Ադրբեջանամոլի հերթական բարբաջանքը
«ХХ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՏՄԱՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Իրականում ո՞վ է կովկասագետ ներկայացող Օլեգ Կուզնեցովը՝ առանձնապես էական չէ, բայց, դատելով նրա նկրտումներից՝ այս կովկասագետը նեղ մասնագիտացում էլ է ձեռք բերել՝ ադրբեջանամոլություն: Ու քանի որ բոլոր մոլիությունները վերջնահաշվում մոլորություններ են, այս անձը ևս մոլորվել է իրականության բավիղներում և ադրբեջանահաճո ստեր է մոգոնում:
Դեռ այս տարեսկզբին Նիժնի Նովգորոդում Խոջալուի ցեղասպանության 25-տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած սգո արարողության ժամանակ իր համախոհների հակահայկական ելույթներին նա հավելել էր, թե 90-ական թթ. սկզբին Ադրբեջանը ընդհարվել է լավ կազմակերպված, զինված և ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից վերահսկվող՝ հայերից բաղկացած ահաբեկչական խմբավորման հետ, որոնք Եվրոպայում սպանել են թուրք դիվանագետներին, 1977 թ. հունվարին ահաբեկչական ակտ են իրագործել Մոսկվայի մետրոյում։ Վերջում էլ համոզմունք էր հայտնել, թե՝
- Ըստ էության, Ադրբեջանը ի դեմս ԱՍԱԼԱ-ի և մյուս ահաբեկչական կազմակերպությունների՝ ընդհարվել է միջազգային ահաբեկչության հետ, որոնք նպատակաուղղված գործում էին ԽՍՀՄ-ի դեմ, իսկ նրա փլուզումից հետո վայրագություն են իրագործել Ադրբեջանի տարածքում։ Իր ժամանակին Չեչնիայում նման խնդրի հետ ընդհարվել է նաև Ռուսաստանը, իսկ այժմ դրա շարունակությունը մենք կարող ենք նկատել Սիրիայում՝ ի դեմս ԴԱՀԻՇ-ի։ Հետևաբար, Լեռնային Ղարաբաղում անջատողական վարչակարգի ոչնչացումը կդառնա՝ ընդհանուր առմամբ միջազգային ահաբեկչության դեմ իրական պայքարի ելակետը։
Այս անգամ գրքի տեսքով նա մի բարբաջանք է ներկայացրել՝ «ХХ դարի հայկական անդրազգային ահաբեկչության պատմությունը. պատմաքրեագիտական ուսումնասիրություններ» վերնագրով: Ակնհայտ է, որ է «հայկական ահաբեկչության» և Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո գործող աղանդավորական կազմակերպությունների մասին նրա խոհերը պատվեր են: Բայց արդյո՞ք միայն կարճամիտ ինչ-որ ադրբեջանցիների:
Բնականաբար՝ գիրքը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն հասարակության, այլև փորձագետների շրջանում, և Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ով է կանգնած այդ ամենի հետևում։
Հայ-ռուսական «ԱՐՄՌՈՍ» իրավաբանական ասոցիացիայի նախագահ, փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը դիմել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, որն անձամբ է վերահսկում այս գործը։ Տեքստի հոգելեզվաբանական փորձաքննություն է նշանակվել, որի եզրակացությունը պատրաստ կլինի սեպտեմբերին։
- Հեղինակը հայերին անվանում է ահաբեկիչներ, ազգայնամոլներ, ազգ, որը չի կարողանում որևէ մեկի հետ հաշտ ապրել, — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Ռ. Կիրակոսյանը։
Կուզնեցովը վիրավորում է նաև խոշոր բիզնեսի հայ ներկայացուցիչներին (օրինակ` «Տաշիր» ընկերությունների խմբին)` պնդելով, որ Ռուսաստանում նրանց ծավալած գործունեությունը կատարյալ քրեական հանցանք է։ Ըստ նրա` աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական համայնքներն ու եկեղեցիները հանցագործ կլաններ են։
Կիրակոսյանը չգիտի, թե ում պատվերն է սա, և ինչ միջոցներով է հրատարակվել գիրքը։ Սակայն գրախոսների ազգանուններից դատելով` ակնհայտ ադրբեջանական հետք է նշմարում։
Գիրքը լույս է տեսել 1000 օրինակով։ Այն տարածում են փակ միջոցառումների ժամանակ, սակայն առանց դժվարությունների կարելի է ներբեռնել հեղինակի կայքում։
Գրքի առաջին տարբերակը հրատարակվել է 2014 թվականին, երկրորդ, ավելի սուր տարբերակը` 2016 թվականին։ Գիրքը հակահայկական բնույթ է կրում, և ռուսական օրենսդրությունը պետք է այդ « գիտական աշխատությանը» համապատասխան գնահատական տա, համոզված է Կիրակոսյանը, որն ավելի քան մեկ տարի է` ասոցիացիայի իր գործընկերների հետ ուսումնասիրում է գիրքը։
Առաջին փորձաքննությունը հայերի խմբի խնդրանքով անցկացվել է 2015 թվականին։ Փորձաքննություն անցկացնող հաստատությունը հայերին վիրավորող ոչինչ չի գտել գրքում։ Հաջորդ փորձաքննությունը կրկին նույն հաստատությունում է անցկացվել։
- Մեզ զարմացրեց, որ քննիչը փորձագիտական այլ հաստատություն չգտավ։ Մենք ուզում էինք, որ տեքստն ուսումնասիրվեր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում, բայց մեզ մերժեցին, — ասել է Ռ. Կիրակոսյանը։
Հուսադրող է, որ քննիչը խուսափում է այլ մի հաստատությունում ևս փորձագիտական հետազոտություն անցկացնել. ուրեմն նա գիտե ճշմարտությունը:
Անկախ ամեն ինչից՝ Կիրակոսյանն իր թիմի հետ հույս ունի, որ գործը դրական հանգուցալուծում կունենա։