«ՄԹՈՒՄ ԿՈՐԱԾ ԽՐՃԻԹՆԵՐԻ...»


 

Հանճարեղ Չարենցը եթե լիներ ժամանակակից Երևանում և երեկոյան ժամերին անցներ մայրաքաղաքի Արամի, Պուշկինի, Բուզանդի փողոցներով, ապա կսարսափեր, որ ժամանակներն առաջ չեն գնացել: Երկրի գլխավոր քաղաքի գլխավոր հրապարակի հարևանությամբ գտնվող այս փողոցներում կատարյալ խավար է տիրում. չկան լապտերներ, ինչն էլ վթարավտանգ իրավիճակների առիթ է դառնում:

Արդեն տևական ժամանակ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության առջև դրվում է փողոցների լուսավորության պահանջը: Լրջագույն խնդիր է համարվում բարեկարգումը, սակայն տարածքը տրամադրելով էլիտար բնակարանաշինությանը, տեղական իշխանությունները դույզն-ինչ հոգ չեն տանում լուսավորության ու բարեկարգման մասին` մայրաքաղաքի կենտրոնը դարձնելով անհրապուրիչ: Կարծես ավերակույտեր են այստեղ հավաքվել, որոնք մարդիկ թռչկոտելով են հաղթահարում:

Երևանի քաղաքապետարանում ամեն տարի խոստումներ են տալիս գլխավոր և երկրորդական փողոցների լուսավորության կարգավորման մասին: Սակայն խոստումները գործի չեն վերածվում` ոչ թե քաղաքապետարանի, այլ վարչական շրջանների կառավարիչների մեղքով: Սրանք երևի տեղյակ էլ չեն, թե ինչ վիճակ է տիրում իրենց ղեկաված շրջաններում:

Հերթական լուսաբացը ոստիկանության Կենտրոնականի բաժնի հերթապահ ոստիկանների համար խաղաղ շարունակություն չունեցավ: Ժամը 05.50-ի սահմաններում ահազանգ հնչեց, որ Մամուլի տան հարևանությամբ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին հաջողվեց պարզել, որ դիմակավորված անհայտ անձը ժամը 05.45-ին ներխուժել է Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գործող «Գիգա» մթերային խանութն ու ատրճանակի սպառնալիքով 26-ամյա աշխատակցից` Էմին Հ.-ից, գումար պահանջել, սակայն ոչինչ չստանալով` դիմել է փախուստի:

Դեպքը, բարեբախտաբար, ծանր հետևանքներ չի ունեցել, սակայն մտահոգիչ է այն իրողությունը, որ հանցագործը զինված է եղել հրազենով: Այն էլ` իր հանցավոր մտադրութ յունը փորձել է իրականացնել ոչ թե խուլ ու ամայի մի վայրում, այլ օրվա մեծ մասը մարդաշատ Մամուլի տան հարևանությամբ, որտեղ նույնիսկ գիշերային ժամերին լրագրողներ են ելումուտ անում:

Հուսանք, որ ոստիկանությունը, հավատարիմ վերջին ամիսների գործելակերպին, հնարավորինս արագ կհայտնաբերի և կոլորի հանդուգն ավազակի ձեռքերը: