Օդում մնացած հարցականներ

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻ՞Ր

«Կրեպսոն» ՍՊԸ գործադիր տնօրեն Արման Երեմյանը, չնայած գործարար աշխարհում ունեցած բոլոր  դժվարություններին, չի  պատրաստվում Հայաստանից արտագաղթել: Իսկ հիմա նորից հույսեր է փայփայում՝ որևէ նոր ձեռնարկումով օգտակար լինել հայրենիքին: 
 
- Հիմա մտածում եմ՝ ինչ կարելի է ձեռնարկել: Հույս ունեմ, որ Հայաստանում ինչ-որ բան կփոխվի: Պարզապես ֆինանսական միջոցներս չեն բավականացնում: Ամեն ինչ արեցի, որ Հայաստան ներմուծեմ իսրայելական պարարտանյութ: Դիմեցի բոլոր գործարարներին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին, բայց ոչ ոք չի ուզում համագործակցել: Ես էլ սնանկացած եմ և չեմ կարող ինքնուրույն ներկրել պարարտանյութ,- «Ավանգարդի» հետ զրույցում ասաց գործարարը: 
 
Հիշեցնենք, որ սնանկացած ընկերության տնօրենն իր ներկայիս վիճակի համար մեղադրում է Դավիթաշենի նախկին թաղապետ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին։ 2007թ. Արման Երեմյանը Դավիթաշենում գյուղմթերքի մանրածախ առևտրի կենտրոն էր ստեղծել։ 2008թ-ից ծանոթացել էր   Արթուր Գևորգյանի հետ, ով վարձակալությամբ տարածքներ էր տալիս։ Նա Արման Երեմյանին առաջարկել էր իր ընկեր Վաչագան Մանուկյանի հետ կառուցել մանրածախ շուկա և ներդրում անել: Ամեն ամիս գործարարը պետք է վճարեր 500.000 դրամ, որի մի մասը՝ որպես վարձակալության վճար, մյուս մասը՝ ներդրում։ Սակայն, նրա խոսքով, Ա. Գևորգյանը 2012-ին՝ գործարար Արման Երեմյանի Իսրայել գնալ-գալուց հետո, խախտել է պայմանավորվածությունը և վարձակալության դիմաց պահանջել ամսական 1 մլն դրամ՝ առանց իրավական փաստաթղթի։
 
Արման Երեմյանի խոսքով՝ այդ ամենի արդյունքում ինքը սնանկացել է և դադարեցրել բիզնես գործունեությունը՝ կուտակելով 150.000 դոլար պարտք: Խնդրի մասին  բարձրաձայնել է մամուլով, իսկ Դավիթաշենի նախկին թաղապետն ասել է, թե չի ճանաչում այդպիսի գործարարի: 
 
- Նույնիսկ  հասարակական վայրում ինձ վիրավորել է, փորձել մղել այնպիսի քայլերի, որոնք ինձ համար ճակատագրական կլինեն: Մասնավորապես, անձեռնմխելի պատգամավորի վրա հարձակում սարքելու պրովոկացիոն քայլ: Մարդիկ է ուղարկել մեր տուն, ովքեր մորս ասել են, որ իմ գլխին եմ տալու, օրը գալու է՝ ինձ հետ շատ վատ բաներ են լինելու,- վերհիշում է  բիզնեսմենը: 
 
Խնդիրը մամուլով բարձրաձայնելուց բացի՝ Արման Երեմյանը  փորձել է դատական երեք ատյաններում ապացուցել իրեն միտումնավոր սնանկացնելու փաստը, բայց ապարդյուն: 
 
Գործարարը հետագայում փորձել է Հայաստան ներկրել իսրայելական ֆոսֆոր-կալիում պարարտանյութ: Մեկ հեկտարը պարարտացնելու համար ահրաժեշտ է 250 կգ պարարտանյութ։ 77.000 դրամի փոխարեն 55.000 դրամ սուբսիդավորելու դեպքում գյուղացիները պարարտանյութը կստանային անվճար։
 
Պարարտանյութի արդյունավետությունն ու որակը փորձով է ապացուցված։ Դեռ 2013 թվականին իսրայելական «Դեշանիմ» ընկերության մասնագետներն այցելեցին Հայաստան և Հայաստանի հողի վրա փորձարկեցին պարարտանյութը։
Արման Երեմյանը հանդիպել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ. 
 
- Առաջին  հանդիպմանը Իգնատի Առաքելյանը կառուցողական  էր տրամադրված: Հետագայում գյուղնախարարությունից ինձ տեղեկացրին, թե հայ գիտնականների համոզմամբ՝ համակցված պարարտանյութ մեզ պետք չէ: Այնինչ մեր հողերին անհրաժեշտ է  համակցված՝ ֆոսֆորի և կալիումի միացություններով պարարտանյութ: Անգամ կառավարությունն է այդ մասին  խոսում:
 
Գործարարը ենթադրում է, որ իսրայելական պարարտանյութի ներկրումը քաղաքական խնդիր է: Անգամ փորձել է հանդիպել Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական կենտրոնի ղեկավար, հայ-իսրայելական ֆորումի համանախագահ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի հետ: Սակայն գերատեսչությունից նրան տեղեկացրել են, որ նպատակահարմար չեն համարում հանդիպել Արման Երեմյանի հետ. 
 
- Երևի այդ մարդի՞կ պետք է այդ ուղղություններով աշխատեն (նկատի ունի իսրայելական արտադրության սերմ ներկրելը-հեղ.): 
Գործարարի սնանկանալուց հետո Հայաստանից Եվրոպա արտագաղթել է նաև գործարարի մայրը: 
 
Փորձեցինք կապ հաստատել ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի հետ, բայց հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Իսկ ահա հայ-իսրայելական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանն ասաց, որ առաջին անգամ է լսում իսրայելական պարարտանյութ բերելու և դրա հետ կապված խնդրի մասին: Հստակեցրինք՝ Իսրայելից Հայաստան որևէ ապրանք ներմուծողը քաղաքական խնդիրներ, խոչընդոտներ կարո՞ղ է ունենալ: 
 
- Չարժե այդ մասին հեռախոսով խոսել: Չեմ ցանկանում այդ հարցը քննարկել,- ավարտեց իր խոսքը ֆորումի համանախագահը:
 
ՀԳ. վարչապետ Կարեն Կարապետյանն իր նշանակումից ի վեր հայտարարել էր, որ ցանկացած մարդ ցանկացած ապրանք  կարող է ներկրել, բայց արի ու տես, որ Հայաստան իսրայելական պարարտանյութը ներկրելու համար գործարարը հազար ու մի խնդրի առաջ է կանգնել: