ՊԱՅՄԱՆԱԿԱՆ «ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»


Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. մի կողմից մամուլը սկսել է լրջորեն «անհանգստանալ» հին խորհրդարանում առավելապես կոճակ սեղմող և, մեղմ ասած, գիտելիքներով ու գրագիտությամբ աչքի չընկնող պատգամավորների համար: Մյուս կողմից էլ այդ նույն թերթերում վերաառաջադրվելու մասին տպագրվող վերջիններիս հայտարարություններն արդեն կարելի է ամփոփված, ամբողջացած համարել: Անկեղծ ասած` վերոնշվածը սովորական նախընտրական գործընթացներից ոչնչով չի առանձնանում, և տարօրինակն էլ հենց այդ է… Մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ մեկեն ու նորից չափազանց անհետաքրքիր դառնա, եթե պարզվի, որ նոր խորհրդարանը նախորդներից ոչնչով չի տարբերվելու: Նման պարագայում սպասվող ընտրությունները, լարվող իրավիճակն ու վատնվող աստղաբաշխական գումարներն անգամ անտեղի և իզուր կարելի է համարել… Իսկ խնդրի լուծումը բավական տեսանելի է. կարելի էր համապատասխան որոշմամբ գործող Ազգային ժողովի լիազորությունները էլի մի քանի տարով երկարացնել և… վերջ: Այնուհանդերձ, մնանք լավատես ու նկատենք, որ այստեղ նույնպես ակնհայտորեն խտրականություն է ցուցաբերվում: Այսպես, մայրենիի վատ իմացության համար շարունա կաբար մեղադրվում է ռուսական կրթությամբ և մեծամասամբ Հայաստանից հեռու ապրած մի մարդ` Տիգրան Կարապետյանը: Կարծեք թե կոճակ սեղմող բնիկ երևանցիները, ովքեր երբևէ Հանրապետությունից դուրս չեն բնակվել և ուղիղ մեկ տասնամյակ հայկական դպրոցներ են հաճախել, ավելի լավ հայերեն գիտեն ու ավելի գրագետ են: Ավելին, Կարապետիչը երբևէ պատգամավոր չի եղել ու դեռ հարց է, թե նոր խորհրդարանում նա կընտրվի՞, թե ոչ: Իսկ երեք-չորս անգամ վերընտրվածներին երկարամյա անգործության ու տարիների ժամավաճառության համար որևէ մեկը կարծեք թե չի էլ փորձում մեղադրել ու հաշիվ պահանջել: Թերևս «խառնվելու» կարիք էլ չկա: Ի՞նչ է կատարվում ՍԻՄ-ում… ճիշտն ասած` որոշել էինք ձեռնպահ մնալ այս թեմայից` հույսով, որ Հրանտ Խաչատրյանին և Հայկ Բաբուխանյանին կհաջողվի վերջապես գտնել թեժացած ներկուսակցական խնդիրների լուծման բանալին: Բայց, ցավոք, գործը հասավ ձեռնամարտի, և Հրանտը հայրական ապտակով «նախշեց» Հայկին: Դե ինչ, սրանից էլ օգուտ չկա, առավել ևս` հարցի լուծման հեռանկար ու հույս: Ժամանակին էլ Պարույր Հայրիկյանը նման մի ապտակ «շնորհեց» Արամազդ Զաքարյանին, և երկուսի համար էլ արդյունքը քաղաքական ինքնաոչնչացումը եղավ: Թե ով շահեց դրանից` դժվար է ասել, բայց որ երկու կողմն էլ տուժեցին` փաստ է: Գաղտնիք չէ, որ կուսակցության գրասենյակի ներսում և դրսում հայտնված ՍԻՄ-ականները նույնպես ցանկանում են ներգրավվել առաջիկա քարոզարշավում և տեղ ունենալ նոր խորհրդարանում: Ավելին, հընթացս գզվռտոցին նրանք մեղադրում են իրար` քարոզարշավը ձախողելու հարցում: Առանց այդ էլ այն գրեթե տապալված կարելի է համարել, բայց չանտեսենք նաև, որ ոչ Հրանտ Խաչատրյանը և ոչ էլ Հայկ Բաբուխանյանը կոճակ սեղմողների «դասակարգից» չեն: Ասել է թե` քաղաքական դաշտում հնաբնակ և իրենց կայուն ու սկզբունքային կեցվածքով առանձնացած այս գործիչներից նման բաներ սպասելը մինչև վերջերս ուղղակի անհնարին էր: Ուստիև, այսքանից հետո զարմանալը կամ, առավել ևս` պայմանական դասակարգումներ գտնելն ու դրանց միջև տարբերություններ փնտրելն անգամ անիմաստ է: Քաղաքականության դինամիկան առավել կարևոր է, քան մեխանիկան Վերջերս արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող «Ավանգարդի» թղթակցի հարցին, Ռուսաստանի նախագահ Վլ. Պուտինը մասնավորապես ընդգծեց` - Հայ ժողովրդի հետ մեր հարաբերությունները լավագույնն են: Այդ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով` և քաղաքական, և° տնտեսական, և° անվտանգության բնագավառներում: Ինձ համար նույնիսկ դժվար է հիշել որևէ բնագավառ, որտեղ մեզ համար կարող էին լինել անլուծելի հիմնախնդիրներ: Պուտինը իրոք անկեղծ էր, և իր տված գնահատականները հավուր պատշաճի հնչեցրած խոսքեր չէին: Հիշեցնենք, որ տվյալ ասուլիսից օրեր առաջ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ Վլ. Պուտինը շեշտել էր, որ Ռուսաստանը կտրուկ մեծացնելու է ներդրումների ծավալը Հայաստանում: Տարիներ շարունակ փորձագետներն իրավացիորեն պնդել են, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում քաղաքական համագործակցության մակարդակին: Այսօր արդեն վստահ կարելի է ասել, որ Ռուսաստանից Հայաստան խոշոր ներդրումների հոսքն անպայման ապահովվելու է: Եթե պայմանականորեն առաջնորդվենք հայրենի քաղաքագետների` վաղուց արդեն կարծրատիպային դարձած վերլուծական տրամաբանությամբ, ապա պետք է ենթադրենք, որ հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը ապահովվում է Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի «հաշվին»: Մեր քաղաքական մեկնաբաններին անհնար է համոզել, որ կարելի է առանց Արևմուտքին «քցելու» հյուսիսային հարևանի հետ համագործակցության բարձր մակարդակ ապահովել: Եվ հակառակը, եթե Արևմուտքի համակրանքին ես արժանանում, ապա անպայման պետք է «փչացնես» Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Զուտ ձևական տրամաբանությանը մեխանիկորեն տուրք տալու դեպքում սույն մեկնաբաններին կարելի է հասկանալ: Բայց, վերջիններս էլ, ռեալ փաստերի ճնշման տակ, ի վերջո պետք է իրենք իրենց հարց ուղղեն. այդ ինչպե՞ս է, որ հայ-ռուսական հարաբերությունների վերելքի պայմաններում, այսօրվա դրությամբ Հայաստանը վայելում է թե եվրոպական կառույցների և թե° ԱՄՆ-ի բարյացկամ վերաբերմունքը: Վերջերս Եվրախորհրդի զեկույցում մեծամասամբ դրական գնահատականներ հնչեցին Հայաստանի հասցեին: ԱՄՆ-ից էլ բացասական ազդակներ չեն նկատվում: Իհարկե, ԱՄՆ ոչ կառավարական կազմակերպությունների զեկույցներում հնչում են երբեմն կոշտ քննադատություններ պարունակող գնահատականներ, սակայն պաշտոնական «հարթությունում» ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները, հատկապես վերջին երկու տարիներին, պատշաճ մակարդակի վրա են: Ի դեպ, ինչն է առավել հետաքրքիրը. ընդդիմադիր ուժերի շահերը սպասարկող քաղաքագետները, անընդհատ թմբկահարելով, թե Հայաստանը վասալական կախման մեջ է գտնվում Ռուսաստանից` ըստ այդմ խիստ նվազեցնելով անկախ պետությանը բնորոշ սուվերենության աստիճանը, մյուս կողմից` գրեթե բացահայտ քննադատում են ամերիկյան վարչակազմին, որ սատարում է ՀՀ իշխանություններին: Ոչ միայն չի օգնում ընդդիմությանը` Ուկրաինայի և Վրաստանի օրինակով հեղափոխություն իրագործել, այլ նույնիսկ խանգարում է: Ընդդիմադիր մամուլում հաճախ էին հանդիպում հրապարակումներ, որ ԱՄՆ, այժմ արդեն նախկին դեսպան Ջ. Էվանսի հետ մտերիմ հարաբերություններ է պահպանում Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ելնելով այդ հանգամանքից, «էքստրեմիստ» փորձագետները մանկամտորեն կարծում էին, որ ճիշտ է, Էվանսը ԱՄՆ թիվ 1 պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, բայց վերջինս «դավաճանում» է հարազատ հայրենիքին և կառավարությանը` իրականացնելով ՀՀ-ում ԱՄՆ վարչակազմին տրամագծորեն հակադրվող գործունեություն: Այս տեսակետը, որ բավական հաճախ է հնչել հայրենի մամուլում (ցեղասպանության վերաբերյալ Էվանսի անձնական տեսակետը բոլորովին այլ հարց է), բնականաբար, աբսուրդ է և կատարյալ անհեթեթություն: Միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ վարչակազմի ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակավ հայտարարեցին, որ իրենք դեմ են ՀՀ-ում իրադարձությունների զարգացման հեղափոխական ճանապարհին և նախընտրելի են համարում էվոլյուցիոն գործընթացները, ընդդիմադիր քաղաքագետները սթափվեցին և դադարեցին հեղափոխության ձախողման մեղքը բարդել Էվանսի վրա` դարձնելով նրան քավության նոխազ: Մի խոսքով, հայաստանյան ընդդիմությունը ոչ մի կերպ գլուխ չի հանում, թե ինչպես է ՀՀ իշխանություններին հաջողվում իրավիճակը արտաքին հարաբերություններում պահել այնպես, որ «և° գայլերը կուշտ լինեն, և° ոչխարները ողջ մնան»: Ահա հենց այդ պատճառով էլ ընկնում է հակասության մեջ և սեփական զայրույթը արտահայտում Հայաստանի արտաքին` փոխլրացման քաղաքականությունը պարբերաբար հայհոյելով: Ասենք, իր շահերի տեսանկյունից` ճիշտ էլ անում է, որովհետև հենց այդ քաղաքականության պատճառով է, որ ՀՀ իշխանությունները կարողանում են միաժամանակ լինել և° Ռուսաստանի, և° Արևմուտքի «աչքի լույսը», իսկ իրենց ոչ մի կերպ չի հաջողվում արժանանալ գերտերություն ների համակրանքին: Ճիշտ է, ընդդիմադիր քաղաքական գործիչները հաճախ են փորձում «շիրա տալ» թե° ԱՄՆ-ի, թե° Ռուսաստանի իշխանություններին, որ Հայաստանի «բանուգործը» մերթ` մեկին, մերթ` մյուսին «քցելն» է, բայց բնական է` այդ ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս և չէին էլ կարող տալ, քանի որ գերտերությունների ղեկավարները հիանալի հասկանում են` իրենք «քցվա՞ծ» են, թե՞ ոչ: Ուրեմն մանկամտություն կլիներ հուսալ, թե ՀՀ ընդդիմության «կուտը» հնարավոր է` «ուտեն»: Իսկ գլուխկոտրուկներից և արհեստական պարադոքսներից ձերբազատվելու լավագույն ելքը աշխարհաքաղաքական գործընթացների փոքր ինչ խորքային շերտ ներթափան ցելն ու վերլուծելն է: Պարզունակ ու մակերեսային դիտարկումները, «հասցնում» են կարծրատիպային, կեղծ աքսիոմատիկ եզրահանգումների: Քաղաքականությունը նույնպես դիմանիկա է և չի «հանդուրժում» ամեն ինչի բացարձականացում: Սա բացառելու դեպքում դժվար չէ հասկանալ, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում միայն շահերի հակադրումը չէ, որ մշտապես գերիշխող է: Ժամանակային տարբեր փուլերում, երկու գերտերությունների միջև ի հայտ են գալիս շահերի համադրման միտումներ: Երբեմն (վերջերս ավելի հաճախ), մասնավորապես մեր տարածաշրջանում, շահերի «տեղաբաշխման» համեմատաբար խաղաղ գործընթացում ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարողանում են փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել: Ահա այս «հողի» վրա է աճում և պտուղներ տալիս ՀՀ փոխլրացման քաղաքականությունը: Այնպես որ, ամեն ինչ առավել քան պարզ է, հասկանալի, և անիմաստ է ընդդիմադիրների փնտրտուքը` գտնելու, թե «որտեղ է թաղված շան գլուխը»:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ