Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին

 
Նախկին դիվանագետ եւ ռազմածովային ուժերի վետերան Րաֆֆի Գրեգորյանը, որը հայտնի է ԱՄՆ Պետդեպարտամենտում, ՆԱՏՕ-ում և ՄԱԿ-ում իր գործունեությամբ, միացել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդին. նախաձեռնություն, որի համահիմնադիրը նրա հայրն է՝ երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը:
 
Րաֆֆի Գրեգորյանը եղել է ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի ստեղծման ջատագովը՝ 2019 թ. դառնալով առաջին տնօրենը, միաժամանակ ծառայելով որպես Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր քարտուղարի տեղակալների կոմիտեում:
 
Շուրջ 25 տարի հակամարտություններին և հետկոնֆլիկտային մարտահրավերներին առնչվող գործունեություն ծավալելուց հետո՝ Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին` ներդնելու իր փորձառությունը «Ավրորայի»՝ աշխարհը դրականորեն փոխելու ջանքերին: Գրեգորյանն ունի Ջոնս Հոփքինսի միջազգային առաջադիմական հետազոտությունների դպրոցի ռազմավարական գիտությունների դոկտորի աստիճան:
 
- Երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Րաֆֆիին: Նրա նվիրումը խաղաղության եւ արդարության գործին իսկապես ուշագրավ է, - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը: - Իր երկրին անձնուրաց ծառայելուց հետո այժմ նա իր անգնահատելի փորձն է բերում «Ավրորա»՝ օգնելու նախաձեռնությանն իրագործել իր համարձակ առաքելությունը: Ավելին, նա առանցքային դերակատարում կունենա իր հոր ժառանգությունը պահպանելու և առաջ մղելու գործում։
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որն ստեղծվել է 2015 թվականին: «Ավրորան» ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Այն օգնության ձեռք է մեկնել արդեն ավելի քան 3.2 միլիոն մարդու: Նախաձեռնության՝ իր բնույթով եզակի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն աջակցում է աշխարհի տարբեր անկյուններում մարդասիրական գործունեությամբ զբաղվող անհայտ հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություն են իրականացնում ամենախոցելի համայնքներում: Առ այսօր «Ավրորան» նախաձեռնել է և աջակցել ավելի քան 427 նախագծի 56 երկրում և տարածքում:
 
- Ինձ համար մեծ պատիվ է միանալ «Ավրորայի» Տնօրենների խորհրդին։ Այս նախաձեռնությանը միանալն ինձ համար հատուկ նշանակություն ունի, քանի որ «Ավրորան» հորս անչափ հոգեհարազատ էր. կարծես՝ տուն վերադարձած լինեմ,- ասաց նախկին դիվանագետ և ռազմածովային ուժերի վետերան Րաֆֆի Գրեգորյանը: - «Ավրորան» աջակցում է մարդկանց, որոնք վտանգում են սեփական անձը, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ճնշվածներին, ձայնազուրկներին եւ անպաշտպաններին: Ես երախտապարտ եմ այս ջանքերին միանալու հնարավորության համար:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2024 թ. հատուկ միջոցառումները տեղի կունենան մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում՝ Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ համագործակցությամբ: Այնտեղ կհավաքվեն մարդասիրության ոլորտի առաջնորդները՝ քննարկելու համաշխարհային մարդասիրական ամենահրատապ խնդիրները, ինչպես նաեւ հայտարարելու 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը:
 
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: «Ավրորան» էապես բարեփոխել է խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը՝ բացահայտելով և աջակցելով մարդասեր հերոսներին ու նրանց խիզախ գործունեությունը:
 
Աղբյուր` Փաստինֆո