Երևանյան նոր անեծք՝ «Սանիթեքի բաժին դառնաս»

ՀՈՏՈՏԵԼԻՔԴ ԽԱՓԱՆՎԵ՞Լ Է, ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մեր ընթերցողի ներողամտությունն ենք հայցում՝ հակահիգիենիկ այս լուսանկարը ներկայացնելու համար: Բայց մայրաքաղաքիս տերերին այն հազիվ թե վրդովեցնի: Դժբախտաբար, այսպիսին է դարձել մեր առօրյան՝ հենց նրա՛նց թողտվությամբ, և անպայման բացատրելի ու օրինաչափ կհամարեն երևանաբնակների առողջությանը լրջագույն սպառնալիք դարձած այս վիճակը: 
 
Ձմռանը չմաքրվող մայթերով ու հազվադեպ ձյունաքերվող ոչ այնքան կենտրոնական փողոցներով մի կերպ ձմեռը հաղթահարած երևանցիները հիմա երանությամբ են հիշում այդ օրերը. գոնե օդը մաքուր էր, գարշահոտը սրտխառնոց չէր առաջացնում, աղբակույտերն էլ խնամքով թաքնվում էին ձյուն ու սառույցի շերտերի տակ: «ՍԱՆԻԹԵՔ» կոչված պատուհասն ի սկզբանե իր գոյությունը մի սեփական գովազդը ներկայացնող աղբարկղերով է ցուցանում, որոնք մաքրության երաշխավոր լինելու փոխարեն գարշահոտ արձակող ավելորդություններ են դարձել: Զզվում ես՝ անգամ այնքան մոտենալ, որ դրանց վրա գրված հեռախոսահամարը ճշտես: Չնայած՝ ճշտես-չճշտես՝ մեկ է:
 
Լավ, մի՞թե այդքան անզոր է Երևանի քաղաքապետարանը: Երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ավանի թաղապետն էր՝ համայքն օրինակելի էր ճանաչվել, բնակիչները հպարտանում էին իրենց թաղամասով: Որոշ հոռետեսներ էլ ասում էին, թե ինքն էլ այդտեղ ապրելով՝ իր ապրելատեղին է մաքուր պահում: 
 
Ինչպես բազմաթիվ լավ գործեր՝ երանի՜ նրա լավ աշխատանքն էլ չգնահատվեր ու առաջխաղացման սանդուղքով քաղաքապետի պաշտոնին չհասներ: Գոնե երևանյան մեկ թաղամաս օրինակելի կմնար: 
Ու հիմա գարշահոտ մուտքերով ելումուտ անելով, կեղտաջրերի վտակների վրայով ցատկոտելով՝ երևանցիները նույնքան կեղտոտ հիշոցներ են ուղղում իրենց զիբիլոտ առօրյա հրամցնողների հասցեին: Իսկ Ավանի, Ավան-Առինջի բնակիչները, չգիտես՝ լուրջ, թե կատակով,ասում են իրար՝
 
- Չպահանջե՞նք, որ Տարոնին հետ բերեն:
 
Իսկապես, չպահանջե՞նք: Դե մեկ թաղամասի հոգսն ավելի թեթև է, քան մեծ մայրաքաղաքինը:
 
Չնայած նա հիմա էլ նույն թաղամասի տարածքում է ապրում (տարածքո՛ւմ, բայց ո՛չ թաղամասում), սակայն թաղամասի գարշահոտը նրա շքեղ ու կոկիկ առանձնատանը չի հասնում: