հանդիպել է Լ. Մ.-ին և նշված կրպակի պետական գրանցման գործընթացի համար անհրաժեշտ վճարումներ կատարելու պատրվակով՝ նրանից վերցրել 1.922.720 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար գումար: Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մնացած գումարն ավելի ուշ փոխանցելու շուրջ:
 
2017թ.-ին աշխատանքի անցելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում՝ Հ. Խաչատրյանը շարունակել է հանցավոր մտադրության իրագործումը. կրկին հանդիպել է Լ. Մ.-ին և առանց վերջինիս հայտնելու, որ ազատվել է համայնքային ծառայողի պաշտոնից, վստահեցրել է, թե կրպակի պետական գրանցման գործն արդեն ընթացքի մեջ է, սակայն այն ավարտին հասցնելու և վերջնական վճարումները կատարելու համար անհրաժեշտ է ևս 130.000 ՀՀ դրամ: Հ. Խաչատրյանը քաղաքացուն հավաստիացրել է, որ կարճ ժամանակահատվածում կիրականացնի հիշյալ գործընթացը՝ խոստանալով հակառակ դեպքում ամբողջությամբ վերադարձնել գումարը: Սակայն ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել և գումարը հետ չի վերադարձրել, այլ խարդախությամբ հափշտակել  է այն:
 
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հարություն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: