183¬ամյա գյուղի 60-ամյա տարեգիրը


Հիմա արդեն Արագածոտնի մարզի, նախկինում` Ապարանի շրջանի Վարդենիս գյուղի ճշմարիտ տարեգրությունը կարելի է համարել համայնքի պատվավոր քաղաքացի Տիգրան ՀԱՅԱԶՆԻ «Վարդենիս» գիրքը, որը հեղինակն իրավամբ հանրագիտարան է անվանել: Համայնքի պատվավոր քաղաքացին Տ. Հայազնի միակ կոչումը չէ. հասարակական¬քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան, մատենագետ, պատմաբան, լրագրող, ՀՀ բանակի փոխգնդապետ, Երևանի «ԵՐԱ» բիզնեսի և քաղաքականության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր… Թվարկումը կարելի է շարունակել: Սակայն ավելի կարևոր է այն իրողությունը, որ այդ ամենի կրողն իրեն պարտավորված է զգում` ներդրում ունենալ, օգտակար ինչ¬որ գործ կատարել այնտեղ, ուր վստահում են իրեն: Գյուղի նկարագրության մեջ ու նրա զավակների մասին հակիրճ պատմություններում այնքան ջերմություն կա, որ առաջին իսկ տողերից համոզվում ես` հիրավի հոգու թելադրանքով է Հայազնը ձեռնամուխ եղել շնորհակալ այդ գործին` կերտելով գրեղեն հուշարձան թե´ անցավորաց, թե´ ապրող վարդենիսցիների համար ու թե´ գալիք սերունդներին փոխանցելու հայրենի եզերքի հմայքը: Օրրան, որը 2008¬ին նշեց վերաբնակեցման 180¬ամյակը: - 1828 թվականի աշնանը Խոյից, Բայազեդից, Մուշից ներգաղթած 46 ընտանիք հաստատվել է Ապարանի գավառի 5 հազարամյա պատմական Վարդենիս գյուղում,¬ հակիրճ ու խոսուն ծանուցում է գրքի բնաբանը: Եվ նույն` փաստագրության ոճով է ամբողջ գիրքը, առանց անհարկի գեղեցկախոսության, սակայն շա˜տ տարողունակ: Առանձին ցանկերով ներկայացված են գյուղի պատմամշակութային արժեքները, Երկրորդ աշխարհամարտի և, իհարկե, Արցախյան ազատամարտի մասնակից վարդենիսցիներ, որոնցից շատերն իրենց կյանքի գնով են պաշտպանել մեր երկիրը: Հեղինակը չէր կարող շրջանցել նաև բազմազավակ մայրերին, տարբեր ժամանակներում պաշտոնավարած համագյուղացիներին… Գրքին ծանոթանալիս` հանկարծ «հայտնաբերեցինք», որ վերջերս բոլորել է հեղինակի` Տիգրան Հայազնի ծննդյան 60 տարին: Սիրով միանում ենք այդ առիթով հնչած բոլոր բարի ցանկություններին` մաղթելով առողջություն, բոլոր ծագրերի իրագործում:

«ԱՎԱՆԳԱՐԴ»