Երկնային կաթիլի մաքրությամբ


Գեղաոճ երկաթակուռ դռնից ներս մտնելուն պես մոռանում ես, որ գտնվում ես բնակելի շենքի նկուղային հարկում: Մոտ 30 տարի նույն սրտամոտ մթնոլորտն ես գտնում Երևանի կամերային թատրոնում` հենց շեմքից քեզ շրջապատված զգալով ընտանեկան ջերմությամբ: Նվիրյալ համախոհների համերաշխությամբ էլ իր տեղն է հաստատել մեր արդի մշակութային կյանքում ինքնատիպ գոյության իրավունքը ջարդարար քննադատության բովում թրծած այս ստեղծագործական կոլեկտիվը: Կայացման փշոտ ճանապարհին չի խոտորվել «հանդիսատեսի հետ նույնացման» որդեգրած թատերահավատամքից` ձեռք բերելով մշտական հանդիսատես և, որ պակաս կարևոր չէ, պետության ու գործընկերների բարեհաճություն: Մշտահոլով բազմազան գործունեությամբ կարողանում է հնարամտորեն դիմագրավել «շուկայական» կոչված անկայուն հարաբերությունների կապանքների արվեստախեղդ ճնշմանը, ամենատարբեր նախագծեր մտահղանալ ու կյանքի կոչել: Հերթական մշակութանպաստ գաղափարի իրականացման ազդականչը` հիմնադիր գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյանի շուրջ խմբված թատերամշակների միահամուռ ջանքերով, մեկտեղեց ստեղծագործական մտավորականության ամենաակտիվ ներկայացուցիչներին: Նոր մշակութային կենտրոնի ծննդյան տոնակատարությունը Կամերայինի արվեստախորհուրդ վերնասրահում հավաքվածներիս փոքրածավալ թատերահանդիսության շուքով հմայեց: Շնորհալի դերասան Մխիթար Ավետիսյանի հրապարակած հիմնարար կրեդոյի նպատակամետ բովանդակությանը` «Երկաթ»-ի գործունեության դրույթներին մեր համաձայնությունը վավերացրինք սեփական մատնահետքերի եռագույն դրոշմներով յուրատիպ ծննդյան վկայական -մագաղաթին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ընտանեվարի մասնակցությունը հույս ներշնչեց, որ Հայաստանը տարածաշրջանի մշակութային կենտրոն դարձնելու նպատակամղվածությամբ նոր մարտավարություն ձևավորող ներկա կառավարությունը ականջալուր կլինի անկեղծության տրամադրող այս հարկի ներքո պարբերաբար անցկացվելիք ստեղծագործական հավաքներում հնչեցված լրջմիտ առաջարկներին և կայացնող շրջահայացությամբ կաջակցի հրատապների անհետաձգելի կենսագործմանը: Արդի մշակութային դաշտը առողջացնելուն միտված խոսակցությունները շարունակվեցին մինչ ուշ գիշեր` անհրաժեշտությունը այս կենտրոնի ստեղծման կասկածից վեր էր: Անվան խորհուրդը, որ գտնվել էր հնօրյա մագաղաթներում (ժամանակին երկնային ապարներին, յուրահնար մշակմամբ, մեր նախնիները զարմանահրաշ իրեղեն երկաթակուռ ու նրբազարդ արտահայտություններ են տվել), հավատընծա էր դարձնում նախաձեռնող խմբի խանդավառությունը ստանձնած առաքելությամբ` երկնային կաթիլի մաքրությամբ հագեցնել արդի տարատեսակ մշակութային արտադրանքի բովանդակությունը, ժամանակին համահունչ արտահայտչականությունը` հնավանդ քաղաքակիրթ ազգին հարիր բարձր արվեստի չափանիշների խորազնին հստակեցմամբ, ճշմարիտ արվեստասիրության համատարած վերահաստատմամբ: Ուշադրության կենտրոնում պահելով արդի թատերարվեստի կոնկրետ ստեղծագործությունների անաչառ արժևորումը` «Երկաթ»-ն իր հետաքրքրությունների տիրույթում մտադիր է ներառել նրա սինթետիկ բոլոր տարրերի ուշագրավ դրսևորումները` տարոլորտ արվեստագետների գնահատականների համադրությամբ փորձելով առողջացնել առկա արարչական գործընթացների ընդհանուր միջավայրը, հաղթահարել հասարակական թյուր կարծիքի կարծրացումը: Հատուկ խնամքով ուղղորդվելու է երիտասարդների մասնագիտական հասունացումը մտահղացած նախագծերի քննարկումից մինչև իրագործման ուղիների հարթումը: Գեղեցիկի երբեմնի համարումը վերականգնող բազում կոնկրետ առաջարկների կենսական անխաթար անդրադարձները շուտով տեսնելու առաջնահերթ պայմանը ստեղծագործական մտավորականության ներկա ներուժի ջանքերի միավորված գործադրումն է ձեռնարկվող աշխատանքներում: Այնպես որ, անելիք շատ կա բոլորիս համար: Ուրեմն, ի գործ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ