Գիտելիքի օրը Ավետիսյան կրթօջախում

Անցան ամառային օրերն անհոգ, նորից եկավ դեղնավարս աշունն ու իր հետ բերեց նոր ուսումնական տարին: Եկավ ու բոլորին կրկին հավաքեց Ավետիսյան դպրոցի հարազատ ու սրտաբաց կանաչ բակում: Եկավ ու նվիրեց ուրախ հանդիպումներ, նոր երազանքներ, նվիրեց գիտելիքի, դպրության նոր օր՝ սեպտեմբերի 1, որն սկսվեց «Հայր մեր»-ով, Հայաստանի Հանրապետության օրհներգով` Հայաստանի և Ավետիսյան կրթահամալիրի դրոշների ուղեկցությամբ: 
 
Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր տողանին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը կարդաց և աշակերտներին ու ծնողներին իր շնորհավորանքներն ու մաղթանքներն ուղղեց տնօրեն Մելանյա Գեղամյանը: Առանձնակի ջերմությամբ  ընդունվեց այս օրվան անհամբեր սպասող առաջին դասարանցիների ելույթը, իսկ գալիք տարվա շրջանավարտները՝ տասներկուերորդցիները, ավագի իրավունքով կրտսեր դասընկերներին  մաղթեցին բովանդակալից ու հետաքրքիր ուսումնական տարի: 
 
Ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց Ավետիսյան դպրոցի ջերմ բարեկամ, բեյրութահայ մտավորական, գրող, հրապարակախոս Արամ Սեպետճյանը: 
 
Իսկ կրթահամալիրի սաների երգն ու պարը է՛լ ավելի գունեղ դարձրին տոնակատարությունը: 
 
ՀԱԸ մամուլի բաժին