«Ոչ , շոգը կապ չունի′»

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՄԲԻ ԱՆԴԱՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ

Մինչ հանրության շրջանում «լսե՞լ եք` ասում են»-ի մակարդակով կասկածներ են շրջանառվում, թե «Նաիրիտի» հրդեհն ինչ-որ մեկի կամ ոմանց չար դիտավորության հետևանք է, վերջերս բուռն թափով շարունակվող նաիրիտցիների ցույցերը համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանն այսօր բարձրաձայնել է նույն կասկածը` Hayastan24.com-ի հետ զրույցում:

Նա չի բացառել, որ հրդեհը դիտավորյալ է բռնկվել, քանի որ այդ տարածքում ապամոնտաժում է տեղի ունենում, և աննշան կայծը կարող էր հրդեհի պատճառ դառնալ։

- Լրագրողներն ինձ զանգում հարցնում են միգուցե շոգերից է՞, որ «Նաիրիտ»-ում հրդեհ բռնկվեց։ 40 աստիճանի շոգերն անցան, հենց հիմա՞ պետք է նման բան տեղի ունենար։ Ո′չ , շոգը կապ չունի։ Կամ ազոտի պակասն է, կամ ապամոնտաժման աշխատանքներն են պատճառը։ Ազոտի արտադրամասն աշխատում է նրա համար, որ ժամանակ առ ժամանակ ազոտ մատուցի խողովակներով՝ պայթունավտանգ վիճակ չստեղծելու համար,- մանրամասնել է Կարինե Շահվերդյանը։

- Գործարանի հրդեհված տարածքի կառավարիչը Կարեն Ասատրյանն է, ով սրտացավ չէ և չի անհանգստանում գործարանի համար։ Ինքն իր գործն է անում, առանց մտահոգվելու գործարանի շահագործման և աշխատանքից դուրս մնացած աշխատողների համար։ Եվ ինչպես ինքն է արտահայտվել՝ «ինչ ուզեմ կանեմ, ինձ ոչ ոք չի կարող թույլ չտալ»։ Խնդրեմ արդյունքը՝ եղավ այն, ինչ որ եղավ,-ասել է Կ. Շահվերդյանն ու հավելել.

- Նա Կիրովականի Քիմպրոմն էլ է ոչնչացրել, շատ լավ գիտի իր աշխատանքը, հուլիսի սկզբից խոստացել էր աշխատավարձերը տալ, երկու ամիս է հեռախոսազանգերին չի պատասխանում: