Զորի Բալայան. «Աշխարհիս վրա օտարի ցավ չկա, և բարոյականության վերին չափանիշը կարեկցանքն է...&


Այսօրվա հայկական հրապարակախոսությունն ունի իր նվիրյալները, իր հսկաները: Սիլվա Կապուտիկյանից հետո, ահա, ամենահետևողական, անհանգիստ, մշտապես պայքարող հրապարակախոսը Զորի Բալայանն է: Զորի Բալայանը կանգնել է պտտվող մոլորակի առաջ ու չգիտի ի՞նչ անել, չէ՞ որ հողը ճաք է տվել, ու երազանքը ջուրն է: Չի կարողանում պահել ճիչը, չէ՞ որ բողբոջ է պայթել, ու գարունը հույսի խորհրդանիշ է դարձել: Հևիհև այս ու այն կողմ է նետվում` լրջության մեջ թաղած տխրությունը, չէ՞ որ օդն աղտոտվել, ու վտանգ է կախվել, որ դեռ չծնված նորածինների ճիչը կարող է արդեն չլսվել: Կորացած նստած է մնացել լիքն ուղղաթիռում, ուր զինվորի շորերով տղաները հազիվ են իրենց կանգնած պահում և աշխատում են ոտքի ծայրերով անգամ չդիպչել մեջտեղում դրված... դագաղներին: Ուղղաթիռի երկաթե մարմինը սահմանափակել է Զորիի հայացքի տարածությունը, ու նա, հայացքն ուղղելով իր ներսը, մտմտում է. «Ապրել է պետք վերածնվելու համար: Թշնամուն վրեժխնդիր լինելու համար` վերածնունդ»: Ինչպես աշխարհի մեծերից մեկը` Անատոլ Ֆրանսն է նկատել, արյան այն կաթիլը, որ պահպանել է հայ ժողովուրդը, արժեքավոր արյուն է: Այդ կաթիլի մի մասնիկն էլ հենց կարգավորում է Զորիի արյան շրջանառությունը: Զ. Բալայանի «Դժոխք ու դրախտ»-ի առաջին էջում կարդում ենք նշանավոր Ադամսի խոսքերը. «Սովորեցնել նրանց կռվել, որպեսզի նրանց որդիները կարողանան ուսումնասիրել բժշկություն ու մաթեմատիկա, և այդ ժամանակ նրանց որդիների որդիները հնարավորություն կստանան զբաղվելու երաժշտությամբ, քնարերգությամբ ու գեղանկարչությամբ»: Զորի Բալայանը հասցրել է շատ հոգսերի տակ մտնել, շատ ցավերով ապրել: Եվ ինչպես հատուկ է իր անհանգիստ, լիարյուն ապրելու տենդով բռնված էությանը, նա իր մեջ ներառել է այն ամենը, ինչը սահմանված է եղել մի քանի սերունդների համար, խառնվել է անցյալին որպես որդի ու դարձել ներկա` որդիների որդի: Նրա համար փոքր է եղել Երկիր մոլորակը, որովհետև կարողացել է այն տեղափոխել իր ափաչափ սրտում: Ու այն տրոփել է Զորիի հետ բեռնատարի թափքում, երբ ավտոմեքենան անցնում էր հայրենի երկրի անտառամիջյան կամ էլ քարքարոտ ճանապարհներով: Նրա սիրտը տրոփել է բաց օվկիանոս հասած ինքնաշեն լաստում, տրոփել Կամչատկայում, ուր սառնամանիքը բաց աչքն է դաղում և տրոփել է Սփյուռքի գաղթօջախ ներում ապրող հայերին անափ սեր տանող օդանավերում ու «Կիլիկիա» նավում... Չգիտեմ արդեն պապիկ դարձած Զորին էլ իր պապի նման կանգնա՞ծ է կտրում հացը, թե՞ ոչ, բայց ամեն անգամ ձեռքս հացին տանելիս ուղեղումս կայծակում են նրա գրած հիշեցումները հողում մեռնող ցորենի հատիկի, նրանից դժվարությամբ ծնվող սածիլի ու հասկի մեջ արարվող կյանքի մասին: Ուղեղումս կայծակում է Զորի Բալայանի տողերի տակ թաքնված պահվածքը` դժվարությամբ ձեռք բերվածի արժեքն իմացող մարդը չի կարող չկանգնել դրանք պահպանելու պահանջատիրությամբ: Իսկ դժվարությամբ ոչ թե ձեռք բերվել, այլ դժվարությամբ ապրել է մի ողջ ժողովուրդ, մեր հերոսական ժողովուրդը: Աշխատանքն ու պայքարը նրա համար բարոյականության չափանիշ են եղել, ու Զորին` այսօր այդ երկուսի մեջ հավասարակշռությունը պահող կշռաքարը: «Չեմ կարող ասել, թե Զորի Բալայանը կյանքի հատկապես որ պահին է իր համար հայտնագործել անկրկնելի Ջեկ Լոնդոնի այն միտքը, թե իսկական ճշմարտությանը կարելի է հասու լինել միայն ճանապարհներին, բայց նրա «Ճանապարհ» գրքից հետևության եմ գալիս, որ ողջ էությունը պարուրած ճշմարտությունը` հավատը մարդու նկատմամբ, դարձել է Զորիի սեփականությունը, երբ նա իր ետևից փակել է ուղևորատար մեքենայի դուռը կամ իջել ինքնաթիռին մոտեցած սանդղակի վերջին աստիճանից: ճշմարտությունը դարձնելով իրենը` նա այն պահպանել է սեփական արժանապատվության նման, պահելով այնքան բարձր, որքան այդ թույլ է տվել «մոլեգնած ծովի ամենաբարձր ալիքը»: Ալիքի կատարին հայտնված մարդը հանկարծակի, զվարթաձայն իր մոտ է կանչում սեփական երեխաներին ու հետո, ուշաթափվելու աստիճան, պայքարում ալիքների դեմ` նրանց փրկելու համար: Իհարկե, աննպատակ չէ այս հիշեցումը սկզբում: Զորին տարերքի` վերակառուցման, վերածնության դժվարին ու պտղաբեր ալիքների մեջ ուղեկցել է, նոր սերնդի հետ ճաշակել հաղթանակի զգացումը, վանել վտանգին ընդառաջ գնալու երկյուղը, վստահություն ներշնչել սեփական ուժերի նկատմամբ: Ծովի ալիքների մեջ, որպես իր ճանապարհ ների ելևէջներ, Զորի Բալայանը ձեռքն այս ու այն կողմ գցելով` փորձում է շալակն առնել, ամեհի ալիքներից խլել Սփյուռքի օջախները և տանել նրանց դեպի փարոս, երջանիկ ափ` Հայաստան»,- գրում է լիտվացի ճանաչված լրագրող-միջազգայնագետ Ալբերտաս Լաուրինչ յուկասը: Զորի Բալայանը ընթերցողին վերջերս ներկայացրեց երկու գիրք` «Անդունդ» և «Զիմ Կիլիկիա»: Վերջինս մեր «Կիլիկիա» նավի տարեգրությունն է, մի նավ, որի անձնակազմի հետ չորսամսյա ուղևորության մեկնեց և ինքը` սրտից երկու անգամ վիրահատված, արդեն 70-ամյա անհանգիստ այդ մարդը: Այստեղ էլ շատերը քմծիծաղով ընդունեցին «Կիլիկիայի» կառուցման ու նավարկման գաղափարը: Սա ի՞նչ երեխայություն է, ինչի՞ համար, չէ՞ որ մենք ծովային տարածքներ չունենք» և այլն, և այլն: Կարդացեք «Զիմ Կիլիկիա» գիրքը, և կզղջաք նման անիմաստ հարցադրումների համար: Այն ամրացնում է հայկական ոգին, սովորեցնում ամուր, աներեր, միասնական լինել: Դրա շնորհիվ է հենց, որ «Կիլիկիան» դիմացավ ահեղ փոթորիկներին ու փորձություններին: Բայց դա միակ բանը չէ: Չէ՞ որ ամեն նավահանգստում, ուր հյուրընկալվել է «Կիլիկիան», տեղի հայերի համար օրը տոն է դարձել, և նրանք արել են նույնիսկ անհնարը, որ անձնակազմը ապահով շարունակի իր ուղին` յոթը ծովերով: Ինչ ոգևորությամբ, ինչ ցնծանքով, ինչ նվիրումով են դիմավորել և ինչ տխրությամբ ու արցունքներով են ճանապարհել հայրենիքում ստեղծված այդ նավը, որը կարծես վերածնվել էր ութ դար հետո և ճեղքում էր ութ դար առաջ իր ճեղքած ալիքները` հենց նույն երթուղում: Բայց սա դեռ գրքի միակ առանցքը չէ: Բալայանը ետ է թերթում պատմության էջերը, վերլուծում Կիլիկիայի հայկական թագավորության բարձրացման ու անկումի մթին ծալքերը, կատարում պատմական մեծագույն ընդհանրացումներ: Այսպես, նա նշում է. «Մեզ կօգնի ունիկալ հայկական պետության հպարտ և միաժամանակ ողբերգական պատմության գործուն իմաստավորումը, որն ընկավ ոչ միայն օբյեկտիվ և ճակատագրական պատճառներով: Դրանք մեծ մասամբ սուբյեկտիվ էին: Դա նշանակում է, որ խոսքը ոչ միայն թշնամիների նենգության և չարագործության մասին է, այլև սեփական սխալների, վրիպումների, զանցանքների, կամա թե ակամա հանցանք ների, որոնք հանգեցրին հայրենիքի կորստին: Խոսքն այն մասին է, որ ոտնահարվել են նախնիների սկզբունքներն ու իմաստությունը, որոնք պնդում էին, թե եթե դաս չքաղես սեփական սխալներից, կդատապարտվես դրանք կրկնելու»: Եվս մի ճշմարտություն, որը ես ընդգծել եմ` ցույց տալու համար Զորի Բալայանի սթափ մտածողությունը. «Կանցնի քառորդ դար, կանցնի մեկ դար, և ո՞վ կհիշի մեր ժամանակների քաղաքական գործիչներին, քաղաքական և ամեն տեսակի պետակառավարման կրքերի մասին: Այն ժամանակ միայն մի բան կարևոր կլինի` գոյություն ունի՞ Հայաստանը: Ազա՞տ է նա: Պահպանվե՞լ են արդյոք մեր բոլոր նվաճումները, որոնք պետք է բազմապատկել»: Որովհետև զուտ քաղաքականությունը, եթե նրան չեն լծվում արարիչ միտքը, գիտնականը, գրողը, արվեստագետը, վաղ թե ուշ կպարտվի: Նման օրինակ նա նշում է` հիշելով Կիլիկիայի պատմությունը. «Պետությունն ուժ և հզորություն էր հավաքում, բացի ամենայնից շնորհիվ այն բանի, որ և° արքան, և° պաշտոնյաները հաշվի էին առնում գրականության և արվեստի գործիչների կարծիքը: Եվ դա տեղի էր ունենում, չնայած այն բանին, որ եկեղեցին հաճախ էր ստանձնում կոպիտ ու կոշտ գրաքննիչի կործանարար դերը»: Գիրքը, որը կարդացվում է մի շնչով, դեռ ավարտված չէ, և Զորի Բալայանը դարձյալ գնացել էր` մասնակցելու «Կիլիկիա» նավի ուղևորության երկրորդ փուլին: Եվ շուտով, շատ շուտով նա մեր սեղանին կդնի «Զիմ Կիլիկիա» գրքի հաջորդ հատորը` ամբողջացնելով և° նավի տարեգրությունը, և° իր հրապարակախոսական տաղանդի այս վերջին արգասիքը: Զորի Բալայանն առասպելի հերոս չէ, ոչ էլ առեղծված: Պարզապես շատ է սիրում Ջեկ Լոնդոնին և ափսոսում ու ցավում, որ կյանքի վերջին, մահվան պահին իր դստերն ուղղված նամակը նա գրել է ոչ թե ճշմարտություն ծնող ճանապարհներին, այլ` անկողնին գամված: «Մահանում է,-խոսում է տողերի միջից Բալայանը,- մահանում է մեր մոլորակի ամենախիզախ մարդկանցից մեկը, իր մոլորակին, կյանքին, աշխարհին սիրահարված մարդը»: Իսկ մեր կողքին ապրում է մեր մոլորակին, կյանքին, աշխարհին սիրահարված մարդը` Զորի Բալայանը, ու որքան էլ նրան սիրելի է ամերիկյան տաղանդավոր անհատն ու հոգեհարազատ, բայց միևնույնն է, նա կյանքի իմաստը հասկացողի պես սիրում է Հայոց Հայկ Նահապետին, նա պարզապես Հայկի լայնալիճ աղեղից դեպի Բելը դուրս թռած հատու նետն է, որի սլացքի ձայնից մնացած արձագանքը դեպի մեզ է գալիս Վանա լճի թիկունքին շարված լեռների գլխից:

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ 2006թ. փետրվարի 10