Վատնումների թեման շարունակվում է

«ԴԺՈԽԱՅԻՆ» ԽՈՍՏՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է ՈՒԺԻ ՄԵՋ

«Երկիր Ծիրանի»-ականներն այսօր վերստին հավաստիացրել են, որ շարունակում են հավատարիմ մնալ Տարոն Մարգարյանի կյանքը «դժոխքի վերածելու» Զարուհի Փոստանջյանի խոստմանը։
 
Իհարկե, եթե «դժոխքի վերածել» ասվածը միայն աղմկարարությամբ չի ավարտվելու, ուրեմն Երևանի քաղաքապետարանի համար աշունն, իսկապե, թեժ է լինելու՝ բացահայտումների առումով:
 
Որ շատ են դժգոհությունները Երևանի քաղաքապետարանից,  և, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդեպ նվազել կամ վերացել է երևանցիների երբեմնի մեծ հավատն ու վստահությունը՝ կարելի է դատել ամենօրյա մասնավոր զրույցներից: 
 
Օրերս տարբեր զրույցներում քննարկվում և որպես բյուջեի սուղ միջոցների մսխում էր գնահատվում 500 շիշ «Հոբելյանաական» կոնյակ գնելու պայմանագիրը՝ 11 միլիոն 850 հազար դրամ ընդհանուր արժեքով: Այս առիթով լավատեղյակները հիշեցին քաղաքապետարանի «կոնյակային»մեկ այլ թուլության մասին ևս. 2014թ. հունիսին Երևանի քաղաքապետարանը նույն՝ «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ից ձեռք էր բերել 9 տեսակի կոնյակ՝ ընդհանուրը 28 միլիոն 847.804  դրամ արժողությամբ:
 
Իսկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի՝ այսօր քաղաքապետին հանձնված նամակը նաև անօրինական նշանակման կամ աշխատանքային լուրջ անփութության մասին է խոսում: 
Սակայն լսելով Երևանի ավագանու մեկ այլ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների բարձրաձայնումները հուշում են, որ վատնումների վերաբերյալ աղաղակող բազմաթիվ ուրիշ փաստեր ունեն իրենք: 
 
Խմբակցության անդամներն այսօր իրենց աշխատանքի երկու ամիսներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել են, թե քաղաքապետարանի անգործության դեմ պայքարելու մեխանիզմ են մշակել (տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը)։
 
Մարինա Խաչատրյանի կարծիքով, քաղաքապետարանը գումար է վատնում ոչ միայն մայրաքաղաքի մաքրությունն ու կանաչապատումը կազմակերպելիս, այլև տրանսպորտային համակարգում նախատեսված բարեփոխումներն իրականացնելու համար։ Իսկապես, միջազգային կազմակերպությանը խորհրդատվության համար հսկայական գումար վճարելու փոխարեն, արդյո՞ք հնարավոր չէր մասնագետներ գտնել հենց Հայաստանում: 
 
 - Կարող եմ վստահաբար ասել, որ այդ փաստաթուղթը իրենից որևէ արժեք չի ներկայացնում: Եվ այդ իրենից արժեք չներկայացնող փաստաթղթի համար մենք՝ երևանցիներս, մեր գրպանից, մեր քաղաքային բյուջեից առանց այդ էլ սուղ վիճակում վճարում ենք շուրջ մեկ միլիոն դոլար գումար,- փաստել է բանախոսը: