«Մենք նախ պետք է մեր նպատակները ճշգրտենք»․ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
Այսօր՝ մայիսի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած մամլո ասուլիսի սկզբում՝ ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելուց առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդարձակ անդրադարձ է կատարել Իրական Հայաստանի տեսլականի առարկայացման ուղղությամբ նախատեսվող քայլերին։
Ամփոփելով իր խոսքը, նա նշել է․
Եվ հիմա, որպես ամփոփում, ուզում եմ ասել հետևյալը՝ վերջին ասվածի հիման վրա: Այս ամեն ինչը, ինչ որ ասում էի, ունի տեսական նշանակություն, բայց ունի նաև խիստ գործնական նշանակություն, որովհետև հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է հարկավոր, որպեսզի այս ամենն իրականացվի: Այս ամենն իրականացնելու համար հարկավոր է խաղաղություն, և այս է պատճառը, որ կառավարությունը որդեգրել և հետևողականորեն իրագործում է խաղաղության օրակարգը: Եվ, իհարկե, ինչպես նախկինում, հիմա էլ մենք առաջնային ենք համարում, ոչ միայն կառավարությունը, այլև կարծում եմ՝ հանրության շրջանում ամենաշատ քննարկվող հարցն է, անվտանգության հարցը և անվտանգության երաշխիքների հարցը: Եվ, երբ մենք խաղաղության օրակարգը որդեգրել ենք, խաղաղության օրակարգը որդեգրել ենք նաև այն փաստարկի ֆոնին, որ ՀՀ անվտանգության երաշխիքների համակարգը չի գործում ձեզ հայտնի հանգամանքների բերումով, դրա մասին բազմիցս ենք խոսել և ես չեմ ուզում կրկնել, և ես առիթ եմ ունեցել ասելու, որ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը: Եվ մենք խաղաղության օրակարգը որդեգրել ենք՝ որպես ՀՀ անվտանգության ապահովման միջոց և իրագործում ենք՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավորման համակարգ: Մենք շատ ենք խոսում և խոսել ենք այն մասին, թե ինչ պետք է անենք այն պայմաններում, երբ անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան և նախկինում մեր պատկերացրած երաշխիքները չեն գործել:
Մեր մոտեցումը այն է եղել, որ մենք պետք է ստեղծենք այդ անվտանգության երաշխիքները: Եվ ես ուզում եմ արձանագրել, որ այն ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ-ում, հենց անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է: Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշի մարզում՝ ՀՀ-ի անվտանգության երաշխիքների սյուներն են, և մենք ամեն ինչ անում ենք և ամեն ինչ անելու ենք այս սյուները՝ երաշխիքների, ուժեղացնելու և շատացնելու ուղղությամբ:
Հարգելի գործընկերներ, իհարկե, ես չեմ ուզում այս նախաբանը երկար տևի, բայց ևս մի քանի րոպե ուզում եմ անդրադառնալ, իմ կարծիքով, չափազանց կարևոր մի հարցի: Տեսեք, մենք խոսում ենք Իրական Հայաստանի մասին, խոսեցինք տարածքի մասին, կարգավիճակի մասին, տնտեսության մասին, անվտանգության մասին, բայց, իհարկե, պետության համար կարևորագույն և առանցքային նշանակություն ունի նրա արժեքային համակարգը, թե ինչ արժեքների վրա է հիմնվում այդ պետությունը: Եվ պիտի ընդգծեմ, և սա շատ կարևոր ընդգծում է, որ առաջին անգամ 2019 թվականին ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունում է անդրադարձ կատարվել կամ փորձ կատարվել մի փաստաթղթի մեջ ամբողջացնել արժեքային համակարգը, որի վրա հենվում է պետությունը:
Ես արդեն ասացի իմ խոսքում, որ գործընթացները մեզ բերել են այն համոզման, որ Հայաստանի զարգացման ռազմավարությունը վերանայման կարիք ունի: Այս առումով, իհարկե, ես կարծում եմ, և դա ակնհայտ է, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի և այդ վերանայման գործընթացն աշխատանքային մակարդակում սկսվել է: Բայց ես ուզում եմ, նաև կանխորոշելով, որ կարող է նաև այդպիսի հարց ծագել կամ անխուսափելիորեն պիտի ծագի այդ հարցը՝ իսկ արդյո՞ք ես գտնում եմ, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ արձանագրված արժեքային համակարգը և ազգային արժեքները պետք է վերանայվեն: Ես ուզում եմ ասել՝ ո՛չ, ես չեմ գտնում, որ այնտեղ արձանագրված ազգային արժեքները պետք է վերանայվեն: Ես գտնում եմ, որ այնտեղ արձանագրված ազգային արժեքների մասին ձևակերպումները պետք է վերաձևակերպվեն հետևյալ կերպ: Ես հիմա կընթերցեմ այն տարբերակը, որն առաջարկում եմ և առաջարկելու եմ, որպես քննարկման նյութ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման համատեքստում և ընդհանարապես, որպես արժեքային հիմք ՀՀ այս տեսլականի համար: Ըստ այդմ, ՀՀ ժողովրդի ազգային արժեքներն են՝
• Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը,
Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը,
• Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը, էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները,
• Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ՝ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը,
• Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը,
• Հայրենիքը, ընտանիքը, անհատը,
• Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, Քրիստոնեությունը,
• Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը,
• Հայրենի բնաշխարհն իր կենսաբազմազանությամբ,
• Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանք և հանդուրժողականությունը՝ ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ,
• Եղբայրական զգացումներն ու հարաբերություններն ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ,
• Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են ՀՀ ժողովրդի վերը նկարագրված ազգային արժեքները: